Մանասե (ընտանիք)
Մանասե (թուրքերեն՝ Manase ailesi), հայ նկարիչների ընտանիք։ Ապրել և ստեղծագործել են Կ․ Պոլսում, 17-րդ դարի վերջից մինչև 1920-ական թվականները։
Ոճ խմբագրել
Մանասեները թուրքական արվեստում սկզբնավորել են հաստոցային նկարչությունը, առաջինը ստեղծել դիմանկարներ, երփնագրել կտավի վրա[1]։ Նրանց վրձնած դիմանկարները կրել են եվրոպական դիմանկարչության դասական օրինակների ազդեցությունը՝ զուգորդված տեղական գեղագիտական ըմբռնումների վրա։
Բնորոշվում են ոչ միայն վավերականությամբ, այլև դեկորատիվ տարրերի նրբագեղ վերարտադրումով, միջավայրի ու տարածության զգացողությամբ։ Նշանակալից է Մանասեների ընտանիքի դերը հայ նոր կերպարվեստի ձևավորման շրջանում։
Ներկայացուցիչներ խմբագրել
Ստորև ներկայացված են ներկայացուցիչները․
- Բարսեղ Մանասե
- Ռաֆայել Մանասե
- Մանաս Մանասե
- Զենոբ Մանասե
- Ալեքսանդր Մանասե
- Գասպար Մանասե
- Սեպուհ Մանասե
- Ժոզեֆ Մանասե
Ավագը՝ Բարսեղը (17-րդ դարի վերջ - 18-րդ դարի սկիզբ), եղել է Ահմեդ III-ի պալատական նկարիչը, հեղինակ է մանրանկար-դիմանկարների։
Որդին՝ Ռաֆայելը (18-րդ դարի առաջին կես), մասնագիտական կրթություն է ստացել Իտալիայում, հիշվում որպես խոշոր գեղանկարիչ և ճարտարապետ։ Հայտնի են նրա «Երկու երիտասարդ», «Արտեմիս», «Աստղիկ աստվածուհին» նկարները, ինչպես և Կ․ Պոլսի հայկական եկեղեցիների համար արված սրբապատկերները։
Պալատական նկարիչներ էին նաև նրա որդիները՝ Մանասը և Զենոբը (18-րդ դարի վերջ - 19-րդ դարի սկիզբ), նաև դիվանագետ էր ու թարգմանիչ։ Վերջինիս որդիները ստեղծագործել են 19-րդ դարում։
Ալեքսանդրն ավարտել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիան։
Գասպարը 32 տարի Վիեննայում Թուրքիայի դեսպանատան 1-ին քարտուղարն էր, Մաքսուդը գեղարվեստական կրթություն է ստացել Իտալիայում, Ռուբենը եղել է Թուրքիայի դեսպանատան քարտուղարը Փարիզում, իսկ 1869 թվականից՝ հյուպատոս Միլանում։ Հեղինակ է մանրանկար-դիմանկարների (Ֆաթիմայի դիմանկարը)։
Ծոռը՝ Սեպուհը (1816-1889), 1858 թվականին՝ Շվեդիայում, 30 տարի Փարիզում Թուրքիայի դեսպանատան 1-ին քարտուղարն էր։ Հայտնի են նրա՝ Աբդուլ Ազիզ և Աբդուլ Մեջիդ սուլթանների դիմանկարները։ Տոհմի շնորհալի նկարիչներից էր նաև Ժոզեֆ Մկրտչի Մանասեն (1836-1916), որը նույնպես վարել է դիվանագիտական պաշտոններ։ Նրա աշխատանքներից են Անգլիայի Վիկտորյա թագուհու և Դելի Ֆաուստ փաշայի դիմանկարները։
Մանասեների ստեղծագործությունները պահպանվում են Կ․ Պոլսի թանգարաններում[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 ՀՀ խմբ․ հանձնաժողով՝ Հ․ Մ․ Այվազյան (գլխ․ խմբ) և ուրիշ, Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 3 (ՀՀ գլխ․ խմբ․), Երևան, «Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1999, էջ 551 — 896 էջ. — 5000 հատ, ISBN 5-89700-010-7։
Գրականություն խմբագրել
- Ստեփանյան Գ․, Նկարիչ Մանասեները, «Տեղեկագիր ՀԱԱՀ ԳԱ», 1963, № 12:
- Ղազարյան Մ․, Հայ կերպարվեստը XVII-XVIII դարերում, Երևան, 1974։
- Sarkissian A., Les Manasses une dynastie des peintres au XVIII e et XIX e siècles, « Pages d'Art Arménien », Paris, 1940, p. 97-101.
Արտաքին հղումներ խմբագրել
- Մանասյան ընտանիք, akunq.net