Սոցիալական ինտելեկտ (անգլ.՝ social intelligence), ընդունակությունների շարք, որը որոշում է սոցիալական փոխազդեցության հաջողությունը: Ներառում է այլ անձի վարքագիծը հասկանալու ու սեփական վարքագիծը ընկալելու ընդունակությունները, ինչպես նաև կոնկրետ իրավիճակում համապատասխան կերպով գործելու կարողությունը[1]։

Սոցիալական ինտելեկտ հասկացությունը հաճախ կապվում է «էմոցիոնալ ինտելեկտ» հասկացության հետ՝ ենթադրելով, որ «էմոցիոնալ ինտելեկտ» հասկացության գաղափարն առաջացել է սոցիալական ինտելեկտից: Այնուամենայնիվ, հեղինակների մեծ մասը կարծում է, որ այս հասկացությունները պարզապես համընկնում են[1]։ Սոցիալական ինտելեկտը հատվում է հաղորդակցման հմտությունների հետ։

Եզրույթն առաջին անգամ օգտագործել է Էդուարդ Լի Տորնդայքը[2], իսկ հետագայում իրենց աշխատություններում դրա զարգացմամբ զբաղվել են Գորդոն Օլպորտը[3], Ջո Փոլ Գիլֆորդը և մյուսները, ինչպես նաև ռուսաստանցի հետազոտողներ Մ․ Բոբնևան[4] և Վ․ Կունիցինան[5]։

Սահմանման մոտեցումներ

խմբագրել

Սոցիալական ինտելեկտի բնույթը հասկանալու երեք մոտեցում կա․

  1. Սոցիալական ինտելեկտը որպես ինտելեկտի տեսակ։ Սա նշանակում է, որ սոցիալական ինտելեկտը հանդիսանում է ճանաչողական կարողություն, որը հավասար է ճանաչողական ինտելեկտի այնպիսի տեսակներին, ինչպիսիք են մաթեմատիկականը, բանավոր ինտելեկտը և այլն:
  2. Սոցիալական ինտելեկտը որպես գիտելիք, կարողություններ և հմտություններ, որոնք ձեռք են բերվել սոցիալականացման գործընթացում: Սոցիալական ինտելեկտը այստեղ ներկայացված է ոչ թե որպես կարողություն, այլ որպես ձեռքբերովի հաջողություն (հոգեբանական ռեսուրսներ)։ Այս մոտեցումը քննադատվում է այն բանի համար, որ ցանկացած նվաճում և գիտելիքի ձեռքբերում ինչ-որ կերպ ենթադրում է կարողությունների առկայություն։
  3. Սոցիալական ինտելեկտը որպես անհատականության գիծ, որը պայմանավորում է հաջողությունը միջանձնային փոխազդեցության մեջ[6]։

Ուսումնասիրության պատմություն

խմբագրել

Սոցիալական ինտելեկտի խնդիրն առաջին անգամ քննարկվել է 20-րդ դարի սկզբին Էդուարդ Տորնդայքի կողմից, որն առաջին անգամ շրջանառության մեջ է դրել «սոցիալական ինտելեկտ» եզրույթը՝ նշելու միջանձնային իրավիճակներում հաջողության հասնելու, խելամիտ և առկա իրավիճակին համապատասխան վարքագիծ դրսևորելու կարողությունը: Բացի այդ, նա նաև հնարավոր էր համարում սոցիալական ինտելեկտի կառուցվածքում այլ մարդկանց կառավարելու ունակության առկայությունը[2]:

Բրիտանացի հոգեբան Ֆիլիպ Վերնոնը տվել է սոցիալական ինտելեկտի ամենալայն սահմանումը՝ բնորոշելով այն որպես մարդու՝ ընդհանրապես մարդկանց հետ շփվելու ունակությունը, հասարակության մեջ հեշտ ինքնադրսևորվելու կարողությունը, ինչպես նաև խմբում առկա տրամադրությունները հասկանալու և մարդկանց թաքնված բնավորության գծերն ըմբռնելու կարողությունը[7]:

Ըստ Գորդոն Օլպորտի՝ սոցիալական ինտելեկտը «սոցիալական պարգև» է, որը նպաստում է սահուն հաղորդակցությանը: Օլպորտը սոցիալական ինտելեկտը բնորոշել է որպես մարդկանց աշխարհում փոփոխվող պայմաններին հարմարվելու կարողություն: Նրա կարծիքով՝ սա այն 8 հատկանիշներից մեկն է, որոնք պայմանավորում են մարդկանց լավ հասկանալու կարողությունը[8]։

