Ջոզեֆ Ռոյ «Ջո» Մեթենի, (), ամերիկացի սերիական մարդասպան Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքից։ Չնայած նա իրեն սերիական մարդասպան է համարել և սպանել 13 մարդու, բայց հայտնաբերվել են բավարար ապացույցներ նրան միայն երկու սպանության մեջ մեղադրելու համար։ Ավելի ուշ հետաքննությունը հաստատել է ևս երեք զոհի առկայությունը։

Վաղ կյանք

խմբագրել

Մեթենիի փաստաբաններն ասել են, որ մանկության տարիներին նրան անտեսել են։ Հայրը հարբեցող էր և մահացել է ավտովթարից, երբ Մեթենին վեց տարեկան էր[1], մայրն աշխատում էր երկու հերթափոխով՝ վեց երեխաներին թողնելով տանը[2]։ Մեթենին ասել է, որ իր ծնողները հաճախ են իրեն ուղարկել «խնամատար ընտանիքներում» ապրելու[1]:

Մեթենին կեղծ պնդում էր, որ իր մայրը մահացել է։ Բայց մայրն ասել է, որ թեև իրենք աղքատ էին, և ինքն ստիպված էր աշխատել մատուցողուհի, բուֆետապան և սննդի բեռնատարի վարորդ, բայց իր երեխաների համար ապահովել է նորմալ ընտանեկան կյանք, երեխաները երբեք սոված չեն եղել և չեն տրվել այլ ընտանիքների, ինչպես պնդում էր Մեթենին[1]։ Մոր նկարագրությամբ՝ Մեթենին միջինից բարձր առաջադիմություն ուներ[1], «նա խելացի էր և լավ մանկություն ուներ։ Եթե նրան անտեսում էին, ապա դա նրա սեփական մեղքն էր։ Իրենց տունը բավականին լավն էր»[1]։

1973 թվականին՝ 19 տարեկան հասակում, Մեթենին ծառայության է անցել Միացյալ Նահանգների բանակում։ Մայրն ասել է, որ նա ծառայել է Գերմանիայում, թեև նրա պնդմամբ ինքը ծառայել է Վիետնամում և հերոինից կախվածություն ձեռք բերել այնտեղ գտնվող հրետանային զորամասում ծառայելու ժամանակ։ Մամուլի հրապարակումներում Մեթենիի ծառայության հանգամանքները ճշտված չեն։ Այդ ժամանակ Ամերիկայի ներգրավվածությունը Վիետնամում արդեն ավարտվել էր[1]։

Ծառայության ընթացքում Մեթենին հազվադեպ էր շփվում մոր հետ: Վերջինիս հավաստմամբ՝ «Նա պարզապես ավելի ու ավելի էր հեռանում: Կարծում եմ, որ նրա հետ երբևէ պատահած ամենավատ բանը թմրանյութն է: Դա տխուր, տխուր պատմություն է»[1]։

Սպանություններ և խոստովանություններ

խմբագրել

1990-ականներին Մեթենիին հեգնանքով կոչում էին «Փոքրիկ», քանի որ ուներ 6′1 դյույմ հասակ, խոշոր մարմնակառուցվածք և ավելորդ քաշ[2][3]։ Նա ժամանակ էր անցկացնում բարերում, ապրում էր անօթևան տղամարդկանց խմբերի հետ Հարավային Բալթիմորի ժամանակավոր ճամբարներում և իր գումարի մեծ մասը ծախսում թմրամիջոցների ու լիկյորի վրա[1]։ Այնուամենայնիվ, նա հաստատուն աշխատանք էր կատարում որպես բեռնատարի վարորդ, և նրան նկարագրում էին որպես խելացի, շփվող և դաստիարակված մարդ[1]։

1994 թվականին Մեթենին սպանել է մի 39-ամյա կնոջ՝ Քեթի Էնն Մեգազիներին և նրա մարմինը թաղել ոչ խորը գերեզմանում՝ այն գործարանի տարածքում, որտեղ աշխատում էր[1][4]։ Դին այնտեղ մնացել է ավելի քան երկու տարի: Ավելի ուշ ասել է, որ կնոջը խեղդամահ է արել, վեց ամիս անց փորել է նրա կմախքը, գլուխը դրել տուփի մեջ և նետել աղբարկղը[3]։

