Gevorg Ghazaryan/Ռոզինա Ֆեռարիո

Ռոզինա Ֆեռարիո (իտալ.՝ Rosina Ferrario, ), իտալացի առաջին կին օդաչու և աշխարհի 8-րդ կին օդաչու, ավիացիայի ռահվիրաներից մեկը[1][2]:

Կենսագրություն խմբագրել

Ռոզինա Ֆեռարիոն ծնվել է 1888 թվականի հուլիսի 28-ին՝ միլանական ունևոր ընտանիքում: Մանկուց զբաղվում էր դեպի լեռներ արշավներով և հեծանիվ վարելով: 1908 թվականի հունիսին Ռոզինան Միլանում տեսել է ֆրանսիացի քանդակագործ և օդաչու Լեոն Դելագրանժի ելույթները և սկսել երազել երկնքի մասին: 1910 թվականի աշնանը աղջիկը ականատես է եղել տարբեր ինքնաթիռների առաջնություններին՝ «Միջազգային օդային փոխադրումների շղթա»: Միլանցիները անգամ բարձրանում էին տանինքներին, որպեսզի նայեին «թռչող տղամարդկանց»: Նա այսպես էր հիշում այդ իրադարձությունները.

  ...մոնոպլանի ճկուն շարժումներ և բնության գեղատեսիլ ֆոնի վրա բիպլանների ծանր, բայց վստահ թռիչքներ: Ես նույնպես կցանկանայի թռչել այնտեղ, երկնքի մոտ, արագ և անշահախնդրաբար, որպեսզի վերևից հիանայի անեզր հորիզոնի գեղեցկությամբ:
- «Gazzetta dello Sport», 1913 թվականի հունվարի 13
 

1912 թվականի հուլիսին Ռոզինա Ֆեռարիոն ընդունվել է Վիցոլա Տիչինոյի օդաչվական դպրոց, որը հիմնադրել է «Կապրոնի» ընկերության ղեկավար, հայտնի ավիակոնստրուկտոր Ջանի Կապրոնին: «Կապրոնի» ընկերության ղեկավար օդաչուն հռչակավոր ռուս օդաչու Հարիտոն Սլավորոսովն էր:

Ռոզինայի թռիչքի առաջին փորձն անհաջող էր, որից հետո ինքնաթիռը գետնին է ընկել և կոտրվել: Սակայն աղջիկն այդ միջադեպից հետո անվնաս է մնացել և որոշել է չհանձնվել՝ շարունակելով ուսումը: Իր խոսքերով, այդ իրադարձության առթիվ աղմուկը և իրարանցումը եղել է առաջին ուժեղ վրդովմունքը, որը նա ստացել է ավիացիայում: Նա հեծանիվից ընկնելով կոտրել է ձախ ձեռքը, որով գնացել է օդաչվական դպրոց: Ռոզինան 1913 թվականի հունվարի 3-ին ստացել է № 203 օդաչուի թույլատվություն: Աղջկան եկել են շնորհավորանքներ ամբողջ Իտալիայից: Հայտնի ռազմային օդաչու Կարլո Մարիա Պյացան հեգնանքով գրել է նրան. «Օրիո՛րդ, իմ սիրալիր շնորհավորանքները, բայց ես կին օդաչուին կգերադասեի ավելի խելացի՝ կին մայր»: Այդ ծաղրող մեկնաբանությունը ֆեմինիստ գրող Լիդիա Մոնֆերինիի մոտ զայրույթ է առաջացրել, որը բողոքի նամակ է գրել Ազգային օդային լիգայի նախագահին: Նա հանդես էր գալիս այն մտքի դեմ, որ «կնոջն օդում ինքնաթիռը կառավարելու համար չի բավարարում ուժ և քաջություն»: Օդաչուները ուրախ էին ընդունել «շրջազգեստով գործընկերոջը»: 1913 թվականի հունվարի 22-ին Ռոզինայի պատվին Միլանում խնջույք է կազմակերպվել: Մարտի 15-ին Ֆեռարիոն կոնֆերանս է անցկացրել «Կանայք-Արվեստ» ասոցիացիայի համար: Օդաչուն մասնակցել է տարբեր միջոցառումների, օդաչվական ցույցերի և ցուցադրական թռիչքների: 1913 թվականի ապրիլի 23-ին Նեապոլի բնակիչները հիացած էին, երբ երկնքից թափվում էր կարմիր մեխիկների անձրև, որը որպես նվեր պատրաստել էր Ռոզինա Ֆեռարիոն: 1913 թվականի սեպտեմբերի 23-ին Ֆեռարիոն թագավոր Վիկտոր Էմանուիլ III-ի այցի ժամանակ իրականացրել է թռիչք Միլանից Բերգամո:

