Մեզոզոյան դարաշրջան

(Վերահղված է Մեզոզոյից)

Մեզոզոյան դարաշրջան (հուն․ μέσος— միջին և ζωή— կյանք), Երկրի շերտագրական սանդղակի նախավերջին խումբը և երկրաբանական պատմության նրան համապատասխանող դարաշրջանը։ Ընդգրկում է 230 թվականից մինչև 67 միլիոն տարի մ․ թ․ ա․։ Մեզոզոյան դարաշրջանի տևողությունը մոտ 163 միլիոն տարի է։ Մեզոզոյան դարաշրջանն առաջին անգամ անջատել է անգլիացի երկրաբան Ջ․ Ֆիլիպսը, 1841 թվականին։ Բաժանվում է 3 ժամանակաշրջանի՝ տրիասի ժամանակաշրջան, յուրայի ժամանակաշրջան և կավճի ժամանակաշրջան։ Մեզոզոյան դարաշրջանի ընթացքում են ձևավորվել ժամանակակից մայր ցամաքների և, հավանաբար, օվկիանոսների իջվածքների մեծ մասի (բացառությամբ խաղաղականի, որն, ըստ երևույթին, գոյություն է ունեցել ավելի վաղ) հիմնական ուրվագծերը։ Մեզոզոյան դարաշրջանը բնութագրվում է գլխավորապես մերկասերմ ու պտերային բուսականությամբ և այնպիսի ֆաունայով, որտեղ ողնաշարավորների մեջ գերակշռում են սողունները։ Բնորոշ է նաև ծածկասերմ բույսերի, կաթնասունների և թռչունների երևան գալը։ Պալեոզոյան դարաշրջանի վերջում բոլոր հին պլատֆորմները բարձրանում են ծովի մակարդակից և գոտևորվում հերցինյան ծալքավորության հետևանքով առաջացած ծալքավոր լեռնային համակարգերով։ Հարավային կիսագնդում էր գտնվում Գոնդվանա հնագույն վիթխարի մայր ցամաքը։ Պալեոզոյան դարաշրջանի վերջում երկրակեղևի մայրցամաքային մարզերը հսկայական տարածություններ են գրավում։ Մեզոզոյից սկսվում է դրանց իջեցումը, որն ուղեկցվում է ծովի տրանսգրեսիաներով։ Գոնդվանան տրոհվում է առանձին մայր ցամաքների (Աֆրիկա, Հարավային Ամերիկա, Ավստրալիա, Անտարկտիդա և Հինդուստանի թերակղզու զանգվածը)։ Պերմի և տրիասի սկզբի արիդային պայմանները մեզոզոյում փոխվում են ավելի խոնավ կլիմայով։ Կավճի ժամանակաշրջանի կեսերին բուսականության կազմում կատարվում է կտրուկ փոփոխություն, ծածկասերմ բույսերը սկսում են տիրապետողդիրք գրավել, որը և պահպանվում է մինչև այժմ։ Մեզոզոյան դարաշրջանի ընթացքում զգալիորեն փոխվում է նաև ծովերի ֆլորայի և ֆաունայի կազմը։ Պալեոզոյան սեռերը և տեսակները լրիվ անհետանում են տրիասի սկզբում և փոխվում նորերով։ Զարգանում են թերթախռիկավորներն ու փորոտանիները, իսկ ուսոտանիները, որ տիրապետում էին պալեոզոյում, ետին պլան են մղվում։ Գլխոտանիներից ծաղկման են հասնում ամոնիտները և բելեմնիտները, ձկներից գերիշխում են փշոտ տեսակները։ Մեզոզոյան դարաշրջանի վերջում մահանում են խոշոր ծովային սողունները (իխտիոզավրերը), անողնաշարավորներից՝ ամոնիտները, բելեմնիտները և այլն։ Մեզոզոյան դարաշրջանի նստվածքների հետ կապված են մի շարք օգտակար հանածոների հանքավայրեր՝ քարածուխ (ՌԴ ասիական մաս, Չինաստան, ԱՄՆ), նավթ, երկաթ (ՌԴ, Ֆրանսիա), բոքսիտներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 377