Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ 1984 (այլ կիրառումներ)

«1984» (Հազար Ինը Հարյուր Ութսունչորս), բրիտանացի գրող Ջորջ Օրուելի հակաուտոպիական վեպը, որը լույս է տեսել 1949 թվականին (գրքի հիմնական մասը գրվել է 1948 թվականին)։ Վեպում պատկերված է արևմտյան քաղաքակրթությունը մ․թ․ 1984 թվականին, երբ անհատը կործանվում է ամբողջատիրական համակարգի դեմ ընդվզել փորձելիս։ «1984»-ը զգուշացում է Նացիստական Գերմանիայի, Ստալինի ղեկավարության տակ գտնվող Խորհրդային Միության և նման բռնատիրական ռեժիմների դեմ։ Օրուելի հանրահայտ գիրքը նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին անգամ լույս տեսավ միայն 1988 թվականին։ Այս հանգամանքը միանգամայն բնական է, քանզի վեպի քննադատական շեշտադրումներն ու ընդհանրացումները ամբողջատիրական գաղափարախոսության ու համակարգի դեմ, չէին կարող աննկատ մնալ մի երկրում, որն ամբողջապես թաղված էր այդ ճահճի մեջ։ Մյուս կողմից վեպը շարունականում էր «Անասնաֆերմա» վիպակի մոտիվները, որտեղ ակնարկները 1917 թվականի հոկտեմբերյան հեղաշրջման և դրա հետա զարգացումների և, ընդհանրապես, աշխարհաքաղաքական տիրապետող միտումների, քաղաքական դեմքերի վերաբերյալ կոնկրետացված էին։

1984
անգլ.՝ Nineteen Eighty-Four
ՀեղինակՋորջ Օրվել[1][2]
Անվանվել է1984[3]
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրսոցիալական ֆանտաստիկա, քաղաքական ֆանտաստիկա[4], գիտական ֆանտաստիկա և հակաուտոպիստական գրականություն
Թեմաոստիկանական պետություն, մարդու իրավունքներ, մտքի ազատություն և ամբողջատիրություն
Բնօրինակ լեզուանգլերեն և Նորալեզու[5]
Կերպար(ներ)Ուինսթոն Սմիթ[3], Ջուլիա[3], Մեծ Եղբայր[3], Օ'Բրայեն[3] և Էմանուել Գոլդսթայն[3]
Ստեղծման տարեթիվ1948
Նկարագրում էԼոնդոն[3] և Օվկիանիա
ՆախորդԱնասնաֆերմա
Երկիր Միացյալ Թագավորություն
Հրատարակման տարեթիվ1949[6]
Թվային տարբերակfadedpage.com/showbook.php?pid=20120511
Պարգև(ներ)
Վիքիքաղվածք1984
 Nineteen Eighty-Four Վիքիպահեստում

Բայց վեպի ներքին գաղտնագրերն ավելի խոր շերտեր ու ակնարկներ էին պարունակում, ուստի հասկանալի էին նաև վեպի տպագրության ու վաճառքի արգելման, սուբյեկտիվ մեկնաբանման ու արհամարհման այն դեպքերը, որ գրանցվեցին նաև ԽՍՀՄ տարածքից ու սոցճամբարի երկրներից դուրս։ Մասնավորապես՝ բազմաթիվ են Արևմուտքի երկրների ձախակողմյան ուժերի քննադատությունները։ Իսկ ամենից հաճախ վեպի հետ կապված արգելանքներ են եղել ԱՄՆ տարբեր նահանգներում։

Ընդհանրապես՝ հրատարակումից գրեթե անմիջապես հետո և մոտ 50 տարի շարունակ անընդհատ փորձեր են արվել «1984»-ը հանել հատկապես դպրոցական գրադարաններից։

Ուսումնասիրելով ամերիկյան դպրոցներում արգելված գրքերի 1965-1982 թվականների վիճակագրությունը, Լի Բերեսն իր «Հանրահայտ արգելված գրքեր» աշխատության առաջաբանում առանձացնում է 30 այդպիսի գիրք։ Ընդ որում՝ Օրուելի «1984»-ը դրանց շարքում 5-րդն է։ Ուշագրավ է, որ վեպի արգելքնը ամերիկյան դպրոցներում առավել սաստիկ է եղել 1960-1970 թվականներին, երբ չափազանց մեծ էր ԽՍՀՄ-ի հետ պատերազմ սկսելու հավանականությունը։

