Մեծ Եղբայր (երբեմն թարգմանում են նաև որպես Ավագ Եղբայր) (անգլ.՝ Big Brother), Ջորջ Օրուելի «1984» վեպի հերոս, Օվկիանիա պետության և «Անգսոց» կուսակցության միանձնյա ղեկավարը։ «Մեծ եղբայր» եզրույթը կիրառվում է բնորոշելու բոլոր այն ինստիտուտների և կառույցների ամբողջությունը, որոնք ոտնձգություն են կատարում մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների և նրա անձնական կյանքի նկատմամբ։

«1984» վեպի հերոս Մեծ Եղբայրը ցուցապաստառի վրա

ԿերպարըԽմբագրել

«Մեծ եղբայր»-ը նկարագրվում է որպես սև բեղերով տղամարդ, ով մոտավորապես 45 տարեկան է. ունի կոշտ, սակայն միևնույն ժամանակ գրավիչ դեմք։ Գրքում «Մեծ եղբոր» դեմքը ցուցադրվում է Լոնդոնի ողջ տարածքում կախված բազմաթիվ ցուցապաստառներում։

 
- Յուրաքանչյուր հրապարակում պատից նայում էր միևնույն դեմքը։ Դիմանկարն այնպես էր արված, որ ուր էլ որ կանգնեիր, աչքերը քեզ բաց չէին թողնում։ ՄԵԾ ԵՂԲԱՅՐԸ ՀԵՏԵՎՈՒՄ Է ՔԵԶ,- ասվում էր գրության մեջ։ «1984», մաս առաջին, գլուխ առաջին։
 


Հեռուստահաղորդումներում նա հանդես է գալիս որպես ողջ Օվկիանիայի անսխալական առաջնորդ։ Արդյոք գոյություն ունի Ավագ Եղբայրը որպես անձ, թե միայն քարոզչության կողմից ստեղծված կերպար է, ոչ ոքի հայտնի չէ։ Գլխավոր հերոս Ուինսթոն Սմիթը հարցնում է իր դահիճ Օ'Բրայենին. «Արդյոք նա գոյություն ունի այն իմաստով, որով ես գոյություն ունեմ»։ Օ'Բրայենը պատասխանում է, որ Ավագ Եղբայրը անմահ է և գոյություն ունի որպես կուսակցության մարմնավորում։

Ճանապարհ դեպի իշխանությունԽմբագրել

Մեծ Եղբայրը հիսունական թվականներին Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած հեղափոխության առաջնորդներից մեկն էր եղել։ Ավագ Եղբոր միահեծան իշխանության հաստատումը սկսվել էր 1960 թ.-ին. այդ ժամանակ էլ սկսվում է հեղափոխությանն անմիջականորեն մասնակցած կուսակցական ղեկավարների ջարդը։ Մասնավորապես, վաթսունական թվականների կեսերին կեղծ մեղադրանքներով մահապատժի են ենթարկվել կուսակցական ղեկավարներ Ջոնսը, Արոնսոնը և Ռեզերֆորդը, իսկ Էմանուել Գոլդսթեյնը փախել էր երկրից։ 1970-ական թթ.-ի սկզբին Ավագ Եղբայրը դառնում է Օվկիանիայի միանձնյա առաջնորդը։ Նրա իշխանության գալուց հետո ամբողջությամբ վերաշարադրվում է Օվկիանիայի պատմությունը, Ավագ Եղբայրը դառնում է նրա միակ գործող անձը և կուսակցական առաջնորդը դեռևս մինչհեղափոխական ժամանակաշրջանից։

Հնարավոր նախատիպերըԽմբագրել

 
«Երկիրը քո կարիքն ունի», Հորացիո Կիտչեները Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակվա անգլիալեզու ցուցապաստառի վրա
 
Իոսիֆ Ստալին` Մեծ Եղբոր հնարավոր նախատիպերից

Գոյություն ունի մի քանի տարբերակ, թե ով կարող է իրականում լինել Ավագ Եղբոր նախատիպը։ Օվկիանիայի բռնապետի որպես հնարավոր նախատիպեր նշում են Իոսիֆ Ստալինին և Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայի ռազմական նախարար Հորացիո Հերբերտ Կիտչեներին[1]։ Այս մարդկանց արտաքինը և կառավարման ոճը համընկնում է վեպում նկարագրված Մեծ Եղբոր կերպարի հետ։

Թարգմանության խնդիրներըԽմբագրել

Խոսակցական անգլերենում «Մեծ Եղբայր»-ը նշանակում է (անգլ. «Big Brother») «ավագ եղբայր», այսինքն եղբայր, որը մեծ է ոչ թե չափսերով, այլ տարիքով։ Ռուսերեն մի շարք թարգմանություններում տարածված է «ավագ եղբայր» տարբերակը, իսկ ահա վեպի ֆրանսերեն թարգմանությունում թողնվել է հենց անգլերեն տարբերակը՝ «Big Brother»։

Զանգվածային մշակույթումԽմբագրել

Վեպի հրատարակությունից հետո «Մեծ Եղբայր» անվանումը հատուկ դարձավ այնպիսի պետությունների և կազմակերպությունների համար, որոնք փորձում են ամբողջական վերահսկողություն հաստատել իրենց ենթակաների կամ ողջ ազգաբնակչության վրա։

1998 թ.-ին սահմանվել է ամենամյա «Մեծ Եղբոր մրցանակ»-ը, որը տրվում է կազմակերպության կամ պետության կողմից սեփական քաղաքացիների իրավունքների ամենաբիրտ խախտումների համար[2]։

ԾանոթագրություններԽմբագրել