Մելիք-Բեգլարյանների ապարանք

Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի մոտակայքում գտնվող 18-րդ դարի շինություն

Մելիք-Բեգլարյանների ապարանք, ապարանք, որի ավերակները գտնվում են Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից 5-6 կիլոմետր արևմուտք՝ անտառապատ բլրի հյուսիսային լանջին։ Բլրի հարավային մասում գտնվում է Հոռեկա վանքը։ Ապարանքի կառուցման մասին հավաստի տեղեկություններ չեն պահպանվել։ Ավանդաբար այն վերագրվում է Գյուլիստանի Մելիք-Բեգլարյաններին և հիշատակվում 18-րդ դարի սկզբին։ Այդ առումով ուշագրավ է ապարանքի դիմաց գտնվող շինության կառուցմանը վերաբերվող (1727 թվական) արձանագրության հիշատակությունը։ Ապարանքի շրջապատում գտնվող մելիքական տոհմի ներկայացուցիչների տապանաքարերը ևս հիմք են տալիս ասելու, որ ապարանքը կառուցել են Մելիք-Բեգլարյանները` 18-րդ դարի սկզբին։

Մելիք-Բեգլարյանների ապարանք
Տեսակպալատ-ամրոց
ԵրկիրԱրցախ
Կառուցված18-րդ դար
Ունի ձևուղղանկյուն
Ընթացիկ վիճակվերածվել է ավերակների

Կառուցվածք խմբագրել

Ապարանքի ուղղանկյուն պարսպապատ ամբողջությունն ունի թեթևակի դեպի արևելք-արևմուտք արտահայտված ձգվածություն։ Պահպանվել են ապարանքի հարավային կողմի կիսագետնափոր սենյակները, հյուսիսային կողմի սենյակների մնացորդները, արևմտյան պարսպապատը և հյուսիսային մի մասը` անկյունային բուրգով։ Հյուսիսարևելյան մասի պարսպապատերն ամբողջովին ավերված են։ Լանջի թեքության պատճառով սենյակների հարավային խումբը փոքր-ինչ բարձր է հյուսիսայինից։

Ապարանքի հարավային թևը բաղկացած է մի գծով դասավորված չորս սենյակից, բակի կողմից դրանց ողջ երկարությամբ ձգված սրահից և սրահի և ևս չորս սենյակից, որոնք ունեն մի փոքր այլ տեղադրություն։ Այս խմբում իրենց մեծությամբ ու կառուցվածքով աչքի ընկնող շինությունները սրահավոր մասի կենտրոնում գտնվող քառակուսի հատակագծով (7.0x7.0 մետր) զույգ գլխատներն են, որոնց գմբեթները չեն պահպանվել. շրջանագծային հիմքից վերև կան կանոնավոր քարեր, որոնցով կարելի է պատկերացում կազմել գմբեթի սկզբնական բարձրության մասին[1]։ Երկարաձգված, սյունազարդ, ութ կամարակապ բացվածքի սրահի միջի երկու դահլիճները ծավալատարածական առումով նման են Հոռեկա վանքի գավթին։

Գլխատան անսյուն ծածկը, որը ժողովրդական բնակարաններում սովորաբար լինում է փայտից և կիրառվում է ոչ մեծ տարածություններ ծածկելու համար, այստեղ կիրառվել է որպես քարակերտ գմբեթ։ Ի տարբերություն ոչ հեռու գտնվող Մելիք-Իսրայելյանների Մոխրաթաղի ապարանքի (1771 թվական), և Գանձասարի վանքի մոտի գլխատների, որոնք ունեն տրոմպային փոխանցումով ութանիստ գմբեթներ, Մելիք-Բեգլարյանների ապարանքի գմբեթները եղել են կիսագնդաձև։ Զույգ գլխատները կառուցվել են կողք կողքի, ճիշտ նույն չափի ու ձևի և հաղորդակցվել են ոչ մեծ դռան միջոցով։ Գլխատների երդիկավոր գմբեթներն անցյալ դարի վերջին դեռևս կանգուն են եղել և արժանացել են այցելուների ուշադրությանը[1]։

Գլխատների երկու կողմերին կից են թաղակապ սենյակները, որոնցից արևելյան ծածկն ամբողջությամբ պահպանվել է։ Երկարավուն սենյակների մուտքին հանդիպակաց պատերի կենտրոնում բուխարիներն են` երկու կողմերի կամարակապ խորշերով, որպիսիք կան և մյուս բոլոր պատերի վրա։ Նման լուծմամբ սենյակներ շատ են Արցախի և Սյունիքի ժողովրդական բնակելի տներում, մելիքական ապարանքներում, վանքապատկան բնակարաններում։