1913 թվականի նոյեմբերի 19-ին նա մասնակցել է Ջուզեպպե Վերդիի 100-ամյակին նվիրված միջոցառմանը: Մշուշի պատճառով Ռոզինան ստիպված էր վայրէջք կատարել Բուսետոյի մոտակայքում գտնվող եգիպտացորենի արտում: Ռոզինան երազում էր դառնալ պրոֆեսիոնալ օդաչու: 1914 թվականի մարտի 30-ին նա առաջիններից էր, ով փորձարկել էր Գաբարդինիի մոնոպլանը: Ավելի ուշ նա հրավիրվել էր Լատինական Ամերիկա թռիչքներին մասնակցելու համար, բայց չի կարողացել գնալ մոտեցող Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով:

1915 թվականի մայիսին Իտալիան մտել է Առաջին համաշխարհային պատերազմ: Նախարարների հրամանով դադարեցվել են քաղաքացիական ինքնաթիռների օգտագործումը: Երիտասարդ օդաչուի ռոմանտիկ պոռթկումներն ընդհատվել են պատերազմի դաժան իրականությամբ: Ռոզինան առաջարկել է օգտագործել ինքնաթիռները Կարմիր Խաչի ծառայության, դիրքերից վիրավորների տեղափոխման համար: Ռազմային նախարարություն բազմաթիվ անօգուտ առաջարկներից հետո նա պետական պաշտոնյաներից ստացել է հետևյալ պատասխանը. «Թագավորական բանակ երիտասարդ օրիորդների հավաքագրում չի պլանավորվում»: Այդպես պատերազմը վերջ է դրել ավիացիայի մասին երիտասարդ օդաչուի երազանքներին: Պատերազմի ավարտից հետո Ռոզինան այլևս չի թռչել:

1921 թվականին Ռոզինա Ֆեռարիոն ամուսնացել է ձեռնարկատեր Էնրիկո Գրյունոլայի հետ: Ամուսնու հետ միասին նրանք Միլանում բացել են «Իտալիա» հյուրանոցը: Ռոզինան դարձել է երկու երեխաների՝ Լետիցիայի և Մորիոյի մայրը և իրեն ամբողջությամբ նվիրել է ընտանիքին: Նրա զբաղմունքներն էին մնացել երաժշտությունը և լեռնային տուրիզմը: Կարոտով նա հիշում էր ավիացիայի հերոսական օրերը, երբ ինքնաթիռը դեռ «երկնքում ձանձրալի ավտոբուս» չէր: Կանոնավոր կերպով մասնակցում էր առաջին օդաչուների հանդիպումներին: Եղել է Միջազգային օդաչվական ֆեդերացիայի և Միլանիա ավիացիայի մշակութային կենտրոնի անդամ:

Ռոզինան մահացել է 1959 թվականին Միլանում, հուղարկավորված է Սեստո Սան Ջովաննիի գերեզմանատանը: Նրա գերեզմանի վրա կանգնեցված է ավիացիայի ռահվիրաների մեդալների լուսանկարը:

Օդաչուն պարգևատրվել է Իտալիայի ավիացիայի նախարարության «Ավիացիայի ռահվիրաների վաստակի համար» մեդալով (1943 թվականի հունվարի 23): Ռոզինա Ֆեռարիոյի անունով են կոչվում Միլանի և Պալերմոյի փողոցները:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Emiliani, Angelo (April 2014). «L'Altra metà del cielo: l'epopea delle donne volanti» (PDF) (Italian). Regione Emilia-Romagna. Վերցված է դեկտեմբերի 22, 2016-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Rosina Ferrario». Early Aviators. Վերցված է դեկտեմբերի 22, 2016-ին.

Գրականություն խմբագրել

  • Славороссова, Е. А.Обнимая небо // Журнал Чудеса и приключения. 2016, № 3.
  • Rosario Abate, Gregory Alegi, Giorgio Apostolo Aeroplani Caproni – Gianni Caproni ideatore e costruttore di ali italiane. — Museo Caproni, 1992. ISBN non esistente.
  • Rosellina Piano Signorina aviatrice. — Baldissero d'Alba, Umberto Soletti editore, 2012.
  • Rosellina Piano Piu leggere dell'aria. — Baldissero d'Alba, Umberto Soletti editore, 2013.
  • Maurizio Lanza Rosina Ferrario. Prima donna aviatrice in Italia in Rivista Aeronautica, n. 1. — Roma: Ministero della Difesa,, 2013, pp. 110-115.
  • Umberto Soletti Signorina aviatrice in Aerei nella Storia, n. 89. —Parma, West-Ward edizioni, aprile-maggio, 2013, pp. 26-29.


Կատեգորիա:Կին օդաչուներ Կատեգորիա:Ֆեմինիստներ Կատեգորիա:Իտալացի կին օդաչուներ