Կյանք մահից հետո կամ հանդերձյալ կյանք, կրոնափիլիսոփայական գաղափար՝ մահից հետո մարդու գիտակից կյանքի շարունակության մասին: Մեծամասամբ նման պատկերացումների հիմքում հոգու անմահության գաղափարն է, որը հատուկ է շատ կրոնական և կրոնափիլիսոփայական ուսմունքների: Հանդերձյալ կյանքի մասին պատկերացումները տարբեր կրոններում տարբեր են: Հուդայականության և քրիստոնեության մեջ այն արտահայտվում է մահացածներից հարություն առնելու հավատով, համաձայն որի, ապագայում մահացած մարդիկ հարություն են առնելու Աստծո շնորհիվ:

Ընդհանուր տեղեկություններ

խմբագրել

Համաձայն հանդերձյալ կյանքի մասին տարատեսակ պատկերացումների՝ մահից հետո շարունակում է ապրել անհատի բուն էությունը, որը կարող է նրա ինչ-որ մասնիկը լինել կամ ամբողջ հոգին, որը տալիս է անձնային նույնականություն կամ նիրվանա: Հանդերձյալ կյանքի հավատը հակառակ է մահից հետո մոռացման հավատին: Մի շարք հայեցակարգեր պնդում են, որ մահից հետո գոյությունը հոգևոր ոլորտն է ընդգրկում, իսկ համաձայն հայտնի հայեցակարգերի մի ստվար զանգվածի էլ՝ անհատը կարող է վերածնվել և նորից սկսել կյանքի բոլորաշրջանը՝ մոռանալով իր նախկին կյանքի մասին: Այդպիսի վերածնունդները կարող են կատարվել այնքան, մինչև մարդը հասնի հոգևոր ոլորտի մակարդակին և գնա այլ աշխարհ: Հանդերձյալ կյանքի մասին հիմնական պատկերացումները ծագում են կրոններից, էզոթերիզմից և մետաֆիզիկայից: Ըստ մի շարք հավատների համակարգերի՝ այդ թվում աբրահամիզմի՝ մահից հետո մարդիկ՝ իրենց կյանքում կատարած արարքներին համապատասխան գոյության նոր մակարդակի են անցնում՝ դատվելով Աստծնո դատաստանի կողմից: Հնդկական կրոնների վերածննդի մասին ուսմունքներում նույնպես շարունակական կյանքի բնույթը որոշվում է ապրած կյանքում կատարած արարքներով:

Տարբեր մետաֆիզիկական մոդելներ

խմբագրել

Թեիստները հավատում են անդրշիրիմյան կյանքին: Որոշ ոչ թեիստական կրոնների ներկայացուցիչներ նույնպես հավատում են հանդերձյալ կյանքին, բայց այն նրանց համար ունի ոչ աստվածային բնույթ: Սադդուկեի հրեական փիլիսոփայական դպրոցը հավատում էր Աստծո գոյությանը, բայց չէր հավատում հանդերձյալ կյանքին[1]: Բազմաթիվ կրոններ՝ անկախ նրանից, հավատում են այլ աշխարհում հոգու գոյությանը (ինչպես քրիստոնեությունը կամ իսլամը) թե վերածննդին (ինչպես բուդդայականությունը և հինդուիզմը), համարում են, որ հանդերձյալ կյանքում մարդու կարգավիճակը պարգև է կամ պատիժ՝ կախված նրա ապրած կյանքից:

Վերամարմնավորում

խմբագրել

Վերամարմնավորումը կրոնական կամ կրոնափիլիսոփայական հայացքների համակարգ է, համաձայն որի՝ գոյի մի մասը յուրաքանչյուր մահից հետո նոր կյանք է սկսում՝ այլ ֆիզիկական մարմնի մեջ: Այն կոչվում է նաև վերածնունդ կամ հոգիների տեղափոխում և Սամսարայի վարդապետության մի մասն է և բուդդայականության, հինդուիզմի, ջայնիզմի և սիկհականության հիմնական աքսիոման[2]: Վերամարմնավորման միտքը հանդիպում է բազմաթիվ հին մշակույթներում: Իրենց ուսմունքներում վերածննդի մասին խոսել են այնպիսի հույն իմաստասերներ, ինչպիսիք են Պյութագորասը, Սոկրատեսը և Պլատոնը[3]: Այն նաև սպիրիտիզմի, թեոսոֆիայի, էկկանկարի, սաենտոլոգիայի ընդհանուր հավատն է: Վերամարմնավորմանը հավատում են նաև Ավստրալիայի, Արևելյան Ասիայի, Սիբիրի, Հարավային Ամերիկայի ցեղային համայնքներում[4]: Քրիստոնեությունը, հուդայականությունը և իսլամը չեն հավատում վերամարմնավորմանը՝ բացառությամբ այս կրոնների մեջ առանձին խմբերի, որոնք են Կաբալան, Կաթարները, Ալավիները, Դրուզները և Ռոզենկրեյցերը[5]: Ռոզենկրեյցները հավատում են, որ մահից հետո մարդը վերանայում է իր կյանքը՝ նախքան անդրշիրիմյան աշխարհ մուտք գործելը և արծաթե թելի կտրվելը, ինչին հաջորդում է դատաստանը, որն էլ վերջնական որոշում է կայացնում մարդու կյանքի վերաբերյալ:

  1. Вениамин (Пушкарь) Священная Библейская история Ветхого Завета.
  2. нп3 Buddhism After Patriarchy: A Feminist History, Analysis, and Reconstruction of Buddhism. — State University of New York Press, 1993. — С. 148. — ISBN 978-1-4384-0513-1
  3. Charles Taliaferro, Paul Draper, Philip L. Quinn A Companion to Philosophy of Religion. — John Wiley and Sons, 2010. — С. 640.
  4. Gananath Obeyesekere Imagining Karma: Ethical Transformation in Amerindian, Buddhist, and Greek Rebirth. — University of California Press, 2002. — С. 15.
  5. Hitti, Philip K Origins of the Druze People and Religion, with Extracts from their Sacred Writings. — Columbia University Oriental Studies. — С. 13–14. — ISBN 0-86356-690-1