Ճապոնիան 20-րդ դարի երկրորդ կեսին
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տնտեսություն
խմբագրելՀետպատերազմյան մի քանի տարում վերականգնվեց երկրի տնտեսությունը։ Դրանից հետո նոր թափով շարունակվեց երկրի արդիականացումը։ Եթե հետպատերազմյան առաջին տասնամյակում Ճապոնիայի տնտեսությունը դանդաղ էր զարգանում, ապա հաջորդ երեք տասնամյակների ընթացքում զարգացումն ընդունեց աննախադեպ տեմպեր։
Տնտեսության թռիչքաձև վերելքի շնորհիվ Ճապոնիան 1970–1980–ական թվականներին վերածվեց արդյունաբերական հզոր տերության, դարձավ կապիտալիզմի երրորդ տնտեսական կենտրոնը՝ ԱՄՆ–ից և Եվրամիությունից հետո։ Բնակչության մեկ շնչին ընկնող եկամտի ցուցանիշով գերազանցեց ԱՄՆ–ին, իսկ աշխատանքի արտադրողականության մակարդակով առաջ անցավ Արևմտյան Եվրոպայի երկրներից և ընդհուպ մոտեցավ ԱՄՆ–ի ցուցանիշին (իսկ 1950–ական թվականներին այդ ցուցանիշով հետ էր ԱՄՆ–ից վեց անգամ)։ Ճապոնիան աշխարհում առաջին տեղը գրավեց, օրինակ՝ նավաշինության, տեսաձայնային տեխնիկայի, երկրորդ տեղը՝ էլեկտրոնիկայի, ավտոմեքենաշինության արտադրության գծով և այլն։
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացում
խմբագրելՃապոնիան աստիճանաբար անցում կատարեց տեղեկատվական հասարակության, ուր հիմնարար արժեքներ են գիտելիքները և տեղեկատվությունը։ Դեռ 1970–ական թվականներին պատենտներ ու լիցենզիա գնելու փոխարեն առաջնայնությունը սկսեցին տալ գիտական ու տեխնիկական հետազոտությունների ֆինանսավորմանը։ Ձեռք բերվեցին խոշոր նվաճումներ այդ ուղղությամբ, որը հիմնվում է երկրի կրթական բարձր մակարդակի վրա։
«Հրաշք»
խմբագրելՏնտեսական «հրաշքը» հնարավոր դարձավ պետության վարած նպատակամետ ու հետևողական քաղաքականության շնորհիվ։ Դրան նպաստեցին ամերիկյան և մյուս օտարերկրյա կապիտալի ու տեխնոլոգիաների ներհոսքը, ինչպես նաև ռազմական ոլորտի չնչին ծախսերը. Ճապոնիան մեծ բանակ պահելու իրավունք չունի։
Սակայն «հրաշքի» ամենագլխավոր պայմանը հասարակության ավանդական ամուր հիմքերն են, այնպիսի արժեքներ, ինչպիսիք են աշխատանքային կարգապահությունը, աշխատանքի կազմակերպման բարձր մշակույթը, հարգանքը մեծերի նկատմամբ և այլն։ Արտադրության և աշխատանքային հարաբերությունների կազմակերպման ճապոնական փորձը ընդօրինակելի է արդյունաբերական երկրների համար։
Զարգացման ճապոնական տարբերակ
խմբագրելԶարգացման ճապոնական մոդելը որպես ուղենիշ ծառայեց Հարավ-արևելյան Ասիայի մի շարք երկրների (Հարավային Կորեա, Սինգապուր, Թայվան, Թաիլանդ) համար, որոնք նույնպես 20-րդ դարի վերջերին թռիչքաձև վերելք ապրեցին՝ վերածվելով արդյունաբերական գերզարգացած հասարակությունների։ Այսպիսով՝ ժամանակակից Արևելյան ու Հարավային Ասիայի, մասնավորապես Ճապոնիայի, Չինաստանի, Հարավային Կորեայի, Սինգապուրի, Թայվանի և Հնդկաստանի զարգացման փորձը ապացուցում է, որ հասարակության արդիականացումը ամենևին չի նշանակում պատճենել զարգացած եվրոպական արդյունաբերական երկրների անցած ուղին։ Արդի քաղաքակրթությունը ձևավորվել ու զարգանում է համաշխարհային պատմական առաջընթացի գլխավոր միտումների և կոնկրետ ազգային–պատմական առանձնահատուկ պայմանների, ազգային և համամարդկային արժեքների համադրման արդյունքում։ Այս փորձն ուսանելի է նաև հետխորհրդային հանրապետությունների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար։