Ճառագայթասնկեր
Գիտական դասակարգում
Թագավորություն Բակտերիաներ
Լատիներեն անվանում
Actinomycetales


Ճառագայթասնկեր, ակտինոմիցետներ, շողասնկեր, բակտերիաների և սնկերի հատկություններով օժտված միկրոօրգանիզմներ։ Հայտնաբերել է (1877) գերմանացի գիտնական Ց․ Հարցը։ Հիմնականում աերոբ են, աճում են միջավայրի pH=5—9-ի սահմանում։ Տեսակների մեծ մասի համար լավագույն ջերմաստիճանը 25—30 °C-ն է, սակայն աճը հնարավոր է նաև 3-40 °C-ում։ Որոշ թերմոֆիլ տեսակներ աճում են 45—50 °C-ում։ Պարունակում են տարբեր ֆերմենտներ՝ պրոտեազներ, կերատինագներ, խիտինազներ ևն, որոնք ճառագայթասնկերին հնարավորություն են տալիս օգտագործելու բուսական և կենդանական մնացորդները։ Որոշ տեսակներ ֆիքսում են մթնոլորտային մոլեկուլային ազոտը։ Ճառագայթասնկերի շատ կուլտուրաներից ստացվում են կենսաբանորեն ակտիվ նյութեր, անտիբիոտիկներ (ստրեպիցին, տոմիցին, մոնոմիցին), հորմոններ, վիտամիններ, ֆերմենտներ են։ Ճառագայթասնկերին բնորոշ է սպորներով բազմացումը։ Վերջիններս գոյանում են հիմնականում օդային, առանձին դեպքերում՝ սուբստրատային միցելիումների վրա և լինում են գնդաձև, կոնաձև, ձողաձև, տանձաձև են։ Սպորներն օժտված են բարձր դիմացկունությամբ։ Ճառագայթասնկերը կարող են բազմանալ նաև սնկամարմնի առանձին թելիկներով։ Տարբերում են սպորագոյացման երկու ձև․ ֆրագմենտացիոն և սեգմենտացիոն։ Ճառագայթասնկերի մեծ մասը սնվում է սպիտակուցային կամ ոչ սպիտակուցային օրգանական նյութերով։ Կան ինքնասուն ձևեր, ինչպես նաև տեսակներ, որոնց համար ածխածնի աղբյուր են ծառայում մոմերը, խեժերը, պարաֆինները, նավթը։ Տարածված են ամենուրեք, հողում, ջրամբարների տիղմում, օդում, բուսական մնացորդներում։ Մասնակցում են բնության մեջ նյութերի շրջանառության, հողառաջացման, օրգանական նյութերի քայքայման պրոցեսներին։ Որոշ ախտածին տեսակներ հիվանդությունների (ակտինոզ, միտոզ, տուբերկուլոզ, դիֆթերիա) հարուցիչներ են, առանձին ճառագայթասնկերը ախտահարում են բույսերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 85