Թթենու մշակություն, թթենաբուծություն, շերամորդիկերի համար թթենու կերային տունկերի և տնկանյութի (տնկիներ, սերմնաբույսեր) աճեցումը։ Շերամապահության ճյուղ։

Նկարագրություն խմբագրել

Թթենու մշակությունն ընդգրկում է. կերային տունկերի հիմնադրումը և շահագործումը, նրանց խնամքը, սերմային և տնկակտրոնային մայրուտների ստեղծումը, թթենու սերմերի հավաքումն ու պահպանումը, տնկանյութի աճեցումը թթենու տնկարաններում, նոր սորտերի ստացումը, դրանց սորտափորձարկումը և շրջանացումը, թթենու հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարը։

Թթենու տունկեր խմբագրել

Թթենու կերային տունկերը լինում են սորտային (բազմացվում են ընտրասերված սորտերը՝ տեղական թթենու վրա պատվաստելով) և հիբրիդային (բազմացվում են հիբրիդային սերմերով, ինչպես նաև տեղական սորտերի տնկիներով) չպատվաստված։ Հայտնի են կերային տունկերի մի քանի տիպեր. թփային, անճյուղաբուն և թփային-անճյուղաբուն տնկադաշտեր, հողամասերի սահմաններով, ջրանցքների, ճանապարհների և ձորակների եզրերով տեղադրված գծային ծառատունկեր, այլ ծառերի և թփերի հետ խառը թթենու տունկեր։ Խնամքի և շահագործման համար առավել հարմար են այն տնկադաշտերը, որտեղ ծառերի տեղադրման սխեման ստեղծում է դրանց աճի, խնամքի, տերևների մշակման ու մեքենայացված հավաքման համար լավագույն պայմաններ և թույլ է տալիս միջշարային տարածքներն օգտագործել մշակաբույսերի ցանքի համար։ Թթենու սերմերի ցանքի չափաքանակներն են 10–20 կգ/հա։ Տնկիների խնամքը ներառում է շարքերի և միջշարային փխրեցումներ, պարարտանյութերի ներմուծում։ Ոռոգովի շրջաններում վեգետացիայի ընթացքում կատարում են 5–10 ջրում։ Տնկարանների ոռոգովի տեղամասերում 1 հա-ից ստանում են 600–800 հզ. սերմնաբույս և 32–35 հզ. տնկի։ Բարձր ագրոտեխնիկայի պայմաններում թթենու տերևների բերքատվությունը թփային տնկարկների դեպքում հասնում է 9– 10/հա-ի, անճյուղաբուն մեկ ծառից՝ 15 կգ-ի։