Հիմնականում վեպը քարկոծվում էր իր անբարոյական ու բաց տեսարանների համար, որոնք կարող էին բացասաբար ազդել դեռահասների հոգեբանության վրա։ Բայց առավել ուշագրավ են վեպն արգելելու քաղաքական դրդապատճառները, որոնք տարբեր ժամանակներում ակնհայտորեն հակասում են իրար։ Յուրաքանչյուր քաղաքական իրադրություն, ըստ ամենայնի, իր դերն է խաղացել արգելանք դնելու, ապա այդ արգելանքն հանելու պատճառաբանության հարցում։ Այդպես, մեկ անգամ ԱՄՆ-ում վեպն արգելվել է այն պատճառաբանությամբ, որ կոմունիզմն այստեղ ներկայացված է բարենպաստ լույսի ներքո, իսկ որոշ ժամանակ արգելքը հանվել է այն փաստարկով, որ գիրքը հրաշալիորեն պատկերում է, թե ինչ է իրականում կատարվում ամբողջատիրական համակարգում։ Հետաքրքիր է, որ ընդհուպ մինչև վերջերս, «1984»-ը թույլատրված է ամերիկյան դպրոցական գրադարանների 43 տոկոսում միայն։

Օրուելի վեպի վերնագիրն ու ԽՍՀՄ-ում հենց 1984 թվականից սկսած գորբաչովյան հայտնի «պերեստրոյկան» որոշակի առեղծվածայնություն հողորդեց վեպին։ Իրականում՝ «1984» վերնագիրը Օրուելի հրատարակիչ Ֆրեդ Ուորբուրգինն է, որով նա փորձում էր գրավել ընթերցողներին։ Նախնական մտահղացմամբ վեպը ունեցել է «Եվրոպայի վերջին մարդը» վերնագիրը։ Այնուամենայնիվ, ինչո՞ւ հենց «1984», այդպես էլ առեղծված է մնում։ Ամենահավանական տարբերակն այն է, որ Ուորբուրգը պարզապես խաղարկել է վեպի ստեղծման տարեթիվը՝ 1948։

Հանրահայտ է դարձել վեպի «Մեծ Եղբայր» կերպարը՝ Օվկիանիայի տիրակալը, որի պատկերը փակցված է ամենուր «Մեծ Եղբայրը տեսնում է քեզ» մակագրությամբ։

2009 թվականին The Times լրագիրը վեպն ընդգրկել է վերջին 60 տարում հրատարակված 60 լավագույն գրքերի ցանկում, իսկ Newsweek հանդեսը բոլոր ժամանակների և ժողովուրդների 100 լավագույն գրքերի շարքում «1984»-ին հատկացրել է երկրորդ տեղը։

Սյուժեն խմբագրել

Գրքի գլխավոր կերպարը՝ Ուինսթոն Սմիթը, ապրում է Լոնդոնում, աշխատում է «Ճշմարտության նախարարությունում» («Նախաճշտում»), որտեղ կառավարության պատվերով կատարվում է պատմական փաստաթղթերի, արձանագրությունների ու գրքերի կեղծումներ՝ իշխանության տեսակետներին համապատասխանեցնելու համար։ Նա չի կիսում կուսակցական լոզունգները և գաղափարախոսությունը և հոգու խորքում ամեն բանի հանդեպ հիմնարար կասկած ունի։ Որպեսզի ինչ-որ կերպ թեթևացնի հոգին, օրագիր է պահում, որտեղ գրանցում է իր բոլոր կասկածները։

