Մարդահարույց փոփոխություններ

Մարդահարույց փոփոխություններ, բնական միջավայրում մարդու գործունեությամբ պայմանավորված փոփոխություններ։ Մարդահարույց փոփոխությունները լինում են անմիջական (անտառների զանգվածային ոչնչացում, հրդեհներ, հողային ծածկույթի ու ջրային ռեժիմի կտրուկ փոփոխություններ) և անուղղակի (առաջանում են լանդշաֆտի, կլիմայի, օդի ֆիզիկական վիճակի ու բաղադրության, հողի և այլ փոփոխությունների հետևանքով)։ Կենցաղային և արտադրական թափոններով միջավայրի աղտոտումը հանգեցնում է էկոլոգիական հավասարակշռության խախտման, օրգանիզմների համակեցության քայքայման։ Բնության վրա մարդահարույց փոփոխությունների ազդեցության բացասական հետևանքներից առավել վտանգավորը կենդանի օրգանիզմների ժառանգականության փոփոխությունն է։ Այն կարող է հանգեցնել բույսերի և կենդանիների համակեցությունների առանձին տեսակների անհետացման՝ դրանց կյանքի պայմանների կտրուկ փոփոխման հետևանքով։ Մի շարք նյութեր, հատկապես քիմիական պատրաստուկները, կարող են առաջացնել ժառանգական շեղումներ՝ մուտացիաներ։ Բնության վրա մարդահարույց փոփոխությունների վնասակար ազդեցության և դրա հետևանքները կանխելու, չեզոքացնելու համար անհրաժեշտ է խորապես ուսումնասիրել բնական միջավայրում տեղի ունեցող նյութի շրջապտույտը և բոլոր տնտեսա-արտադրական միջոցառումները համապատասխանեցնել այդ շրջապտույտին։ Դա մարդ-բնություն հարաբերությունները ճիշտ կառուցելու անհրաժեշտ պայմանն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։