Մոխրաթաղի մելիքական ապարանք

Մոխրաթաղի մելիքական ապարանք

Մոխրաթաղի մելիքական ապարանք, ավերված մելիքական ապարանք, ավերակները գտնվում են ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղից 3-4 կմ արևմուտք՝ Հին Մոխրաթաղ գյուղատեղիի արևմտյան կողմում։

Ապարանք
Մոխրաթաղի մելիքական ապարանք
ԵրկիրԱրցախի Հանրապետության Մարտակետի շրջան
ԵրկիրԱրցախ
ՏեղագրությունԱրցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղից 3–4 կմ արևմուտք՝ Հին Մոխրաթաղ գյուղատեղիի արևմտյան կողմում
Շինության տեսակԱպարանք
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Հնավայրի արևելյան եզրի բլրահարթակի վրա կանգուն է Ինն–մաս վանքի 19-րդ դարի եկեղեցին, որից մի փոքր հարավ-արևելք պահպանվել են ուշ միջնադարյան եկեղեցու հիմնամնացորդները, իսկ դրանց միջև ու հյուսիս-արևելյան կողմում բնակավայրի գերեզմանոցն է՝ բազմաթիվ արձանագիր տապանաքարերով։ Վանքի ապարանքի միջև նկատելի են ավերակ ու հողածածկ բնակելի շինությունների հետքերը։ Մոխրաթաղ հին գյուղ Ջրաբերդի մելիքության կենտրոններից էր և Մելիք-Իսրայելյանների ներից մեկը՝ հինավուրց Ջրաբերդ ամրոցի և Քաղաքատեղ կամ Մայրաքաղաք բերդավանի հետ միաժամանակ, և, որպես այդպիսին, առաջին անգամ հիշվում է 1724 թ. աղբյուրներում։ Մելիքանիստ բնակավայրի ամենախոսուն պատմական վկան մելիքական ապարանքն է՝ կառուցված մեղմ թեքությամբ արևելահայաց անտառալանջի ձորամերձ հարթության վրա։ Ապարանքի ավերկաները 19-րդ դարի վերջին նկարագրել են Հայկուհին, Մ. Բարխուդարյանցը, Րաֆֆին, Լեոն և այլք։ Մ. Բարխուդարյանցը և Հայկուհին նաև վերծանել ու հրապարակել են արձանագրությունները, գտնվելիս է եղել «արևելյան կողմից հաշվելով չորրորդ սենյակի»՝ այսինքն գլխատան մուտքի բարավորին.

  «ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲՆ ԱՄԵՆԱԶՕՐԻՆ ԱՍՏՈՒԾՕՑ ԲԱԶՈՒՄ ԺԱՄԱՆԱԿ Է ՅՈՅԺ ՏԱՔՆԱՊԻ ՇԻՆԵԱԼ ԶՏՈՒՆՍ ԻՍԿ ԲԱՐԵՐԱՐԻՆ ԱՍՏՈՒԾՕՑ ՏՈՒԱՒ ԻՆՁ ԿԱՐՈՂՈՒԹԻՒՆ ԵՒ ԶՕՐՈՒԹԻՒՆ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՅՆ ՀԱՆԳՈՒՑԵԱԼ ՄԷԼԻՔ ԻՍՐԱՅԷԼԻ ՈՐԴԻ ԵՍ ՄԷԼԻՔ ՅԱԴԱՄՍ ՇԻՆԵՑԻ ԶԳԵՂԵՑԻԿ ԿԱՄԱՐՕՔ ԵՒ ԳԵՂԵՑԿԱՆԿԱՐ ՏՈՒՆՍ ԵՒ ՍԱՐԱՅԻՍ ԲԱԶՄԱՀԱՆՃԱՐ ԶՈՐԴԵԱԿՆ ԻՄ ՄԷԺԼՈՒՄԻՆ...ԾԱՍՏՈՒ ԾՈՅ ԱՍՏՈՒԱԾԱՅՆՈՎ ԲԱՐԵԱՒ ՎԱՑԵԼԵՍՑԻ ՀԱՆԴԵՐՁ ՄԵՕՔ. ՌՄԻ.[1] »  