Ուինսթոնն արտաքին կուսակցության անդամ է (Օվկիանիայի ազգաբնակչությունը բաժանված է երեք խավի․ Ներքին կուսակցության անդամներ, Արտաքին կուսակցության անդամներ և պրոլներ)։ Նա թեև բարեխիղճ աշխատող է, սակայն ներքուստ ատում է Կուսակցությունը և Մեծ Եղբորը։ Արտաքուստ շարունակում է ձևացնել, թե հավատարիմ է կուսակցական գաղափարներին։ Կասկած ունի, որ Ջուլիա անունով իր գործընկերուհին նախարարությունում լրտեսում է իրեն։ Միաժամանակ կասկած ունի, որ ներքին կուսակցության անդամ Օբրայենը նույնպես չի կիսում իր կուսակցության գաղափարները և ընդհատակյա հեղափոխական է։ Մի օր պրոլետարիատի շրջանում հայտնվելով՝ նա մտնում է հին իրերի խանութի տիրոջ՝ Չարինգթոնի մոտ։ Սա ցույց է տալիս երկրորդ հարկում գտնվող մի սենյակ, որտեղ Ուինսթոնը երազում է գեթ մեկ շաբաթ ապրել։ Ետդարձի ճանապարհին հանդիպում է Ջուլիային։ Հասկանում է, որ օրիորդը հետևել է իրեն։ Տատանվում է նրան սպանելու և վախի արանքում։ Հաղթում է վախը, շուտով նախարարությունում նամակ է ստանում Ջուլիայից, որում Ջուլիան սեր է խոստովանում։ Նրանք սկսում են հանդիպել ամիսը մի քանի անգամ։ Ուինսթոնը գիտի, որ իրենք արդեն հանգուցյալներ են, քանի որ սիրային կապը կուսակցության անդամների միջև արգելված է։ Հանդիպում է Չարինգթոնի ցույց տված սենյակում։ Ուինսթոնը և Ջուլիան դիմում են խենթ քայլի՝ գնալով Օբրայենի մոտ և խնդրելով, որ Օբրայենին ընդունի իրենց իր ընդհատակյա կազմակերպություն։ Օբրայենը ընդունում է նրանց և տալիս է գիրք, որը գրել է պետության թշնամի Գոլդսթեյնը։ Օվկիանիայում մարդկանց հսկելու համար յուրաքանչյուր բնակարանում կամ հասարակական վայրում տեղադրված են հատուկ սարքեր («հեռէկրաններ»)։ Մտքի ոստիկանությունը հսկում է մարդկանց մտքերը։

Որոշ ժամանակ անց նրանց ձերբակալում են պարոն Չարինգթոնի սենյակում, քանի որ այս ծերուկն իրականում մտքերի ոստիկանության աշխատակից է։ Սիրո նախարարությունում Ուինսթոնին երկար ժամանակ մշակում են։ Գլխավոր դահիճն ի զարմանս Ուինսթոնի Օբրայենն է։ Սկզբում հերոսը փորձում է չընկրկել և հավատարիմ մնալ ինքն իրեն։ Սակայն անվերջանալի ֆիզիկական և հոգեկան տառապանքներից հետո նա ուրանում է ինքն իրեն՝ հույս ունենալով ուրանալ իր հայացքները բանականությամբ, բայց ոչ հոգով։ Նա ուրանում է ամեն բան, բացի Ջուլիայի հանդեպ սիրուց։ Սակայն Օբրայենը կոտրում է նաև այդ սերը։ Ուինսթոնը ուրանում է Ջուլիային՝ կարծելով, թե անում է դա միայն բանականությամբ, վախից։

Սակայն երբ նա արդեն «բուժվում է» հեղափոխական տրամադրություններից և ազատության մեջ է, հասկանում է, որ բանականությամբ Ջուլիային ուրանալու պահին նա ամբողջությամբ է ուրացել նրան։ Նա ուրացել է իր սերը։ Պարզվում է, որ Ջուլիան իր հերթին ուրացել է Ուինսթոնին։ Ուինսթոնը լսում է, որ ռադիոընդունիչով հայտնում են Օվկեանիայի զորքերի հաղթանակի մասին Եվրազիայի զորքերի նկատմամբ։ Ուինսթոնը հասկանում է, որ հիմա նա ամբողջությամբ բուժվել է։ Նա սիրում է կուսակցությունը և Մեծ Եղբորը։