Պահպանվել են նաև կամարասրահի մույթերի, թաղի ու կամարների մնացորդները, որոնցից երևում է, որ այն ծածկված է եղել քառակուսի կտրվածքով (0.95x0.95 մետր) յոթ մույթերի վրա հենվող գլանաձև թաղով։ Վերջինս թաղակիր կամարով բաժանված է եղել երկու մասի։ Ժողովրդական բնակելի տներում հանդիպող գլխատան փայտե սյունավոր նախամուտքն այստեղ ներկայանում է որպես ընդարձակ ու հանդիսավոր կամարասրահ, որը կարող էր ծառայել նաև ամառային բնակության համար։

Արևելյան կողմի սենյակները կամարասրահի հետ կապվում են մի թաղակապ սենյակի միջոցով։ Վերջինս ունի կամարակապ խորշ` բուխարիով։ Այդտեղից մուտք է բացվում դեպի մի այլ` փոքր սենյակ, որը նույնպես ունի բուխարի` զույգ խորշերով։ Դրան արևմտյան կողմից կից է մի փոքր, թաղակապ սենյակ, իսկ հյուսիսից` հատակագծում քառակուսի այլ սենյակ, որն ունի երկու լուսամուտ և մուտք նաև բակի կողմից։ Այս սենյակի հատակը 1.5 մետր ցածր է սենյակների հիմնական խմբի ընդհանուր մակարդակից։

Ներքին բակի միջոցով է իրականացվել ապարանքի երկու թևերի կապը միմյանց և դրսի հետ։ Արևմուտքից բակի երկայնական առանցքի ուղղությամբ կա մուտք։

Հյուսիսային թևում պահպանվել են սենյակների երկայնական պատերի մի մասը և ծածկի թաղի հիմնաքարերը։ Ըստ այդ մնացորդների, երկարավուն տարածությունը երկու լայնական պատերով բաժանվել է երեք մասերի։

Երկու եզրային սենյակները գրեթե նույն չափի են։ Դրանք ունեին լայն պատուհաններ՝ բակի կողմից և ներքին խորշեր։ Դրանց շարունակությունն արևելյան ուղղությամբ, որտեղ տեղանքը ցածր է, չի կառուցապատվել։

Ընդհանրացնելով կարելի է ասել, որ ապարանքի հատակագծային լուծումը հիմնականում ենթարկված է հայկական ժողովրդական բնակելի, այսպես կոչված, կոմպլեքս տիպի հատակագծային տան սկզբունքներին[1]։

Նշանակություն խմբագրել

Մելիք-Բեգլարյանների ապարանքի երկու գլխատները, ունենալով ֆունկցիոնալ կարևոր նշանակություն, գերիշխող դեր են ունեցել նաև հատակագծային ու ծավալատարածական կառուցվածքում։

Ապարանքի ճարտարապետական կառուցվածքի վրա ազդել են ինչպես բնակելի տան շինարարական ավանդույթները, այնպես էլ դարաշրջանի պաշտպանական կառուցվածքների կառուցողական սկզբունքները` պայմանավորված տվյալ ժամանակաշրջանի սոցիալ-քաղաքական իրավիճակով։ Ապարանքի ներկա վիճակը և մեզ հասած տեղեկությունները վկայում են, որ այն ունեցել է ուղղանկյուն պարագծով պարիսպ` դիտանցքավոր անկյունային բուրգերով։ Պայքարը ներքին և արտաքին թշնամիների դեմ, ազգային-ազատագրական շարժումները ստիպել են ապարանքի նախագծելու ընթացքում հաշվի առնել նաև պաշտպանական խնդիրները։ Պարսպապատերին կից սենյակների դասավորությունը ներքին բակի շուրջը` պայմանավորված է ինչպես պարսպապատ տարածքի նպատակահարմար օգտագործմամբ, այնպես էլ պաշտպանական նկատառումներով։ Ապարանքի շինություների պատուհանները բացվում են բակի կողմից։ Անկյունային բուրգի միակ պատուհանն ուղղված է դեպի լեռներից իջնող ճանապարհը։ Նույնպիսի մի բուրգի և մի քանի թաղակապ սենյակների մնացորդներ են պահպանվել ապարանքի դիմացի հիշատակված շինությունից։

Միաժամանակ ակնառու է ապարանքի որոշ մասերի կառուցվածքային նմանությունն ավելի վաղ շրջանի (Դվին, Արուճ, Զվարթնոց) և աշխարհիկ (գավիթներ, սեղանատներ, գրատներ) ճարտարապետության հուշարձանների հետ։

Պալատ-ամրոցը միաժամանակ պաշտպանական կառուցվածք է, որի զորակայանը գտնվում է նրա հյուսիսային մասում, ձորակի ձախ լանջին։ Գրականության մեջ հիշվում է Քառաբուրգ բերդակ անունով։ Անտառի մեջ երևում են չորս բուրգերի գետնամերձ հատվածները, դրանք իրար հետ կապող պարսպապատերի հիմքերը։ Գյուլիստանի մելիքության գլխավոր բերդ-ամրոցը գտնվում է Գյուլիստան գյուղի մոտ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ղուլյան, Արտակ (1982). Արցախի պալատական ճարտարապետության երկու հուշարձան. Լրաբեր Հասարակական Գիտությունների. էջեր 65–68.