Պարզվում է, որ ապարանքը կառուցել է Մելիք-Ադամը՝ աղբյուրներում հաճախ նաև Մելիք-Հաթամ անունով հիշվող Ջրաբերդ գավառի մեծանուն տերը, որը, ժամանակակցի վկայությամբ, Արցախի մելիքներից «... էր առաջինն, այր խոհեմ, քաջ ի պատերազմի և ինքնագլուխ իշխան»[2]։ Մելիք-Իսրայելի որդի Մելիք-Ադամը դարասկզբին հայտնի մելիք-Եսայու և Շուշվա Փանահ խանից դավադրաբար ապանված Մելիք-Ալահղուլի Սուլթանի (1728-1756 թթ.)[3] կրտսեր եղբայրն էր, Արցախի միասնականության, ինքնիշխանության և ազատագրության պայքարի առաջամարտիկը 18-րդ դարի երկրորդ կեսին (1756-1783 թթ.[4]), Գյուլիստանի Մելիք-Հովսեփի դաշնակիցը իր բոլոր ձեռնարկումներում[5]։ Հատկանշական է, որ, ինչպես վկայում է նաև արձանագրությունը, ապարանքը կառուցվել է խիստ տագնապալի ժամանակներում, այն տարիներին, երբ Մելիք-Ադամը հիշյալ Մելիք-Հովսեփի հետ 1767 թվականին հայրենի տիրույթներն է վերադառնում Գանձակի մոտերքում անցկացրած կարճատև տարագրությունից հետո և, առերես հաշտվելով Շուշվա Իբրահիմ խանի հետ, շարունակում եռանդուն մասնակցությունը Արցախի ազատագրության գործի կազմակերպմանը։ 1771 թվականին կառուցված դղյակաձև ապարանքը այդ անընդմեջ պայքարի նոր հենակետ-ամրոցներից մեկն էր և, միաժամանակ, Շուշվա խաների սադրանքներից մասնատված ու «յոյժ տագնապի» ժամանակներ ապրողեր կրամասի բնակչության ապահով պատսպարաններից՝ գավառի մյուս պաշտպանական կետերի՝ Ջրաբերդի, Քաղաքատեղ բերդավանի և վանք-ամրոցների հետ մեկտեղ։

Ըստ ռուսական ռազմական աղբյուրների, 1805 թվականի ամռանը ապարանք-ամրոցում պատսպարվել է պարսից մեծաթիվ բանակից հետապնդող գնդապետ Կարյագինի զորաջոկատը։ Իսկ այստեղից զեկուցագիրը իշխան Ցիցիանովին՝ «Այժմ ես միանգամայն անվտանգ եմ հարձակումներից» պարիսպներն ու մյուս շինությունները այդ ժամանակ դեռևս ամբողջական էին ու կանգուն[6]։

Ճարտարապետություն խմբագրել

Մելիք-Ադամի ապարանքում մինչև 19-րդ դարի կեսերը բնակվում էին մելիքական տոհմի ժառանգները[7][8], իսկ 1890-ական թվականներին այն լքված կիսավեր էր[9], չնայած, ըստ մի եզակի չափագրության և տեղահանույթի, 1901 թվականին համակառույցը դեռևս մեծ մասամբ կանգուն էր[10]։ Այժմ, թեկուզև խիստ ավերված, պահմպանել է իր նախնական հորինվածքի ամբողջականությունը և մեզ հասած նմանօրինակ հուշարձաններից ամենախոշորն է[11]։ Հյուսիսից հարավ ձգված համակառույցը (միջին չափերը՝ 36,0 × 51,0 մ) շրջապատված է պարիսպներով, որոնք չորս անկյուններում կիսագլանային բրգաձև ելուստներ ունեն, իսկ հատակագծում անկանոն շեղանկյուն են կազմում՝ երկայնական երկբեկյալ կողմերով։ Ընդ որում, արևելյան պարսպապատի մուտքից հյուսիս նույն դարում կցվել է մի երկարավուն, եռամաս շինություն, որն իր ծավալով մի փոքր դուրս է շեշտված սկզբնական, բրգավոր հորինվածքից։ Ապարանքի գլխավոր մուտքը հյուսիսային ճակատի ձախ եզրում է և դեպի բակ է բացվում բուրգին կից թաղածածկ սենյակի միջով։ Հայկունու բնորոշմամբ այս «գեղեցիկ կամարակապ մեծ դուռը»[11] հստակ երևում է Գորշկովի տեղահանույթի հետ պատկերված ապարանքի հեռանկարային տեսքում և ունի դարաշրջանի շքամուտքերին բնորոշ լուծում՝ մուտքային բացվածքի եզրաելուստնրին հենված կիսաշրջանաձև բարավորաքարն ընդգրկող միաստիճան որմնակամարով։ Բացի այս և երկրորդ՝ հարավային փոքր մուտքից, Գորշկովի պատկերած խիստ մոտավոր հատակագծում ցույց է տրված նաև մեկ այլ մուտք՝ հարավային կողմի լեղլիկ միջանցքի դիմաց։ Այս հատվածում պարիսպն իրոք ընդհատվում է, սակայն, ըստ ամենայնի՝ հետագա ավերման հետևանքով։