Մեջբերումներ խմբագրել

  • Մարդ երբեք չի կռվում արտաքին թշնամու, այլ միշտ՝ իր մարմնի դեմ։
  • Երբեք և ոչ մի պատճառով չես ցանկանում, որ ցավն ուժեղանա։ Ցավից միայն մի բան ես ուզում, որ դադարի։
  • Աշխարհում չկա ավելի վատ բան, քան ֆիզիկական ցավը։
  • Երբ խաբում եք ինքներդ ձեզ՝ կարծելով, թե ինչ-որ բան եք տեսնում, ենթադրում եք, որ բոլորն էլ տեսնում են նույնը։
  • Ամենամահացու վտանգը քնի մեջ խոսելն է, այդ դեպքում անհնար է ինքնավերահսկումը։
  • Ազատությունը երկուսին գումարած երկու՝ հավասար է չորսի ասելու հնարավորությունն է։ Եթե դա թույլատրվի, մնացած ամեն ինչ կբխի դրանից։
  • Իշխանությունը Կուսակցությանը պետք է ոչ թե իր, այլ մեծամասնության բարեկեցության համար։ Իշխանություն պետք է, որովհետև մարդկանց մեծամասնությունը թուլամորթ, երկչոտ արարածներ են, որոնք չեն կարող դիմանալ ազատությանը, չեն կարող նայել ճշմարտության աչքերին. նրանց պետք է կառավարեն և կանոնավոր ստեն, ովքեր իրենցից ուժեղ են։
  • Հիմա, երբ հասկանում էր, որ մեռած է, կարևոր էր հնարավորինս երկար ողջ մնալ։
  • Իրականում եկեղեցիներ շատ կան, պարզապես օգտագործվում են այլ նպատակներով։
  • Ինքնին ցավը երբեմն բավարար չէ։ Լինում են դեպքեր, երբ մարդն ընդդիմանում է ցավին մինչև մահվան պահը։ Բայց բոլորի համար էլ կա ինչ-որ անդիմադրելի բան, մի բան, որ հնարավոր չէ նախատեսել։ Խիզախությունն ու երկչոտությունը կապ չունեն։ Երբ ընկնում ես բարձունքից, պարանից կառչելը վախկոտություն չէ։ Երբ ընկնում ես խոր ջրերի մեջ, թոքերդ օդով լցնելը վախկոտություն չէ։ Դա ընդամենը բնազդ է, որ անհնար է ոչնչացնել։
  • Մարդն ինչպե՞ս է իշխանություն հաստատում ուրիշ մարդու վրա։

-Նրան տառապանք պատճառելով։

-Իրավացի եք։ Նրան տառապանք պատճառելով։ Հնազանդությունը բավական չէ։ Եթե նա չտառապի, ինչպե՞ս կարող եք վստահ լինել, որ հնազանդվում է ձեր, այլ ոչ թե իր կամքին։ Իշխանությունն էլ է այդպես։ Իշխանությունը ցավ պատճառելու և ստորացնելու մեջ է։ Իշխանությունը հետևյալն է. կտոր-կտոր անել մարդկանց մտքերը ու կրկին հավաքել նոր ձևով։

