Երեխան առանց ոտնակների հեծանիվ վարելիս

Առանց ոտնակների հեծանիվ, հեծանիվ, որը չունի ոտնակներ և փոխանցումներ։ Ներառում է հեծանիվի և սամակատի հատկանիշները․ ինչպես հեծանիվի դեպքում, վարողը նստում է նստատեղին, սակայն սամակատի նման է գնում՝ ոտքերով հրելով գետինը, այլ ոչ թե օգտագործելով ոտնակները։

Այս հեծանիվի առավելությունն այն է, որ այն վարելիս երեխայի համար ավելի հեշտ է պահպանել հավասարակշռությունը, քան սովորական ոտնակով հեծանիվի դեպքում: Իսկ սամակատի նկատմամբ առավելությունը ֆիզիկական ծանրաբեռնվածության համաչափ բաշխումն է (քանի որ երկու ոտքերը հավասարապես են ներգրավված շարժման մեջ):

Առանց ոտնակների հեծանիվ փայտե հենոցներով

Պատմություն խմբագրել

Մանկական առանց ոտնակների հեծանիվների անմիջական նախորդը Կառլ Դրեզի հորինած երկանիվ փայտե հեծանիվն էր, որը կոչվում էր «վազելու համար նախատեսված մեքենա» (գերմ.՝ Laufmaschine)։ Առաջին ուղևորությունը տեղի է ունեցել 1817 թվականի հունիսի 12-ին, իսկ Դրեզը 1818 թվականին ստացել է իր գյուտի արտոնագիրը: Այն նաև հայտնի է դրեզինա անունով (գյուտարարի անունով), իսկ 1818 թվականին ֆրանսիացի Ժոզեֆ Նյեպսը իր՝ ավելի հարմար նստատեղով տարբերակի համար առաջարկեց հեծանիվ (ֆր.՝ vélocipède, լատիներեն «արագ ոտքեր» արտահայտությունից) անունը: Անգլիայում այս տրանսպորային միջոցն անվանեցին «ձի-զվարճանք» (անգլ.՝ hobby-horse) կամ «ձի դենդիի համար» (անգլ.՝ dandy-horse)։ Երկրորդ պարագայում դա կապված էր նրա հետ, որ այդ տարիներին տվյալ փոխադրամիջոցով երթևեկում էին հիմնականում անգործ երիտասարդ դենդիները[1][2][3]։


20-րդ դարի վերջին այս տրանսպորտային միջոցը ձեռք բերեց նոր կիրառություն: 1997 թվականին գերմանացի դիզայներ Ռոլֆ Մերթենսը որոշեց իր երկու տարեկան որդու համար նախագծել նմանատիպ մոդել, որը երեխային հնարավորություն կտար վարել ոտքերով հրելով և աստիճանաբար սովորել պահել հավասարակշռությունը։ Մանկական առանց ոտնակների հեծանիվը աստիճանաբար ձեռք բերեց մեծ ճանաչում, և Մերթենսը եղբոր հետ հիմնադրեց «Kokua» ընկերությունը[4]՝ վաճառելու իրենց հայտնագործությունը[5][6]։ Այս հեծանիվները գերմաներեն կոչվեցին «Laufrad» (գերմ.՝ laufen «վազել» և գերմ.՝ rad «անիվ»)[7]։

21-րդ դարի սկզբին առանց ոտնակների մոդելը փոփոխությունների ենթարկվեց և նոր կառուցվածքով սկսեց կիրառվել որպես մանկական տրանսպորտ: Հիմա դա ամենատարածված մանկական տրանսպորտն է Եվրոպայում և ԱՄՆ-ում, 2010 թվականի սկզբից այն դարձավ ավելի տարածված նաև Ռուսաստանում։

Տեսակներ խմբագրել

Առանց ոտնակի հեծանիվները կարող են լինել երկանիվ, եռանիվ կամ քառանիվ։ Դրանք պատրաստվում են մետաղից, փայտից կամ պլաստմասայից: Որպես կանոն՝ առանց ոտնակի հեծանիվները արգելակներ չունեն, սակայն որոշ մոդելներ ունեն ձեռքի արգելակ: Կան հիբրիդային մոդելներ, որոնց ոտնակները հանելու և հենոցը իջեցնելու պարագայում այն վերածվում է առանց ոտնակների հեծանիվի։ Հնարավոր է փոխել ժամանակակից առանց ոտնակների հեծանիվների անիվները՝ դրանք դարձնելով ձմեռային և երեխային հնարավորություն տալով այն օգտագործել տարվա ցանկացած եղանակին:

Կիրառություն խմբագրել

Որպես կանոն՝ առանց ոտնակների հեծանիվները նախատեսված են 1-6 տարեկան երեխաների համար։ Դրանց օգնությամբ երեխաները սովորում են պահել իրենց հավասարակշռությունը վարելու ժամանակ, ուստի հաճախ այսպիսի հեծանիվները միջանկյալ օղակ են հանդիսանում սովորական ոտնակներով հեծանիվ վարել սովորելու համար։


Ծանոթագրություններ խմբագրել

  1. Inventors and Inventions, Volume 4. Marshall Cavendish, 2007. P. 1064.
  2. David V. Herlihy. Bicycle: The History. Yale University Press, 2006. P. 49.
  3. Eric Bruun, Preston L. L. Schiller, Todd Litman. An Introduction to Sustainable Transportation: «Policy, Planning and Implementation». Routledge, 2012.
  4. «Сайт немецкой компании KOKUA, производящей беговелы LIKEaBIKE». Արխիվացված է օրիգինալից 2017-08-21-ին. Վերցված է 2012-09-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Ein Laufrad für Deutschland. In: Die Zeit. Nr. 17, 16. April 2009, S. 19
  6. Страница британского ретейлера, распространяющего модель беговелов LIKEaBIKE Արխիվացված 2012-08-02 Wayback Machine
  7. История возникновения лауфрада

Արտաքին հղումներ խմբագրել