Համակառույցի նախնական հորինվածքի սենյակները դասավորված են ներքին բակի (միջին չափը՝ 16.0 × 41.0 մ) արևմտյան՝ երկայնական և հարավային՝ լայնական կողմերը զբաղեցնող երկու շարքով, որոնք անջատված են նեղլիկ միջանցքով և միմյանց նկատմամբ ուղիղ անկյուն է կազմում։ Արևմտյան շարքի սենյակները ետնամասով խորանում են լանջի մեջ և խմբավորված են երեք նախասրահների շուրջը։ Սրանցից եզրայինները միաչափ են (ճակատային բացվածքը՝ 5,4 մ) և միմյանց են կապում երեքական տարբեր չափերի ուղղանկյուն հատակագծով (6,9 × 6,9) գլխատան ողջ ճակատը և դրա ձախ կողմում ունի կից մեկ թաղածածկ սենյակ ևս։

Չնայած տեղանքի պայմաններով թելադրված սենյակների տարբեր չափերին, այս շարքի հատակագծային հորինվածքը ենթարկված է որոշակի կանոնավորության։ Այսպես. երեք նախասրահներն էլ ճակատային գծի նկատմամբ հավասար խորություն ունեն, սրանցից հյուսիսայինին կից երեք սենյակի ետնապատները մի գծով են ավարտվում, իսկ գլխատան հարավակողմի երեք սենյակինը՝ դրանցից մի փոքր առաջ, ընդ որում վերջինս համընկնում է նաև գլխատան լայնական առանցքի հետ։ Ուշագրավ է նաև, որ պարսպապատն այստեղ համատեղված չէ սենյակների ետնապատի հետ, այլ 2,5-5 մ հետ է դրված սկսվում է դրանց տանիքի մակարդակից։