  • Շարունակական դառնալով՝ պատերազմը դադարեց պատերազմ լինելուց։
  • Եթե ուզում ես գաղտնիք պահել, այն պետք է թաքցնես քեզնից։ Պետք է իմանաս, որ կա, բայց քանի դեռ անհրաժեշտ չէ, թույլ չտաս, որ գիտակցությանդ մեջ մուտք գործի այն տեսքով, որին կարելի է անուն տալ։
  • Իրականում փրկություն չկար։ Իրագործելի էր միայն մի ծրագիր՝ ինքնասպանությունը, բայց չէին շտապում իրագործել։ Սպասողական վիճակում ապրել օր առ օր, շաբաթ առ շաբաթ՝ հյուսելով ներկան, որ չուներ ապագա, դա անհաղթահարելի բնազդ էր, ինչպես թոքերն են միշտ հաջորդ շունչը առնում, քանի դեռ օդ կա։
  • Փոքրամասնություն լինելը, նույնիսկ եթե այն բաղկացած է մեկ հոգուց, չի նշանակում, որ խելագար ես։ Կա ճշմարտություն և կա սուտ, ու եթե կառչում ես ճշմարտությունից՝ նույնիսկ հակառակ ամբողջ աշխարհի, խենթ չես։
  • Իշխելու գաղտնիքն է՝ սեփական անսխալականության հանդեպ հավատը համադրել անցյալի սխալներից դասեր քաղելու ունակության հետ։
  • Կա միայն չորս միջոց, որով իշխող խումբը կարող է գահընկեց արվել։ Կամ նվաճվում է դրսից, կամ անարդյունավետ է ղեկավարում, և զանգվածները ցանկանում են ապստամբել, կամ դա թույլ է տալիս ձևավորել ուժեղ ու դժգոհ միջին դաս, կամ կորցնում է ինքնավստահությունն ու կառավարելու պատրաստակամությունը։ Այս պատճառները չեն ազդում առանձին-առանձին, և որպես կանոն՝ չորսն էլ ինչ-որ չափով ներկա են։ Իշխող դասը, որը կարող է պաշտպանվել բոլորից, մշտապես մնում է իշխանության գլխին։ Վերջին հաշվով որոշիչ գործոնը բուն իշխող դասակարգի հոգեբանական վիճակն է։
  • Այս խաղում, ուր խաղում ենք, անհնար է հաղթել։ Պարզապես որոշ անհաջողություններ մյուսներից լավ են, այդքանը։
  • Մահը երբեք չի գալիս, երբ նրան սպասում ես։
  • Լավագույն գրքերը պատմում են այն, ինչ արդեն գիտես։
  • Մարդուց առաջ ոչինչ չի եղել։ Մարդուց հետո, եթե նրա վերջը գա, ոչինչ չի լինի։ Մարդուց դուրս ոչինչ չկա։ Մարդկային գիտակցությունից դուրս ոչինչ գոյություն չունի։
  • Իշխանությունը հավաքական է։ Անհատն ինշխանություն է ձեռք բերում այն դեպքում, երբ դադարում է անհատ լինել։
  • Գուցե մարդը ոչ այնքան սիրվելու, որքան հասկացված լինելու կարիք ունի։
  • Իրականությունն արտաքին երևույթ չէ։ Իրականությունը գոյություն ունի մարդու գիտակցության մեջ և ուրիշ ոչ մի տեղ։
  • Կարող են ստիպել, որ ասես ցանկացած բան, ցանկացած, բայց չեն ստիպի, որ հավատաս դրան։
  • Անգործունակ պետությունը վաղ թե ուշ պարտվում է, իսկ գործունակությունը չի կարող հիմնվել պատրանքների վրա։ Բացի այդ, գործունակ լինելու համար անհրաժեշտ էր դասեր քաղել անցյալից, նշանակում է՝ բավական ճշգրիտ գաղափար ունենալ այն մասին, թե ինչ է եղել անցյալում։
  • Մեռնեմ նրանց ատելով ՝ ահա թե որն է ազատությունը։
  • Ինչ-որ կերպ հնարավոր է կառուցել գաղտնի աշխարհ, որտեղ կարող ես ապրել ուզածիդ պես։ Դրա համար միայն հաջողություն է պետք, մեկ էլ ճարպկություն ու խիզախություն պիտի ունենաս։
  • Քանի դեռ մարդ արարածը մարդ է մնում, կյանքն ու մահը նույն բանն են։
  • Մի անիծյալ պատերազմը միշտ հաջորդում է մյուսին։ Վերջը սկզբի մեջ է։
  • Եթե սիրում ես որևէ մեկին, ուրեմն սիրում ես, իսկ երբ այլևս ոչինչ չունես տալու, տալիս ես սերդ։
  • Հնարավոր է պատկերացնել մի հասարակություն, որտեղ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ, անձնական սեփականության ու ճոխությունների առումով, հավասարապես կբաշխվի, մինչդեռ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ կմնա փոքրաթիվ արտոնյալների ձեռքին։
  • Անհնար է վախի, ատելության ու դաժանության վրա քաղաքակրթություն հիմնել։ Այն չի հարատևի։
  • Ով վերահսկում է անցյալը, վերահսկում է ապագան. ով վերահսկում է ներկան, վերահսկում է անցյալը։
  • Մարդու ամենավատ թշնամին նրա նյարդային համակարգն է։ Ցանկացած պահի ներքին լարվածությունը կարող է արտացոլվել արտաքինում։
  • Մինչև չգիտակցեն, երբեք չեն ապստամբի, մինչև չապստամբեն, չեն կարող գիտակից դառնալ։