Օգյուստ Կոնտը և Հանս Յուրգեն Այզենկն իրենց հերթին ընդգծել են ինտելեկտի սոցիալական բնույթը, իսկ Կոնտը նաև հավելել է, որ սոցիալական ինտելեկտն այլ մարդկանց հասկանալու կարողությունն է, ինչպես նաև նրանց աչքերով քեզ տեսնելու կարողությունը[9]:

Ջո Փոլ Գիլֆորդը առաջին հետազոտողն էր, որը չափման տեսանկյունից մոտեցավ սոցիալական ինտելեկտի խնդրին: Նա մշակեց սոցիալական ինտելեկտի թեստ և, ի լրումն, առաջարկեց, որ սոցիալական ինտելեկտը մի միավոր է, որը կախված չէ ընդհանուր բանական գործոնից, այլ կապված է վարքագծի մասին ինֆորմացիայի իմացության հետ[10]։

Ռոբերտ Սթերնբերգը սոցիալական ինտելեկտը մեկնաբանել է որպես այլ մարդկանց հետ լեզու գտնելու, իրեն նրանց տեղը դնելու, նրանց հասկանալու, ինչպես նաև նրանց զգացմունքները, տրամադրությունները և նրանց գործողությունների դրդապատճառները ճիշտ և քննադատաբար գնահատելու կարողություն[11]:

Խորհրդային հոգեբանության մեջ Մարգարիտա Բոբնևան առաջինն է նկարագրել սոցիալական ինտելեկտի ֆենոմենը։ Նրա կարծիքով` սոցիալական ինտելեկտը ձևավորվում է սոցիալականացման ընթացքում, այսինքն՝ ողջ կյանքի և այլ մարդկանց հետ շփման գործընթացում։ Բացի այդ, սոցիալական ինտելեկտի համատեքստում Բոբնևան նկարագրել է տիպավորման և անհատականացման միտումները: Տիպավորման միտումը դրսևորվում է բոլոր մարդկանց համար ընդհանուր հատկությունների ձևավորման մեջ, մինչդեռ անհատականացման միտումը, ընդհակառակը, անձնական, անհատական ​​փորձի կուտակման գործընթաց է[4]:

Յուրի Եմելյանովը սոցիալական ինտելեկտ հասկացությունը կապել է սոցիալական զգայունության հետ։ Նրա կարծիքով՝ ինտուիտիվ կերպով մարդն ինչ-որ կերպ զարգացնում է անհատական ​​ունակություններ, որոնց հիման վրա նա կայացնում է որոշումներ և սոցիալական փոխազդեցության մեջ եզրակացություններ անում: Այսպիսով, նա պնդում էր, որ սոցիալական ինտելեկտի զարգացմանը նպաստում է զգայունության առկայությունը[12]։

Վ. Կունիցինայի կարծիքով՝ սոցիալական ինտելեկտը գլոբալ կարողություն է, որը զարգանում է ինտելեկտուալ, անձնական, հաղորդակցական և վարքագծային հատկությունների հիման վրա[5]:

Ա. Յուժանինովան ևս սոցիալական ինտելեկտն անվանում է որոշակի կարողություն՝ նշելով, որ այդ կարողությունն արտահայտվում է 3 բաղադրիչով՝ սոցիալ-ընկալողական կարողություններ, սոցիալական երևակայություն, ինչպես նաև սոցիալական հաղորդակցման տեխնիկա[13]։

 
Նկար 1. Հանս Այզենկի ինտելեկտի կառուցվածքի մոդելը։

Սոցիալական ինտելեկտը Հանս Այզենկի ինտելեկտի կառուցվածքի մոդելում

խմբագրել

Հանս Այզենկն առաջարկել է սխեմա (նկ. 1), որը միավորում է ինտելեկտի 3 տեսակ՝ կենսաբանական, հոգեչափական և սոցիալական:

Այս սխեմայի համաձայն` կենսաբանական ինտելեկտը ցուցիչ է, որը կապված է գլխուղեղի կեղևի կառուցվածքների և գործառույթների հետ (այսինքն` վարքագծի ֆիզիոլոգիական, նյարդաբանական, կենսաքիմիական և հորմոնալ հիմքերի հետ): Ըստ նրա՝ հոգեչափական ինտելեկտն արտացոլվում է ինտելեկտի հենց այն գործակցով (IQ), որը չափվում է թեստերի միջոցով: Եվ վերջապես, Այզենկը սոցիալական ինտելեկտը նկարագրում է որպես սոցիալապես օգտակար հարմարվողականության դրսևորում, որը ներառում է այնպիսի կարողություններ, ինչպիսիք են բանականությունը, խնդիրների լուծումը, հիշողությունը, սովորելու ունակությունը, ռազմավարությունների մշակումը և շրջակա միջավայրին հարմարվելը:

Այսպիսով, Այզենկի ներկայացրած սխեմայում սոցիալական ինտելեկտի հասկացությունն ամենալայնն է, որը ներառում է կենսաբանական և հոգեչափական ինտելեկտի ավելի նեղ հասկացությունները[9]:

Սոցիալական ինտելեկտը Ջո Փոլ Գիլֆորդի ինտելեկտի մոդելի կառուցվածքում

խմբագրել
 
Նկար 2. Ջո Փոլ Գիլֆորդի ինտելեկտի կառուցվածքի խորանարդային մոդելը։

Ջո Փոլ Գիլֆորդը մշակել է ինտելեկտի կառուցվածքի խորանարդային մոդելը (նկ. 2), որտեղ իր տեղն է գտել նաև սոցիալական ինտելեկտը։

Այս կառուցվածքում ինտելեկտը նկարագրվում է երեք փոփոխականների տիրույթում՝ ներկայացված տեղեկատվության բովանդակությունը, տեղեկատվության մշակման գործողությունները և տեղեկատվության մշակման արդյունքները։

Հենց այս երեք կոորդինատների առանցքներն են նկարագրում ինտելեկտուալ կարողությունները, որոնք փոքր խորանարդիկների տեսքով արտացոլված են այս գծապատկերում։ Նմանապես, սոցիալական ինտելեկտը կարող է նկարագրվել այս երեք փոփոխականների տիրույթում:

Այս մոդելը սոցիալական ինտելեկտի համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ Գիլֆորդի ուշադրությունը կենտրոնացած էր գործողություններից մեկի՝ ճանաչողության վրա:

Այս ոլորտում նրա հետազոտությունները կենտրոնացած էին վարքագծային ճանաչողության վրա: Այս կարողությունը ներառում է 6 գործոն.

  1. Վարքագծի տարրերի իմացություն․ համատեքստից վարքագծի բանավոր և ոչ բանավոր արտահայտումն առանձնացնելու ունակություն,
  2. Վարքագծի դասերի իմացություն․ տեղեկատվության հոսքում ընդհանուր հատկություններն ընկալելու ունակություն,
  3. Վարքագծային հարաբերությունների իմացություն․ վարքագծի վերաբերյալ տեղեկատվության միավորների միջև ծագող հարաբերությունները հասկանալու ունակություն,
  4. Վարքագծային համակարգերի իմացություն․ մարդկանց միջև փոխգործակցության իրավիճակների զարգացման տրամաբանությունը և կոնկրետ իրավիճակներում նրանց վարքագծի իմաստը հասկանալու ունակություն,
  5. Վարքագծային փոխակերպումների իմացություն․ նմանատիպ վարքագծի փոփոխվող իմաստը հասկանալու ունակություն,
  6. Վարքագծի արդյունքների իմացություն․ սկզբնական տեղեկատվության հիման վրա վարքագծի հետևանքները կանխատեսելու ունակություն[14]։

Սոցիալական ինտելեկտը Հովարդ Գարդների բազմակի ինտելեկտների կառուցվածքում

խմբագրել

Հովարդ Գարդների կողմից առաջարկված բազմակի ինտելեկտների կառուցվածքում առանձնացնում են ինտելեկտների հետևյալ տեսակները, որոնք անմիջականորեն կապված են սոցիալական ինտելեկտի հետ.