Սենյակների այս շարքի և ամբողջ համակառույցի հորինվածքային գլխավոր շեշտը գլխատունն է՝ դրված բակահայց ճակատի առանցքով։ Գլխատունն ապարանքի կազմում գրեթե անխաթար պահպանված սակավաթիվ դահլիճներից է և ծածկված է երդիկակիր ութանիստ-բրգաձև գոցվող թաղով, որին անցումը կատարված է քաեակուսի հիմքի չորս անկյունը 2,7 մ կամարաթռիչքով պսակող տրոմպների միջողով։ Մուտքի հանդիպակաց պատում տրոմպների միջև գտնվող որմնախորշը լայն է ու կամարակապ, իսկ կողապատերի մեկական փոքր խորշերը հարթածածկ են։ Այստեղ իրենց չափերով աչքի են ընկնում նաև գլխատան երկու կողմի դահլիճները, որոնք, միաժամանակ, համեմատաբար լավ են պահպանվել։ Սրանցից հարավայինը (ներքուստ՝ 4,0 × 6,5 մ) ունի օջախ-բուխարի՝ զույգ կամարախորշերով, իսկ հյուսիսայինն ուշագրավ է ետնապատում գտնվող խորշաձև մասով (ներքուստ՝ (4,0 × (7,5 ± 0,8) մ)։ Այս շարքի մյուս սենյակներից պահպանվել են միայն ծածկի մնացորդներն ու ու պատերը, այն էլ՝ մասամբ հողածածկ։ Այնուամենայնիվ որոշակի է, որ դրանք մուտքեր են ունեցել նախասրահներից և մեկական դեպի ներս լայնացող փոքր պատուհան՝ բակահայաց ճակատում։ Եզրային նախասրահները, ինչպես վկայում են տեղում պահպանված սրբատաշ քարաբեկորները, ամենայն հավանականությամբ ունեցել են մույթավոր-կամարակապ ճակատներ և նույնպես թաղածածկ են եղել։ Սակայն թե՛ մույթերրի և թե՛ կամարների չափերի ու քանակի մասին կարելի է պատկերացում կազմել միայն ենթադրաբար՝ համանման հուշարձանների բաղդատությամբ։ Այս առումով ուշագրավ է Հայկունու այն վկայությունը, որ 1885 թվականի «Սրահի սիւներից մի քանիսը քանդած (էին)»։ Մինչդեռ, ինչպես երևում է 1892 թվականի նկարագրությունից և Գորշկովի 1907 թվականի կազմած հատակագծից, գլխատան երկսյուն-եռակամար սրահը՝ «հսկայական, մեկ ամբողջական քարից տաշված սյուններով», այդ ժամանակ դեռևս կանգուն էր։ Ուստի պետք է ենթադրել, որ Հայկունու վկայությունը ոչ թե գլխատան, այլ եզրային երկու սրահնեի մասին է, որոնց ճակատային լուծումը անորոշ է նաև 1901 թվականի հատակագծում։ Իսկ գլխատան նախասրահի մասին Լեոն ևս նշում է. «Դահլիճի (գլխատան-Ա.Ղ) առջև կա մի փոքրիկ, սյունազարդ և գեղեցիկ սրահ», այսինքն՝ գրեթե բառացիորեն այն, ինչ հայտնի է 1901 թվականի հատակագծից և ինչ 1771 թվականին արձանագրել է ապարանքը կառուցողը. «Ես Մէլիք Յադամս շինեցի զգեղեցիկ կամարօք տունս...»:

Մեկ այլ առիթով Լեոն գրում է. «Առանձնապես խնամքով շինված է մելիքի ընդունարանը, որ ունի և սյունազարդ գավիթ»։ Այսպիսով ակնհայտ է, որ գլխատունն ունեցել է եռակամար, սյունազարդ նախասրահ՝ միակտոր քարե սյուններով։ Իսկ վերջիններս հավանաբար ուղղանկյուն հատվածք ունեին՝ եզրանկյունների տաշվածքով, որի պատճառով Գորշկովի կազմած սխեմատիկ հատակագծում պայմանականորեն ցույց են տվել բոլորաձև։

Ապարանքի հարավային թևի շինությունները կառուցված են հենապարսպով ստեղծված դարավանդային պատի բակի լայնական կողմում, որոնց ետնապատին շեղությամբ հպվում է արտաքին պարսպապատը, իսկ ճակատային գծով դրանք համատեղված են հիշյալ նախասրահներից հարավայինի եզրապատի ուղղության հետ։ Սենյակների այս խումբը բաղկացած է երկու մասից. նեղլիկ ու կամարակապ ճակատով կենտրոնական նախասրահին երկու կողմից կից միաչափ ու միանման դահլիճներից (ներքուստ՝ 3,1 × 6,2 մ) և դրանց երկարության չափով արևելքից հպված պարսպակից, երկնահարկ ու թաղածածկ դահլիճից (ներքուստ՝ 3,8 × 6,8 մ)։ Նախասրահն ու կից դահլիճները նույնպես թաղածածկ են և աչքի են ընկնում համաչափ դասավորված բուխարիների և կամարախորշների կառուցման խնամքով ու պահպանվածությամբ. մասամբ ավերված են միայն դահլիճների ճակատապատերը, որոնք ևս, նախորդների պես, մեկական առանցքային նեղ պատուհան ունեն բակի կողմից։

