Գևորգ Կուկոյան (Հայասա)

Գևորգ Հայասա Կուկոյան (բանաստեղծ, ութ գրքերի հեղինակ,նկարիչ,քանդակագործ)-ծնվել է 1948թ-ին, մարտի 20-ին Ախալքալաքի շրջանի Մերենիա գյուղում: 1961թ-ին ընդունվել է ԵՊՀ-ին կից ֆիզմաթեմատիկական թեքումով դպրոցը և այն ավարտել 1967թ-ին: Նույն դպրոցում զուգընթաց սովորել և ավարտել է Արվեստի Պատանեկան Համալսարանը:Ունի բարձրագույն բանասիրական կրթություն: Պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից <<Մայրենիի դեսպան>>մեդալով,Վրաստանում Հայաստանի դեսպանության կողմից` պատվոգրով,Վրաստանի հայ գրողների <<Վերնատուն>>միության կողմից`պատվոգրով:Բազում եկեղեցիների և Արցախյան պատերազմում զոհված ջավախքցի հերոսների քանդակների հեղինակ է: <<Վերնատուն >>միության անդամ է:1979թ-ից մինչ այժմ դպրոցում հայոց լեզու և գրականություն է դասավանդում:Ինձ մերժող աղջիկը ըստ.Գևորգ Հայասա Կուկոյան




Սիայի

Կարզախ գյուղի Կիլերթա թաղամասի գերեզմանոցում կա մի շիրմաքար, որի վրա անվարժ ձեռքով փորագրված է - «Աստ հանգչի երգիչ Սիայի Ղազար Կարապետյան, վախճանվել է 1903 թ. 19 մայիսի»: Ծնված թիվը հայտնի չԷ։ Աշուղի նախնիները գաղթել են Էրզրումից՝ 1830 թվականին, ժամանակակիցների վկայությամբ պետք է, որ նա ծնված լինի 1835 թվականին։

Սիային, որին անվանում էին նա Ղարա - Ղազար, 19-րդ դարի վերջերի 20րդ դարի սկզրների Ջավախքի ամենատաղանդավոր աշուղն էր։ Նրա մոտ աշուղական արվեստ են սովորել Ջիվանին, Թիֆիլին, Մաթոսը և ուրիշներ։

Կարզախը Ախալքալաքի գավառի մեծ գյուղերից մեկն էր, ուր հաճախում էին հայ, վրացի, թուրք և այլ ազգի շատ աշուղներ, ելույթներ էին ունենում շփվում տեղի աշուղների հետ։ Բացի աշուղներից, Կարզախ էին գալիս գավառի շատ գյուղերի բնակիչներ։ Եվ դա ուներ իր պատճառները. այստեղ բավական զարգացած էին առտրական հարաբերությունները Արդահանի, Չլդըրի, Ալեքսանդրապոլի, Ախալցխայի, Ախալքալաքի և այլ քաղաքների հետ։ Գյուղում կային կտորեղենի մանրածախ ապրանքների խանութներ, որոնցում, բացի տեղացիներից, առտուր էին անում նա հարևան գյուղերի բնակիչները։ Մի խոսքով, Կարզախը համարվում էր Ջավախքի առուծախի կենտրոններից մեկը։ Գյուղի արհեստավորները ևս դեպի իրենց էին ձգում պատվիրատուներին։ Վերջապես Կարզախով է անցնում Արդահան, Չլդըր, Կարս և Արելյան Թուրքիա տանող միակ ճանապարհը։ Իզուր չէ, որ Կարզախ այցելողները կատակով գյուղն անվանում էին «Քիչիկ Ստամբուլ» (փոքր Ստամբուլ)։

Աշուղ Սիային հիմնականում ստեղծագործել ու երգել է թուրքերեն լեզվով, հենց այդ պատճառով էլ աշուղական գրականություն մեջ նրա մասին քիչ տեղեկություններ կան։ Գ. Լևոնյանի ջանքերով Սիայու միակ երգը` «Մարինան» տեղ է գտել 1937 թվականին հրատարակած «Հայ աշուղներ» ժողովածուում։ Սիայու մասին գոյություն են ունեցել թյուր կարծերներ, իբր նա սեփական ստեղծագործություններ չի ունեցել, այլ միայն կատարել է նշանավոր աշուղների հորինած երգերն ու հեքիաթները։ Աշուղը ինքն է վկայում, որ ունեցել է շատ երգեր ու հեքիաթներ.