  1. Ներանձնային ինտելեկտ․ սեփական ներքին հոգեկան գործընթացներին դիմելու, ինքն իրեն, իր հնարավորությունները, շարժառիթները, հույզերը հասկանալու կարողությունն է:
  2. Միջանձնային ինտելեկտ․ այլ մարդկանց զգացմունքներն ու մտադրությունները հասկանալու կարողություն[15]։

Մաքիավելյան ինտելեկտ

խմբագրել

Մաքիավելյան ինտելեկտը հատուկ ինտելեկտուալ ունակություններն են, որոնք ապահովում են թիմում անհատի արդյունավետ գործունեությունը (կոալիցիաներ կազմելու, «սահմանված կարգը խախտողների» դեմ համատեղ դիմադրություն կազմակերպելու կարողությունը, սեփական հեղինակությունը և սոցիալական կարգավիճակը բարձրացնելու տարբեր հնարքները, «հայրենակիցների» արձագանքներն ու գործողությունները կանխատեսելը՝ հիմնվելով նրանց մտադրությունների, գիտելիքի և մտածելակերպի «մոդելավորման» վրա և այլն)[16][17]:

Կառուցվածք

խմբագրել

Սոցիալական ինտելեկտի կառուցվածքում տարբեր հեղինակներ առանձնացնում են տարբեր բաղադրիչներ:

Յուժանինովան, օրինակ, առանձնացնում է հետևյալը.

  1. Սոցիալական ընկալման ունակություններ՝ ադեկվատ ինքնաճանաչման, մարդկանց աշխարհում սեփական դիրքը հասկանալու և դրանում գործելու կարողություն: Այն ներառում է սեփական անհատական ​​հատկանիշների, հոգեկան գործընթացների ընթացքի, ինչպես նաև հուզական հատկությունների և որակների ճիշտ ընկալումը:
  2. Սոցիալական երևակայություն՝ այլ մարդկանց արտաքին նշանները սինթեզելու և նրանց անձնական հատկությունների հիման վրա մոդելավորելու, ինչպես նաև որոշակի իրավիճակներում նրանց հետագա վարքագիծը կանխատեսելու կարողությունը:
  3. Սոցիալական հաղորդակցության տեխնիկա՝ ցանկացած իրավիճակում վարքագծի ճկունությունը, այն փոխելու, ինչպես նաև այլ անձի տեսանկյունից իրավիճակը տեսնելու և պատկերացնելու ունակությունը[13]:

Ըստ Օ. Ջոնի և Կ. Կոսմիտսկու՝ սոցիալական ինտելեկտը ներառում է հետևյալ բաղադրիչները.

  1. այլ մարդկանց զգացմունքների, մտքերի և մտադրությունների լավ ըմբռնում,
  2. մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելու և նրանց հետ շփվելու լավ ունակություն,
  3. մարդկային փոխհարաբերությունների նորմերի ու կանոնների լավ իմացություն,
  4. այլ մարդկանց տեսակետը հասկանալու ունակություն,
  5. սոցիալական իրավիճակներում լավ հարմարվելու ունակություն,
  6. ջերմություն և ուշադրություն,
  7. նոր փորձառություններն ընկալելու ընդունակություն[15]։

Վ. Կունիցինան սոցիալական ինտելեկտի կառուցվածքը ներկայացրել է հետևյալ կերպ.

  1. հաղորդակցային և անձնական ներուժը մարդկային հատկությունների շարք է, որն օգնում է նրան շփվել և փոխգործակցել այլ մարդկանց հետ (կամ, ընդհակառակը, դժվարացնում է այդ փոխգործակցությունը),
  2. ինքնագիտակցության առանձնահատկությունները՝ ինքնահարգանքի զգացում, բարդույթներից ազատություն, նոր գաղափարների հանդեպ բաց լինելը,
  3. սոցիալական ընկալում, սոցիալական մտածողություն և երևակայություն, սոցիալական երևույթները հասկանալու կարողություն, ինչպես նաև մարդկանց մղող շարժառիթները,
  4. անհատի էներգետիկ բնութագրերը՝ տոկունություն, ակտիվություն, հյուծվածություն[15]։

Սոցիալական ինտելեկտի հարաբերակցությունն ինտելեկտի այլ տեսակների հետ

խմբագրել

Այս հարցում տարբեր հեղինակներ նույն կերպ տարբեր տեսակետներ ունեն։

Օրինակ՝ ըստ Դևիդ Վեքսլերի՝ սոցիալական ինտելեկտը կիրառելի է ընդհանուրի նկատմամբ և հանդիսանում է դրա մի մասը՝ դրսևորվելով սոցիալական ոլորտում։