Երկհարկանի դահլիճի առաջին հարկի հատակը 4,5 մ-ով ցածր, իսկ երկրորդինը 4 մ-ով բարձր է բակից, սակայն շինության մեծ մեծ մասի ավերվածության պատճառով հայտնի չէ, թե դրանք ինչպես են կապվել բակի հետ։ Այստեղ ուշագրավ է երկրորդ հարկը, որը, ինչպես վկայում են պահպանված մնացորդները, թաղածածկ եզերով կամարային ճակատով երեսբաց վերնասրահ է եղել։ Վերջինս իր հորինվածքով և ընհանուր առմամբ ցածրանիստ մյուս սենյակների համեմատությամբ ուղղաձիգ շեշտվածությամբ ակնհայտորեն հիշեցնում է Քաշաթաղի և Խնածախի ապարանքների երսբաց վերնասրահները, իսկ խուլ գետնահարկի առկայությամբ առավելապես աղերսվում է Տողի ապարաքնի ընդունարանի հետ։ Ապարանքի հորինվածքում հետաքրքրական է նաև գլխատնավոր շարքի դիմաց գնվող շինությունը, որը բաղկացած է բակի նկատմամբ երկայնական կողմով դրված կենտրոնական երեսբաց սրահից և երկու միանման եզրային դահլիճներից (ներքուստ՝ 5,2 × 6,5 մ)։ Ընդ որում դահլիճներից հյուսիսայինի լայնական եզրապատի և կից բուրգի, ինչպես նաև թաղածածկի մնացորդների և կից պարսպապատի միջև կառուցվածքային կապի բացակայությունը վկայում է, որ այս շինությունը ապարանքին է կցվել հետագայում։ Սակայն ճարտարապետական բնութագրով այն չի տարբերվում համակառույցի մյուս մասերից և, պետք է կարծել, որ կառուցվել է դրանցից փոքր-ինչ ուշ, կամ՝ անմիջապես հետո։ Ամեն պարագայում կառուցվել է նախքան շինարարական արձանագրության փորագրումը, քանզի «շինեցի զգեղեցիկ կամարօք տունս և սարայիս» (ապարանքի բնակելի մասի) կողքին ակնհայտորեն առանձնացված-շեշտված է նաև «սարայի» (սրահի կամ սրահավոր շենքի) կառուցումը։ Այս հանգամանքը պայմանավորված էր նաև ապարանքի կազմում վերջինիս կարևոր ու յուրահատուկ գործառական դերով և արտահայտվել է ինքնուրույն ու ավարտուն հորինվածքային ծավալաձևի մեջ։

Այստեղ ևս, ինչպես Հոռեկավանի երկրորդ ապարանքում, դահլիճների պատերը պահպանվել են սրահում դրանց բացակայության պատճառով դարձյալ պետք է ենթադրել, որ այն կամ նույնպես թաղածածկ է եղել՝ սյունազարդ-կամարակապ ճակատով, կամ ունեցել է է հարթ ծածկ՝ փայտե սյուներով։ Ի դեպ, վերոհիշյալ 1901 թվականի մոտավոր հատակագծի այս մասում նույնպես ցույց ՝ տրված երկսյուն-եռակամար սրահ՝ գլխանաձև սյուներով, սակայն ապարանքի ընդհանուր հատակագծի պատկերման խիստ աղճատվածությունը թույլ չի տալիս աներապահորեն դա ընդունել։

Սրահի և հյուսիսային դահլիճի զանգվածեղ միջնապատում ներկառուցված են դեպի տանիք տանող աստիճաններ, սակայն պահպանված եզրապատրի հիմնամնացորդները դժվար է երկրորդ հարկի գոյության վկայություն համարել, քանզի դրանք կարող էին կապված լինել պաշտպանական և այլ նպատակներով տանիքի օգտագործման հետ, մանավանդ որ տեղանքի թեքության պատճառով արտաքին պատը արդեն 7 մ բարձրություն ունի։ Այստեղ դահլիճները երկուական պատուհան ունեն դրսից (ինչը հազվադեպ երևույթ է նամանտիպ հուշարձաններում), պատուհանների հանդեպ՝ կամարակապ խորշեր իսկ լայնական եզրապատերում՝ միայն բուխարիներ։