  • Մոր մասին հիշողությունը ծվատում էր Ուինսթոնի սիրտը, որովհետև նա մահացել էր՝ իրեն սիրելով, իսկ ինքը չափազանց երիտասարդ ու եսասեր էր՝ փոխադարձաբար սիրելու համար։
  • Նա ջանում էր վերադառնալ դեպի վաղ մանկություն, սակայն դա չափազանց բարդ էր։ Ինչ տեղի էր ունեցել հիսունականներին, ջնջվել էր հիշողությունից։ Երբ հնարավոր չէ օգտվել որևէ վկայությունից, նույնիսկ սեփական կյանքիդ ուրվագիծը կորցնում է հստակությունը։ Հիշում ես խոշոր իրադարձություններ, որոնք գուցե չեն էլ պատահել, հիշում ես դեպքերի մանրամասներ, բայց ի վիճակի չես վերականգնել մթնոլորտը. կային նաև երկար, ոչնչով չառանձնացվող բաց ժամանակահատվածներ։ Այն ժամանակ ամեն ինչ այլ էր։ Այլ էին նաև երկրների անունները, նրանց տեսքը քարտեզի վրա...
  • Ակնհայտ ճշմարտություն է, որ բոլոր մարդիկ ստեղծված են հավասար և Արարչից օժտված են անօտարելի իրավունքով, որոնցից է կյանքի, ազատության ու երջանկության ձգտման իրավունքը։ Այդ իրավունքները պահպանելու համար մարդիկ ստեղծում են կառավարություններ, որոնք իշխանություն են ձեռք բերում կառավարվողների համաձայնությամբ։ Երբ կառավարման ձևը չի ծառայում այդ նպատակին, ժողովուրդն իրավունք ունի փոխել կամ վերացնել այն և հաստատել նոր կառավարություն։
  • Արձանագրված պատմության ողջ ընթացքում կամ հավանաբար նեոլիթյան դարաշրջանի ավարտից ի վեր աշխարհում գոյություն ունեն երեք դասի մարդիկ՝ բարձր, միջին ու ցածր։ Նրանք բաժանվել են բազում տարբեր եղանակներով, կրել անհամար տարբեր անուններ, ու նրանց քանակական հարաբերակցությունը, ինչպես և վերաբերմունքը միմյանց հանդեպ, տարբերվել է դարաշրջանից դարաշրջան, բայց հասարակության հիմնական կառուցվածքը երբեք չի փոխվել։ Նույնիսկ ահռելի տեղաշարժերից ու անդառնալի թվացող փոփոխություններից հետո նույն մոդելը վերահաստատվել է, ինչպես գիրոսկոպն է միշտ վերադառնում հավասարակշռության կետին, որքան էլ հրես... Այս երեք խմբերի նպատակները միանգամայն անհամատեղելի են։ Բարձր դասի նպատակն է՝ մնալ նույն տեղում։ Միջին դասի նպատակն է՝ փոխել տեղը բարձրի հետ։ Ցածր դասի նպատակը (եթե նպատակ ունի, քանի որ ցածր դասի մշտական բնորոշ գիծն այն է, որ ճզմված են ծանր աշխատանքով և լոկ ժամանակ առ ժամանակ են գիտակցում այն, ինչ դուրս է իրենց առօրյա կյանքից) վերացնել բոլոր տարբերությունները և ստեղծել հասարակություն, որտեղ բոլորը հավասար կլինեն։ Այսպիսով, ողջ պատմության ընթացքում անընդհատ կրկնվում է պայքարը, որի հիմնական գծերը միշտ նույնն են։ Երկար ժամանակ Բարձր դասը կայուն պահում է իշխանության ղեկը, բայց վաղ թե ուշ միշտ էլ գալիս է մի պահ, երբ նրանք կորցնում են կամ հավատը սեփական անձի հանդեպ, կամ արդյունավետ կառավարելու ունակությունը, կամ էլ երկուսը միասին։ Նրանց տապալում է Միջին դասը, որը Ցածր դասին քաշում է իր կողմը՝ ձևացնելով, թե պայքարում է հանուն ազատության և արդարության։ Իր նպատակին հասնելով՝ Միջին դասը Ցածր դասին հրում է հետ՝ դեպի ստրկության իր հին դիրքը, իսկ ինքը դառնում է Բարձր։ Հետո նոր Միջին դասը բաժանվում է մյուս խմբերից մեկից կամ երկուսից էլ ու պայքարը վերսկսվում է։ Երեք դասերից միայն Ցածրին երբեք չի հաջողվում թեկուզ ժամանակավոր հասնել իր նպատակներին։ Չափազանցություն կլիներ ասել, որ պատմության ընթացքում նյութական առաջընթաց չի գրանցվել։ Նույնիսկ այսօր՝ անկման շրջանում, շարքային մարդն ավելի բարեկեցիկ է ապրում, քան մի քանի դար առաջ։ Բայց բարեկեցության, վարվելակերպի մեղմացման աճը, հեղափոխությունը կամ բարեփոխումները երբեք մի միլիմետր անգամ չեն մոտեցրել մարդկային հավասարությունը։ Ցածր դասի տեսանկյունից՝ ոչ մի պատմական փոփոխություն երբեք չի եղել ավելին, քան ղեկավարների անունների փոփոխություն։

Հայերեն հրատարակություն խմբագրել

«1984» վեպը հայերեն հրատարակվել է «Անտարես» հրատարակչության կողմից, 2012 թվականին (ISBN 978-9939-51-392-8)։ «1984» վեպը թարգմանել է Աստղիկ Աթաբեկյանը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
1984 (գիրք) հոդվածին