«Մահ և կյանք» (գերմ.՝ Tod und Leben), ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի այլաբանական նկարը, որը պատկերված է նկարչի համար փիլիսոփակայան կարևոր` կյանքի ցիկլայնության, ժամանակի բնական ընթացքի, երիտասարդության գեղեցկության և ավարտի անողոքության թեմայով։ Նկարչի ուշ շրջանի աշխատանքներից է։ Առաջին անգամ հանրությանն է ներկայացվել Հռոմում կայացած միջազգային ցուցահանդեսի ժամանակ, 1911 թվականին, «Վախ` մահից» անվանումով և գրավել է առաջին մրցանակը, այնուհետև լրջորեն փոփոխվել է Կլիմտի կողմից` Առաջին համաշխարհային պատերազմի ազդեցության տակ[2] և Բեռլինի սեցեսիոնում մասնակցել է 1916 թվականին կազմակերպված վիենացի նկարիչների ցուցահանդեսին[3], որտեղ այն ցուցադրվել է Էգոն Շիլեի «Լևիտացիա» կտավի դիմաց[4]։ Պահվում է Վիեննայի Լեոպոլդ թանգարանում։

Picto infobox artiste.png
Մահ և կյանք
Death and Life - Gustav Klimt.jpg
տեսակգեղանկար
նկարիչԳուստավ Կլիմտ
տարի1910[1]
բարձրություն1805 Միլիմետր
լայնություն2005 Միլիմետր
ուղղությունմոդեռն
ժանրայլաբանություն
նյություղաներկ և կտավ
գտնվում էԼեոպոլդ թանգարան
հավաքածուԼեոպոլդ թանգարան
https://www.youtube.com/watch?v=bz7em94kOi4 կայք
Ծանոթագրություններ
Commons-logo.svg Tod und Leben (Gustav Klimt) Վիքիպահեստում

Նույն նկարի երկու տարբերակներն ակնհայտ ցույց են տալիս նկարչի պատկերացումների փոփոխությունները կյանքի ու մահվան մասին, որոնք նա արտահայտել է դեռ 1895 թվականին պատկերած «Սեր» կտավում։ Նկարի գրեթե քառակուսի ձև ունեցող կտավը բաժանված է երկու մասի. ձախ մասում միայնակ կանգնած է Մահը` ծածկված կապույտ հագուստով այնպես, որ տեսանելի են միայն գանգն ու ձեռքի ոսկորները։ Նկարի աջ, ավելի մեծ մասում ծաղկած մարգագետնում մարդիկ են, հիմնականում` կանայք։ Նկարի առաջին տարբերակում, որը ներկայացվել էր Հռոմում, Մահը պատկերված է առավել նուրբ կերպարով, գրեթե անմարմին է, կախված գանգով, կիսով չափ ծածկված է սև խաչերով պատված կապույտ հագուստով։ Գանգի տակ պատկերված ոսկե լուսապսակը ոչ միայն վերջին հիշեցումն է ստեղծագործության «ոսկե շրջանի» մասին, այլ Մահվանը տեղ է տալիս երկնքում։ Մահվան դիմաց նկարում պատկերված են եղել հինգ մարդ` փակ աչքերով. մայր ու երեխա, պառավ կին ու սիրահար զույգ։ Նրանց մերկ մարմինները մասամբ ծածկված էին նախշերով զարդարված հագուստով կամ ծածկոցով։ Մարդիկ չէին նայում Մահվան դեմքին, սակայն նկատելի չէր նաև վախը Մահվան հանդեպ[3]։

