Մանուիլ Անդրեև
Մանուիլ Անդրեևիչ Անդրեև (ռուս.՝ Мануил Андреевич Андреев, մարտի 21, 1884, Յարցևո, Դուխովիշչինսկի ուեզդ, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 22, 1959, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային նկարիչ և մանկավարժ, ով իր ստեղծագործությունները նվիրել է գրաֆիկական արվեստին` արդյունաբերական գրաֆիկային։ Նրա աշխատանքները երկար տարիներ եղել են հրուշակեղենի բոլոր ցուցափեղկերի զարդարանքը, նախ ցարական Ռուսաստանում, այնուհետև՝ Խորհրդային Միությունում։
Մանուիլ Անդրեև | |
---|---|
Ծնվել է | մարտի 21, 1884 |
Ծննդավայր | Յարցևո, Դուխովիշչինսկի ուեզդ, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | նոյեմբերի 22, 1959 (75 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Մոսկվայի Ս. Ստրոգանովի անվան արվեստի և արդյունաբերության ակադեմիա |
Մասնագիտություն | գծանկարիչ |
Թեմաներ | commercial art? |
Պաշտոն | գծանկարիչ |
Manuil Andreev Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1884 թվականի մարտի 21-ին[1] Սմոլենսկի նահանգի Յարցևո քաղաքում, ջուլհակագործական ֆաբրիկայի մեխանիկի ընտանիքում։ Շուտով ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա, որտեղ Մանուիլն ավարտել է Պետրովսկո-Բասմանի ուսումնարանը, և ծնողները նրան ուղարկել են աշխատելու սրբապատկերների արվեստանոցում՝ որպես աշակերտ։
1898 թվականին հայրը նրան աշխատանքի է տեղավորել Պոկրովկայի վրա գտնվող Յուլիուս-Թեոդոր Կիրստենի վիմատպագրական[2] փորագրության բաժնում որպես աշակերտ։ Միաժամանակ երիտասարդ աշակերտն ընդունվել է Ստրոգանովյան ուսումնարանի երեկոյան բաժին, որն ավարտել է 1901 թվականին և շարունակել է աշխատել տպարանում՝ որպես գծանկարիչ։
1906 թվականին Մանուիլն ընդունվել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան, միանգամից հիմնական դասարան՝ շրջանցելով հանրակրթականը, որն ավարտել է հինգ տարի անց և մնացել այդտեղ ևս չորս տարի՝ սովորելով հայտնի նկարիչ-մանկավարժ Ալեքսեյ Ստեպանովի դասարանում՝ կատարելով ինքնուրույն աշխատանքներ գեղանկարչության նկարչի կոչման համար։ Ուսման ընթացքում Անդրեևն արժանացել է գովասանքի, ինչպես նաև դրամական պարգևների և մեկ անգամ Լևիտանովի անվան կրթաթոշակի։ Միաժամանակ, շարունակել է աշխատել տպարանում, որը 1909 թվականին վարձակալել են Վիլհելմ-Թեոդոր և Հերման-Յուլիուս Մեներտ եղբայրները[2]։ 1913 թվականին Մանուելը հաղթել է պատի գովազդային օրացույցի նախագծման մրցույթում, որն անցկացվել է «Էյնեմ» ընկերության շոկոլադային կոնֆետների և թեյի թխվածքաբլիթների ֆաբրիկայի կողմից և այդ ժամանակվանից խոշորագույն ֆաբրիկան իր արտադրանքի գրաֆիկական ձևավորման և գովազդի մեծ մասը սկսել է պատվիրել Մեներտ եղբայրների մոտ։
Ընկերության խորհրդի տնօրեն Վլադիմիր Գեյսի աջակցությամբ նկարիչը հաջողությունների է հասել արդյունաբերական գրաֆիկայի բնագավառում։ Տիրապետելով մանրանկարչության արվեստին և այդ ժամանակվա վիմագրության տեխնիկական հնարավորություններին՝ նա այդ հմտությունները կիրառել է իր աշխատանքում։ 1913 թվականին նա դարձել է «Ծոռթաթ արջ» կոնֆետների ձևավորման առաջին տարբերակների հեղինակը, որոնք լայնորեն հայտնի են եղել ավելի քան մեկ դար[3]։ Հետաքրքիր է, որ առաջին կոնֆետի փաթեթավորման համար Մանուիլ Անդրեևը փոխառել է Իվան Շիշկինի «Առավոտը սոճիների անտառում» նկարի սյուժեն[4]։
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Անդրեևը սկսել է մասնակցել գրաֆիկական նկարիչների ցուցահանդեսներին և դասավանդել, ինչպես նաև նկարել է բնապատկերներ մերձմոսկովյան բնության թեմաներով՝ իր բոլոր աշխատանքները կատարելով տեմպերա ներկերով մոխրագույն թղթի վրա։ Սակայն, նրա ստեղծագործության հիմնական ուղղությունը մնացել է արդյունաբերական գրաֆիկայի և գովազդի ոլորտում աշխատանքը։ 1922-1930 թվականներին, արդեն Բուխեևի գործարանի (այդպես է կոչվել Մեներտ եղբայրների տպարանը ազգայնացումից հետո), նկարիչ Անդրեևը սկսել է կատարել ԽՍՀՄ գինու, օծանելիքի, ծխախոտի, թեյի և սուրճի, պահածոների արդյունաբերության պատվերները։
1944 թվականից Մանուիլ Անդրեևիչը դարձել է Մոսկվայի նկարիչների միության անդամ՝ նկարչություն դասավանդելով երիտասարդ գրաֆիստներին, այդ թվում՝ Լեոնիդ Չելնոկովին[5], ով իր ուսուցչի մահից հետո ստեղծագործորեն վերամշակել և վերականգնել է նրա հայտնի գործերից շատերը։
Նեկրասովի անվան կենտրոնական ունիվերսալ գիտական գրադարանի հավաքածուներում է գտնվում նկարչի նախահեղափոխական և խորհրդային շրջանի ստեղծագործությունների առավել ամբողջական ալբոմը[3]։
Անդրեևը մահացել է Մոսկվայում, 1959 թվականի նոյեմբերի 22-ին[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Андреев Мануил Андреевич». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ 2,0 2,1 «Историческое здание типографии братьев Менертов». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ 3,0 3,1 «Вкус нашего детства». «Дилетант». 2015 թ․ հուլիսի 7. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Прусские корни «Красного Октября»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Мануил Андреев — классик российской этикетки». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուիլ Անդրեև» հոդվածին։ |