Պետք է նշել նաև, որ այս շինությունն իր հորնվածքով ու գլխատնավոր-բնակելի մասի նկատմամբ ունեցած տեղադիրքով հար և նման է Հոռեկավանի երկրորդ ապարանքի հյուսիսային կողմի սենյակաշարին և նույնպես ծառայել է հասարակական կյանքին առնչվող արարողությունների՝ դատավարությունների, հանդիսությունների և ընդունելիությունների համար, չնայած կար նաև վերոհիշյալ կրկնահարկ դահլիճի երեսբաց վերնասրահ-ընդունարանը։ Ապարանքի ընդհանուր կառուցապատման մեջ սենյակների գործառնական առանձնահատկություններից է նաև այն, որ դրանք խմբավորված են չորս նախասրահների շուրջը՝ կազմելով պատից, բաց մուտքերով անջատ բնակելի հարկաբաժիներ և, ըստ ամենայնի, հատկացվել են բազմանդամ մելիքական ընտանիքի յուրաքանչյուր ժառանգին։ Մյուս կողմից հատկանշական է, որ բնակելի մասում բուխարիներ ունեն ոչ բոլոր սենյակները. կա՛մ դրանք օժանդակ-տնտեսական բնույթ են ունեցել, կա՛մ նախատեսված չեն եղել ձմեռային բնակության համար։ Այս առումով ուշագրավ է տեղացիների վրա հիմնված Մ. Մարխուդարյանցի կարծիքը, ըստ որի աըստեղ Մելիք-Ադամի ամառանոց-ապարանքն է եղել, իսկ Քաղաքատեղ-Մայրաքաղաքում՝ ձմեռանոց-ապարանքը։ Համեմատաբար մատչելի ձորահովտում կառուցված մելիքական տան ընդարձակ համակառույցի հորինվածքը խստորեն ենթարկված է պաշտպանական բնույթի խնդիրների լուծմանը. ապարանքը շրջապատված է բարձր ու խուլ պարիսպներով, արտաքին մուտքերը փոքր են ու դժվարանոց (հյուսիսայինը՝ պահակատնով, արևելյանը՝ կից աշտարակաձև շենքով), սենյակների տանիքները հիմնականում հարթ եմ և պաշտպանական գործողությունների համար հարմար, արևմտյանը՝ լանջամերձ ու առավել մատչելի հատվածում այդ նպատակով թողնված է տանիքների մակարդակով մինչև պարսպապատը ձգվող հարթակ, սենյակները դեպի բակ բացվող նվազագույն՝ մեկական նեղլիկ պատուհան ունեն, սենյակաշարքերի եզրերում միջանցք ու ազատ տարածք է թողնված տանիք բարձրանալու և ապարանքներին մոտենալու համար։