Ժամանակակից տարբերակում, որն ավելի ուշ ներկայացվել է Բեռլինում, Մահը կարմիր մականը ձեռքին, սպառնալի տեսք ունի. քմծիծաղող գանգի դատարկ ակնակապիճները դիտում են մարդկային մարմինների թնջուկը։ Մահվան հագուստն ավելի լայն է դարձել և ցույց է տալիս նրա մարմնի ձևերը։ Ոսկե լուսապսակը կորել է, նկարի ֆոնն արդեն ոչ թե կարմրադարչնագույն է, այլ լցվել է ոսկեգույնով ու կապույտով։ Ծաղկած մարգագետինն ավելի է ընդլայնվել, ինչպես նաև` դրա վրա եղած մարդիկ ավելի շատ են։ Սիրահար զույգի կինը նախորդ տարբերակի նման գլուխն այնպես ներքև է կախել, որ երևում են միայն նրա մազերը, սակայն դրանք այս անգամ ներքև թափված չեն և ցույց են տալիս նրա ձախ ձեռքը։ Նրա առնական ու թխամաշկ տղամարդը գրկել է ընկերուհու մեջքն իր աջ ձեռքով։ Ձախ ձեռքը, որն առաջին տարբերակում գրկում էր կնոջ ուսերը, այժմ ծածկված է վերջինիս մերկ իրանի հետևում։ Կնոջ մարմինը մասամբ ծածկված է կարմիր նախշերով կտորով, տղամարդու մարմնի ներքևի մասը` քաթանով, որն իր նախշերով հիշեցնում է «Համբույր» կտավի վրա պատկերված տղամարդու հագուստը։ Տղամարդուց վերև պատկերված է ծեր կին` գլուխը ներքև խոնարհած ու կապույտ գլխարկով։ Ներս ընկած դեմքի վրա պատկերված նրա աչքերը փակ են, ինչպես և մանկան հետ մոր աչքերը, որոնք պառկած են ծեր կնոջ կողքին։ Մայրը մի ձեռքով գրկել է մեջքի վրա պառկած մերկ երեխային, որի դեմքը հպված է երիտասարդ աղջկա դեմքին, այս երկու դեմքերը շրջանակ են ձևավորում պառավ կնոջ դեմքի շուրջ։ Կերպարների կողքին երևում է ևս մեկ գլուխ և ևս մեկ մարմին, և հստակ չէ` արդյոք դրանք նույն մարդունն են, թե ոչ։ Մարգագետնի մյուս կողմում, որն ուղղված է դեպի մահը, երևում են ևս երկու երիտասարդ աղջիկներ։ Նրանցից մեկի աչքերը լայնորեն բացված են, և նրա ձեռքը բարձրացրել է դեպի վիզը` ասես վտանգ զգալով[3]։

Նկարի վրա պատկերված մարդկային մարմինների թնջուկը ակնհայտ ակնարկ է միջնադարյան «մահվան պարերին»։ Մարդկությունը պատկերելու համար Կլիմտը ներկայացրել է ոչ թե միջնադարյան դասը, այլ «բոլոր մարդկանց»` տարբեր տարիքների ու սեռերի, սակայն` երիտասարդ կանանց մեծամասնությամբ։ Մերկ մարմինների մասին խոսում է նաև նրանց մաշկի երանգը. իգական սեռի բոլոր ներկայացուցիչները` ծեր և երիտասարդ, սպիտակ մաշկ ունեն, անգամ` կապտա-ոսկեգույն երանգով, ինչպես ջրային նիմփաներին նվիրված նրա նկարների շարքում։ Մանկան մաշկը առողջ վարդագույն է, առնական, սպորտային առողջ կազմվածքով տղամարդու մաշկը արևահարված է[3]։ Առանց տղամարդու պատկերի նմանատիպ մի համադրություն է 1913 թվականին պատկերված «Կույսը» նկարը Պրահայի ազգային պատկերասրահից։ Հնարավոր է` «Կույսը» «Մահ և կյանք» նկարի համար ծառայել է որպես նախատիպ։ Այս կոմպոզիցիային Կլիմտն անդրադարձել է ևս մեկ անգամ, ուշ շրջանի իր անավարտ «Հարսնացուն» աշխատանքում[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Tobias G. Natter Gustav Klimt. Zeichnungen und Gemälde. — Köln: Taschen, 2019. — 663 S. — ISBN 978-3-8365-6287-4
  • Mona Horncastle,Alfred Weidinger Gustav Klimt. Die Biografie. — 1. Aufl. — Christian Brandstätter Verlag, 2018. — 320 S. — ISBN 9783710602528

Արտաքին հղումներԽմբագրել