1995 թվականին Մեթենիին սպանության համար դատել են մեկ այլ գործով՝ «Բալթիմորի Հանովեր» փողոցի կամրջի տակ գտնվող անօթևանների «վրանների քաղաք» ճամբարում Ռանդալ Բրյուերին և Ռենդի Պիկերին կացնով սպանելու համար[1][5]։ Անօթևան տղամարդկանց հակառակորդ խմբերի հետ կապված վեճեր են եղել, և Լարի Ամոսը գողացել է սպանության զենքը և օգտագործել այն Էվերեթ Դոուելին՝ մեկ այլ անօթևան մարդու սպանելու համար: Դիակները հայտնաբերվել են 1995 թվականի օգոստոսի 2-ին՝ նույն օրը, երբ Դոուելը սպանվել է։ Ամոսը ձերբակալվել է, մեղադրվել առաջին կարգի սպանության մեջ և իրեն մեղավոր ճանաչել չկանխամտածված սպանության համար: Ութ տարվա ազատազրկման դատավճռից մեկ տարի, ինը ամիս անց ազատ է արձակվել։ 1996 թվականի հուլիսին երդվյալ ատենակալների դատարանը եզրակացրել է, որ բավարար ապացույցներ չկան Մեթենիին Բրյուերի և Պիկերի սպանության մեջ մեղադրելու համար, սակայն նա ավելի ուշ խոստովանել է, որ մեղավոր է այդ սպանությունների մեջ[2]:

1996 թվականի նոյեմբերի կեսերին Մեթենին սպանել է Քիմբերլի Լին Սփայսերին՝ դանակով հարվածելով նրան[6][5]։ Նույն թվականի դեկտեմբերի 8-ին առևանգել է Ռիտա Քեմփերին և փորձել բռնաբարել նրան[3][7]։ Դատախազության խոսքերով՝ նա թմրանյութ է կիսել Կեմպերի հետ այն թրեյլերի մեջ, որտեղ ապրում էր ծղոտե ներքնակների գործարանի տարածքում: Քեմփերը հրաժարվել է նրա հետ սեռական հարաբերություն ունենալ և դուրս է վազել թրեյլերից, այդ պատճառով Մեթենին հետապնդել է նրան, ծեծել, հետ բերել թրեյլերի մեջ և փորձել բռնաբարել: Քեմփերն ասել է, որ Մեթենին փորձել է սպանել իրեն՝ ասելով. «Ես պատրաստվում եմ սպանել քեզ և թաղել անտառում՝ մյուս աղջիկների հետ»: Բայց կինը կարողացել է փախչել թրեյլերի պատուհանից և գնալ տարածքում գտնվող ոստիկանների մոտ[7]:

Այնուհետև Մեթենին խնդրել է ընկերոջն օգնել իրեն թաղել Սփայսերի մարմինը, որը նա մոտ մեկ ամիս թաքցրել էր գործարանում։ 1996 թվականի դեկտեմբերի 15-ին ընկերն այդ մասին հայտնել է ոստիկանությանը, Մեթենին ձերբակալվել է և նույն օրը մեղադրվել սպանության մեջ[1][2]։ Մեթենին խոստովանել է նաև այլ սպանություններ, այդ թվում՝ Սփայսերինը։ Նա ոստիկաններին տարել է այն վայրը, որտեղ վերաթաղել էր Մագազիների գլխատված աճյունը[2][4][8]: Գանգի մեծ մասը բացակայում էր, սակայն ոստիկանությունը կարողացել է նույնականացնել Մագազիների ինքնությունը[3]:

Ոստիկանությունը հայտնել է, որ Մեթենին ընտրել է երիտասարդ սպիտակամորթ սեքսուալ բիզնեսի աշխատողների, որոնք կախվածություն ունեին թմրամիջոցներից[2][1]։ Սպանությունները ներառում էին նաև դաժան սեռական ոտնձգություններ[1]: Նրան մեղադրանք է առաջադրվել նաև 28-ամյա Թոնի Լին Ինգրասիայի սպանության համար[6][1], սակայն հետագայում այդ մեղադրանքները հանվել են բավարար ապացույցների բացակայության պատճառով[2]: Նա պնդում էր, որ սպանել է նաև երեք այլ մարմնավաճառի Բալթիմորի Վաշինգտոն պուրակում, թեև այդ հանցագործությունների մեծ մասի վերաբերյալ այլ ապացույցներ չկային[1]:

Մեթենին ասել է, որ դիակներ է նետել Պատապսկո գետը, բայց դրանք չեն հայտնաբերվել[2]։ «The Baltimore Sun» թերթը 1997 թվականին գրել է, որ պարզ չէ, թե որքանով են իրականությանը համապատասխանում նրա պնդումներն իր սպանած մարդկանց թվի մասին, թեև նա ասել է, որ սպանել է մինչև 10 մարդու: Նրա փաստաբանն ասել է, որ նա զղջում է, և որ թմրանյութերն ու ալկոհոլը փոխել են նրա բնավորությունը և դարձրել դաժան[1]:

Դատավճիռ

խմբագրել

1997 թվականին նրան դատապարտել են Քեմփերի գործով[7]՝ կայացնելով 50 տարվա ազատազրկման դատավճիռ՝ առևանգման և սեռական ոտնձգության փորձի համար։ Նա արդարացվել է նրան սպանելու փորձի համար[3]։ 1998 թվականին Մեթենին մահապատժի է դատապարտվել Սփայսերի սպանության համար։ Դատական նիստի ժամանակ ասել է, որ սպանություններ է գործել, որովհետև «դա իրեն դուր է եկել», «հաճույք է ստացել դրանից» և «որևէ այլ արդարացում չի ունեցել, քան իրեն դուր գալը»[6]։

1998 թվականի օգոստոսին նա իրեն մեղավոր է ճանաչել Մագազիների սպանության և կողոպտման մեջ։ Դատախազները պահանջում էին նրան մահապատժի ենթարկել նաև այդ գործի համար[3]: Այդ գործով նա ցմահ ազատազրկման է դատապարտվել[2]։ 2000 թվականին նրա մահապատիժը չեղարկվել է, իսկ Սփայսերի սպանության համար դատավճիռը կրճատվել է ցմահ՝ առանց վաղաժամկետ ազատման։ Մահապատժի հիմնավորումն այն էր, որ սպանությունը կատարվել է գողություն կատարելով, սակայն ապացույցները ցույց էին տալիս, որ կողոպուտը նրա դրդապատճառը չի եղելref name=WaPoKunkle/>։

2017 թվականի օգոստոսի 5-ին՝ 64 տարեկանում, Մեթենիին մահացած են գտել Մերիլենդ նահանգի Քամբերլենդ քաղաքի Արևմտյան ուղղիչ հաստատության իր բանտախցում։ Նա չափից շատ ալկոհոլ և թմրամիջոցներ էր օգտագործել։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 James, Michael (January 13, 1997). «As police sift claims, families seek solace; Serial killings suspect might have slain 10». The Baltimore Sun. Վերցված է April 16, 2019-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Prudente, Tim (August 7, 2017). «Convicted Baltimore killer Joseph Metheny found dead in prison cell». The Baltimore Sun (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019-02-02-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Jacobson, Joan (November 10, 1998). «Metheny sentencing testimony begins; Jurors hear man confess to strangling prostitute». The Baltimore Sun. Վերցված է April 17, 2019-ին.
  4. 4,0 4,1 Pekkanen, Sarah (December 10, 1998). «Suspect's confession to killing played in court; Detective testifies Metheny was alert, cooperative». The Baltimore Sun. Վերցված է April 16, 2019-ին.
  5. 5,0 5,1 Hermann, Peter (December 18, 1996). «Suspect in slaying says he killed 2 others; Police searches yield no evidence for claims». The Baltimore Sun. Վերցված է April 17, 2019-ին.
  6. 6,0 6,1 6,2 Kunkle, Fredrick (July 25, 2000). «Md. High Court Lets Serial Killer Live». The Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Վերցված է 2018-04-17-ին.
  7. 7,0 7,1 7,2 Penn, Ivan (November 6, 1997). «Slaying suspect on trial in attempted murder». The Baltimore Sun. Վերցված է April 17, 2019-ին.
  8. Shatzkin, Kate (March 21, 1997). «Death penalty to be sought in slayings of 2». The Baltimore Sun. Վերցված է April 17, 2019-ին.