Ապարանքի պատերը մեծ մասամբ 1 մ-ով հաստություն ունեն և կառուցված են սպիտակ որձաքարի կողտատաշ շարվածքով, ծածկաթաղերում քարերը ճեղքված-մանրացված են։ Սրբատաշ քարերով եմ շարված տրոմպների,մուտքային կամարների, խորշերի և բուխարիների եզրամասերը, ինչպես նաև պատերի անկյունները։ Ըստ պահպանված բեկորների՝ սրբատաշ են եղել նաև նախասրահների սյունակամարները, իսկ սենյակների պատերին մնացած կրաշաղախով սվաղի հատվածները վկայում են, որ դրանց մի մասը ներքուստ սվաղված է եղել։ Այս մասին ևս արժեքավոր վկայություն ունի ապարանքի շինարարական արձանագրությունը, որի «շինեցի գեղեցիկ կամարօք և գեղեցկանկար տունս և սարայիս»տեղեկության մեջ եթե «գեղեցկանկարը» հաստատապես «նկարազարդն» է, կամ «որմնանկարված», ապա անորոշ է, թե ինչ որմնանկարազարդ է եղելէ «գեղեցիկ կամարօք տո՞ւնը», թո՞ «սարայ»-սրահ։ Ամեն դեպքում այս տեղեկությունը ապարանքը կառուցողի առձանագրած ու մեզ հասած եզակի վկայություն է՝ նմանատիպ հուշարձանների ներքին հարդարանքի մասին պատկերացում կազմելու հարցում։ Մոխրաթաղի մելիքական ապարանքն իր նախնական հորինվածքի համեմատաբար ամբողջական պահպանվածությամբ, բազմաբնույթ սենյակների ընդարձակ կազմով ու հատակագծային համադրվածքով, գլխատան անխաթար տրոմպավոր գմբեթով, 1771 թվականի բովանդակալից շինարարական արձանագրությամբ ու նիրհատում այլ կողմերով ուշ միջնադարյան պալատական ճարտարապետության բարձրարժեք հուշարձան է և լույս է սփռում բնագավառի ուսումնասիրության շատ խնդիրների վրա։ Միաժամանակ, «յոյժ տագնապի բազում ժամանակ»-ներից ամենատագնապալիներից և Արցախի հայաշխարհի համար ամենաճակատագրականներից մեկի՝ 18-րդ դարի երկրորդ կեսի ռազմաքաղաքական իրավիճակի դրոշմը կրող պաշտպանական կառույցի բնորոշ օրինակ է և լավագույնս է ներկայացնում դարի ճարտարապետության հատում պալատ-ամրոցի հորինվածքային տիպը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մ. Բարխուդարեանց, Արցախ, էջ 218, հմմտ. «Դիվան հայ վիմագրության», ջ, էջ 94։ Երկրորդ արձանագրությունը գլխատան արևմտյան կողմի սենյակի վրա է եղել՝ դարձյալ ընդարձակ, սակայն փոքր-ինչ եղծված ու անհասկանալի, թվականը՝ անորոշ «Ռ..» (տե՛ս նույն տեղում)։ Շինարարական արձանագրության՝ Հայկունու վերծանությունը սխալաշար է, թվականը՝ նույնը. «ՌՄԻ»։ Վերջինս բերում է նաև մեկ այլ արձանագրություն. «Կարողութեամբն Աստուծ(ոյ) ես Ներսէեսի որդի և Պետրոս իւզբաշի վերակացու լեալ աշտարակիս» (տե՛ս «Մեղու Հայաստանի», 1885, N 70, էջ 2)։
  2. Մ. Բարխուդարեանց, Պատմութիւն Աղուանից, հտ. Բ, էջ 103, Լեո, հտ. 3, գիրք Բ, էջ 313։
  3. Րաֆֆի, նշվ. աշխ., էջ 442, 457
  4. «Դիվան հայոց պատմության », գիրք Ա, Ղուկաս Կարնեցի, էջ 376-377, Լեո, հտ. 3, գիրք Բ, էջ 343, հմմտ. Армяно-русские отношения, т. IV, с.222-227, 230-231, 248: Մ. Բարխուդարյանցը, անծանոթ լինելով այս աղբյուրներին, Մելիք-Ադամի իշխանության տարիները դնում է 1760-1781 թթ. միջև (տե՛ս նրա «Պատմության» էջ 101, 116-117)։
  5. «Հայ ժողովրդի պատմություն», հտ.4, էջ 221
  6. 1805 թ. ռուս-պարսկական պատերազմի տարեգիրը հաղորդում է, որ Ասկերանի մերձակայքում գնդապետ Կարյագինի զորաջոկատը քաջաբար դիմադրելով Պարսից թագաժառանգ Աբբաս-Միրզայի 30 հազարանոց բանակին, կուսապատցի Մելիք-Վանու առաջնորդությամբ նախ ամրացել է «Շահբուլաղի դղյակում», ապա՝ տեղանքին քաջածանոթ հայ մելիքի օգնությամբ գիշերային ռազմերթով նահանջել ու կորուստներից հետո, մոտ 350 հոգով մնացած ջոկատով պահպանվել «Մոխրաթաղի քարաշեն դղյակում »։ (Մանրամասն տե՛ս Утверждение русского владычество на Кавказе, т. 1, под ред. генерал-майора Потто, Тифлис, 1901, с. 208-216.):
  7. Լեո, «Իմ Հիշատակարան», էջ 109
  8. Լեո, նշվ. աշխ., էջ 306, А. Р. Иоаннисян, Иосиф Эмин, с.177:
  9. «СМОМПК», вып. XIII, с. 49.
  10. Տեղահանույթը և չափագրությունը կատարել է ռուսական բանակի պահեստային գումարտակի պորուչիկ Գորշկովը, որը 1901 թ. գործուղվել է ճշտելու Կարյագինի լեգենդար զորաջոկատի 1805 թ. ռազմերթի հետ կապված վայրերը։ (Տե՛ս Утверждение русского владычество на Кавказе, с. 202, 214):
  11. 11,0 11,1 Ապարանքի չափագրությունները հրատարակել է նաև Ն. Պապուխյանը (տե՛ս նրա Չայրվող ծածկերով բնակարանները, պատկ. 103, Ստ. Լիսիցյան, Լեռնային Ղարաբաղի հայերը, նկ.9) :

Արտաքին հղումներ խմբագրել