Սիային եմ հազար ու մի ցավ կրած, Ունեմ շատ հեքիաթներ, երգեր հորինած…

Սիայու «Օձ քաղաքը» հեքիաթը իր ժամանակին մեծ ընդունելության է արժանացել Ջավախքում։ Բռնակալ բեկը գերված հայ աղջկան ստիպում է գավերը գինի լցնել և հաճույք պատճառել իրեն։ Աղջիկը վշտացած երգում է.

Մանուշակն եմ, գինի կածեմ գավերը, Ոտքի ելան, խոսան սրտիս լարերը, Ես չեմ տանի օտարների ցավերը, Յարից եկած խոցն ու բnրը շատ լավ են։

Բնութագրելով Սիայու կատարողական արվեստը, առաջին հերթին պետք է նշել, որ նա երգերի ու հեքիաթների լավագույն կատարող էր։ Ելույթների ժամանակ աչքի էր ընկնում հանպատրաստից երգեր հորինելով։ Աշուղը եղել է խստաբարո, պահանջկոտ իր նկատմամբ, իր աշակերտների ու ունկնդիրների նկատմամբ։ Նրան լսում էին քար լռությամբ։ Իր վարպետին լավ է բնութագրել աշուղ Թիֆիլին՝ «Դու իմ անմահ վարպետ, անպարտ Սիայի»: Այո՛, վարպետը անպարտ էր։ Բազմաթիվ մրցույթների ժամանակ նա շարունակ հաղթող է դուրս եկել։ Սիայու երգերի մեջ մեծ տեղ են գրավել սիրային խաղերը։ Պատմում են, որ մի անգամ վրացական Գոգաշեն գյուղով անցնելիս աղբյուրի մոտ նա տեսնում է հավաքված աղջիկներին ու հարսներին, որոնք կժերով ու սափորներով ջուր էին վերցնում։ Գուսանը հմայված կանգ է առնում, երբ նրանց մեջ տեսնում է գեղանի մի հարսի, սազը լարում ու գովերգում է.

Աղբյուրի մոտ տեսա մի գեղեցկուհի. Ասի՝ երանի, ու՞մ յարն ես դու, գյոզալ, Էլ չափ չկա, որ գին դնի քո բոյին, Ջավահիր հանքի քարն ես դու, գյոզալ։

Այս երգը ժողովրդի հիշողության մեջ մնացել է առայսօր։ Այն շատ գյուղերում տեղայնացվել է ու փոփոխության ենթարկվել. ասում են, որ երգը իրենց գյուղի այնինչ գեղեցիկ հարսին է նվիրված։ Այդպես են մեկնաբանում Գանձայում, Կարզախում, Սուլդայում և այլ գյուղերում։ Իրականում աշուղը այդ երգը հանպատրաստից հորինել է վրացական Գոգաշեն գյուղում։

Աշուղը շրջագայել է, եղել է գավառի մեծ գյուղերում, երբեմն էլ մեկնում էր Ալեքսանդրապոլ։ Շրջագայելիս սիրում էր իր հետ տանել աշակերտներից մեկին։ Նման դեպքերում նրա հետ ավելի հաճախ լինում էր Ջիվանին, մի անգամ Խերթվիսում մրցույթի ժամանակ սրամիտ աշակերտը իր վարպետին դուրս է բերում ծանր կացությունից։

Ինչպես բոլոր աշուղները, այնպես էլ Սիային ունեցել է իր երգերի դավթարը։ Հարազատների (Շեկո, Արտավազդ Կարապետյաններ, Գասպար Բանգոյան) վկայությամբ հուղարկավորության ժամանակ դավթարը և սազը աշուղի դիակի հետ միասին թաղել են։ Ցավալի է, որ այդ սխալը ոչ ոք չի կանխել։

Կյանքի բովով անցած, տանջանքներ ու տառապանքներ տեսած Սիային բոլոր աշուղների առաջադեմ մարդկանց նման հայ ժողովրդի փրկությունը կապում էր ռուս ժողովրդի ազատագրական շարժման հետ։ Նա ազդարարում էր.

Ռուսաստանում ազնիվ մի մարդկություն կա, Արդարության համար վաղ, թե ուշ կգա։