«Մաշտոց», հայկական մագաղաթե պատկերազարդ ձեռագիր։

Մաշտոց
ԳրիչԱվետիք քահանա
ԾաղկողԹորոս Ռոսլին
ՍտացողՎարդան Եպիսկոպոս
Տարեթիվ1266 թվական
ՎայրՍիս

Կենսագրություն

խմբագրել

Ընդօրինակել է Ավետիք քահանան 1266 թվականին Սսում, նկարազարդել է Թորոս Ռոսլինը Հռոմկլայում։ Պատվիրատուն եղել է Վարդան եպիսկոպոսը։

Ներկայում «Մաշտոց» ձեռագիրը պահվում է Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի մատենադարանում (ձեռագիր № 2027)։ Խորաններից, լուսանցազարդերից, գլխատառերից ու գլխազարդերից բացի՝ ձեռագիրն ունի նաև թեթևակի զարդարված շրջանակներում պարփակված ամբողջական էջով տերունական պատկերներ, որոնք աչքի են ընկնում հորինվածքի պարզ կառուցվածքով։

«Մաշտոց»-ում Սաղմոսագրքի թեմաներով պատկերները մեզ հայտնի առաջին հայկական մանրանկարներն են, իսկ «Հովհաննես ավետարանիչի թաղումը» և «Կարմիր ծովի անցումը» թեմատիկ տեսարանները հայ արվեստում նորություն էին։ Բարձրարվեստ մանրանկարներով այս ձեռագիրը Կիլիկիայի մանրանկարչության դպրոցի 13-րդ դարի 2-րդ կեսի լավագույն հուշարձաններից է։

«Մաշտոց»-ի մանրանկարների պատկերագրության առանձնահատկությունները մատնանշում են ծաղկողի կողմնորոշումը դեպի XI դարի բյուզանդական գրքարվեստը և վաղ միջնադարյան արվեստը։ Ձեռագրի որոշ մանրանկարներում երևան են եկել քրիստոնեական արվեստի նույնանուն երկերում գրեթե չհանդիպող հատկանիշներ, օրինակ՝ «Կարմիր ծովի անցումը» հորինվածքում՝ երկնքից իջնող սրազեն հրեշտակի պատկերը։ Նրբությամբ ու բծախնդրությամբ են նկարված կերպարների դեմքերը և այլ մանրամասներ «Երեք մանուկները կրակե հնոցում» մանրանկարում։ «Մաշտոց»-ի ձևավորման մեջ Թորոս Ռոսլինի պատկերագրական նորամուծությունները և կատարողական բարձր վարպետությունը թույլ են տալիս մատյանը դասել միջնադարյան գրքարվեստի լավագույն նմուշների շարքը[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Յովսէփեան Գ., Նիւթեր եւ ուսումասիրութիւններ հայ արուեստի եւ մշակոյթի պատմութեան, պր. 2, Նյու Յորք, 1943։
  • Ազարյան Լ., Կիլիկան մանրանկարչությունը XII–XIII դդ., Ե., 1964։
  • Արևշատյան Ա․, X–XVIII դարերի «Մաշտոցների» երաժշտական կազմի առանձնահատկությունները, ԼՀԳ, 1985, № 1:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։