Դևիդ Վեքսլերի, Էդուարդ Լի Տորնդայքի, Ջո Փոլ Գիլֆորդի և Մարգարիտա Բոբնևայի կարծիքով՝ ընդհակառակը, սոցիալական ինտելեկտն ընդհանուր ինտելեկտի մաս չի կազմում և կապված չէ դրա հետ:

Ռոբերտ Սթերնբերգը սոցիալական ինտելեկտը դասակարգել է որպես գործնական ինտելեկտի տարատեսակ:

Տարիքային առանձնահատկություններ

խմբագրել

Նախադպրոցական և տարրական դասարանների տարիքում սոցիալական ինտելեկտն ակտիվորեն զարգանում է դերային խաղերի միջոցով, ինչպես նաև հասակակիցների հետ շփվելիս[18]։

Պատանեկության տարիքում ամենաակտիվը ձևավորվում են հաղորդակցական-անձնական ներուժը (որպես հաղորդակցվելու և շփման ընդհանուր միտում), ինքնագիտակցությունը և այլ մարդկանց հասկանալու կարողությունը (ներառյալ նրանց վարքագիծը կանխատեսելու կարողությունը)[5]:

Երիտասարդության տարիքում առաջին հերթին ձևավորվում է սեփական գործողությունների հետևանքները կանխազգալու և ուրիշների գործողությունների հետևանքները կանխատեսելու կարողությունը[19]:

Հասուն տարիքում սոցիալական ինտելեկտը ստանում է սոցիալական իմաստնության ձև: Այս տարիքում առաջին հերթին ձևավորվում է նաև սեփական սխալները գիտակցելու կարողությունը[20]։

Չափման մեթոդներ

խմբագրել

Սոցիալական ինտելեկտի չափման թեստը 1928 թվականին առաջին անգամ մշակել է Տ. Խանը։ Այն բազմագործոն էր և ենթաթեստերի համընդհանուր գնահատականը տալիս էր վերջնական միավորը: Չափվում էին հետևյալ բաղադրիչները՝ սոցիալական իրավիճակներում դատողությունը, անունների և դեմքերի հիշողությունը, վարքագծի դիտարկումը, բառերի կամ դեմքի արտահայտությունների հետևում թաքնված ներքին վիճակների ճանաչումը, հումորի զգացումը, սոցիալական տեղեկատվությունը:

Գիլֆորդի բազմագործոն մոդելը դարձավ նաև սոցիալական ինտելեկտի չափման հիմքը, և հետագայում Գիլֆորդի սոցիալական ինտելեկտի թեստը դարձավ ամենահայտնիներից մեկը։ Ռուսական հոգեբանական գրականության մեջ ամենատարածված տեխնիկան Գիլֆորդի թեստի ադապտացված տարբերակն է, որն իրականացվել է Ե. Միխայլովայի կողմից[6]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություն

խմբագրել
  1. 1,0 1,1 Ушаков Д.В. Социальный интеллект как вид интеллекта (русский) // Институт психологии РАН. — 2004. Архивировано из первоисточника 19 Հունիսի 2018.
  2. 2,0 2,1 Thorndike E.L. Intelligence and its uses // Harper’s Magazine.. — 1920. — № 140. — С. 227-235.
  3. Хрящева Н.Ю. Психогимнастика в тренинге. — Речь, 2014.
  4. 4,0 4,1 Бобнева М.И. Психологические проблемы социального развития личности. — 1979.
  5. 5,0 5,1 5,2 Куницына В.Н. Социальная компетентность и социальный интеллект: структура, функции, взаимоотношение // Теоретические и прикладные вопросы психологии. — 1995.
  6. 6,0 6,1 Люсин Д.В., Ушаков Д.В. Социальный интеллект, теория, измерение, исследования. — Институт психологии РАН, 2004.
  7. Филипповская Т.В. Знание и социальный интеллект: социологический подход к осмыслению взаимосвязи // Cyberleninka. — 2012. — № 6. Архивировано из первоисточника 2 Ապրիլի 2021.
  8. Allport, G. W. Pattern and growth in personaliti. — Holt Rinehart and Winston, 1961.
  9. 9,0 9,1 Айзенк Г.Ю. Интеллект: Новый взгляд // Вопросы психологии.. — 1995. — № 1. — С. 111-131.
  10. Гилфорд Дж. Структурная модель интеллекта. — Психология мышления, 1965. — 456 с.
  11. Стернберг Р. Практический интеллект. — Питер, 2002. — С. 272.
  12. Брудный, А.А., Шрейдер Ю.А. Коммуникация и интеллект // Генетические и социальные проблемы интеллектуальной деятельности. — Алма-Ата, 1975. — С. 245.
  13. 13,0 13,1 Фатихова Л.Ф., Харисова А.А. Практикум по психодиагностике социального интеллекта детей дошкольного и младшего школьного возраста: учебно-методическое пособие. — 2010.
  14. Кудинова И.Б., Вотчин И.С. Социальный интеллект как предмет исследования // Cyberleninka. — 2005. — № 4. Архивировано из первоисточника 19 Մարտի 2022.
  15. 15,0 15,1 15,2 Лунёва О.В. Основные модели социального интеллекта // Cyberleninka. — 2012. — № 3. Архивировано из первоисточника 25 Մարտի 2020.
  16. Humphrey, N. K. (1976). «The social function of the intellect» (PDF). P. P. G. Bateson & R. A. Hinde (eds.). Growing points in ethology. Cambridge: Cambridge University Press. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019-02-14-ին. Վերցված է 2018-12-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. Byrne & Whiten, A. Machiavellian intelligence. // Oxford: Oxford University Press. — 1988.
  18. Шилова О.В. Развитие социального интеллекта у старших дошкольников и первоклассников в процессе общения со значимым взрослым. — 2009.
  19. Князева Н.Н. Изучение социального интеллекта у школьников и студентов // Юбилейная международная научно-практич. конф., посвященная 200-летию Д.П. Ознобишина. Самара, 2004.
  20. Иванов А.А. Возрастные аспекты социального интеллекта // Научные исследования в образовании. — 2009. — № 1.

