Ճոպանուղի, բեռների և ուղևորների փոխադրման համար նախատեսված կառույց, որում վագոնիկների տեղափոխման համար օգտագործվում է հենարանների միջև ձգված ճոպանը[1]։ Ըստ նշանակման ճոպանները լինում են բեռնատար, մարդատար և համակցված, ըստ կառուցվածքի՝ երկճոպան կամ միաճոպան՝ վագոնիկների օղապտույտ կամ ճոճանակային շարժումով։ Կախովի ճոպանուղիներից բացի մշակվում են նաև վերգետնյա ճոպանուղիներ՝ ճոպանային ամբարձիչներ։ Դրանց օգնությամբ բեռնված ավտոմեքենաները կարելի է փոխադրել մինչև 45° թեքությամբ վայրերով, նավերն անցկացնել ամբարտակների վրայով։