Մարտիրոսություն (հուն.μάρτυρος-նահատակ, վկա բառից), նահատակություն, ինքնազոհություն հանուն քրիստոնեական հավատի։ 1-4-րդ դարերում (քրիստոնեությունը մինչև պաշտոնական կրոն հռչակելը) հալածվող քրիստոնյաներից առավել մոլեռանդները, մերժելով ուրացումը, գերադասել են մարտիրոսություն։ Եկեղեցին մարտիրոսությունը դիտել է «արյամբ մկրտություն», մարտիրոսներին «խոստանալով երկնային երանելի կյանք», իսկ մարտիրոսության օրը հռչակելով մարտիրոսի «ծննդյան օր», այն մտցրել է իր տոնացույցներում։ 4-րդ դարի մարտիրոսների թիվն արդեն այնքան շատ է եղել, որ եկեղեցին հարկադրված սահմանել է նրանց հիշատակի միասնական օր։ Եկեղեցու հայրերը, մարտիրոսների աճյունները կամ նրանց մասունքները ամփոփելով մատուռներում, վկայարաններում և այլուր, սահմանել են դրանց երկրպագություն՝ եկամուտներ գանձելով ուխտավոր հավատացյալներից։ Մարտիրոսների մասին կան բազմաթիվ վարքաբանություններ, վկայաբանություններ, որոնք բովանդակում են նրանց կյանքի, չարչարանքների ու մարտիրոսության չափազանցված պատմությունը։ Փոխաբերական առումով մարտիրոսություն են անվանում նաև հայրենիքի, նվիրական գաղափարի համար նահատակությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 350 CC-BY-SA-icon-80x15.png