Գրականություն

խմբագրել
  • Айзенк Г. Ю. Интеллект: новый взгляд// Вопросы Психологии. 1995. № 1. С.111-113
  • Бобнева М. И. Психологические проблемы социального развития личности. — М.,1979.
  • Гилфорд Дж. Структурная модель интеллекта.- Психология мышления, 1965.- 456 с.
  • Иванов А. А. Возрастные аспекты социального интеллекта // Научные исследования в образовании. 2009, № 1.
  • Князева Н. Н. Изучение социального интеллекта у школьников и студентов // Юбилейная международная научно-практич. конф., посвященная 200-летию Д. П. Ознобишина. Самара, 2004
  • Куницына, В. Н. Социальная компетентность и социальный интеллект: структура, функции, взаимоотношение // Сб. теоретические и прикладные вопросы психологии. 1995. № 1. C. 195
  • Савенков Александр Ильич Социальный интеллект как проблема психологии одаренности и творчества // Психология. Журнал ВШЭ. 2005. №4. URL: https://cyberleninka.ru/article/n/sotsialnyy-intellekt-kak-problema-psihologii-odarennosti-i-tvorchestva (дата обращения: 18.11.2021).
  • Социальный интеллект: Теория, измерение, исследования. Сер. "Труды Института психологии РАН" - Институт психологии РАН / под ред. Д. В. Люсина, Д. В. Ушакова. - Москва, 2004.
  • Социальный и эмоциональный интеллект : от процессов к измерениям / под ред. Д. В. Люсина, Д. В. Ушакова. - Москва : Ин-т психологии РАН, 2009. - 349, - (Интеграция академической и университетской психологии / Российская акад. наук, Ин-т психологии).; ISBN 978-5-9270-0153-8 (в пер.)
  • Фатихова Л. Ф., Харисова А. А. Практикум по психодиагностике социального интеллекта детей дошкольного и младшего школьного возраста: учебно-методическое пособие, Уфа: М.: Уфимского филиала ГОУ ВПО «МГГУ им. М. А. Шолохова», 2010
  • Хрящева Н.Ю, Психогимнастика в тренинге, М.: Речь, 2014
  • Шилова О. В. Развитие социального интеллекта у старших дошкольников и первоклассников в процессе общения со значимым взрослым: дис. … канд. психол. наук. Нижегород. гос. педагогич. университет, Нижний Новгород, 2009.
  • Allport, G.W. Pattern and growth in personaliti. — Holt Rinehart and Winstin, 1961
  • Salovey P., Mayer J.D. Emotional intelligence // Imagination, Cognition, and Personality. 1990.
  • Thorndike E.L. Intelligence and its uses // Harper’s Magazine. — 1920. — № 140. — Р. 227—235.