Ձևավորման արվեստ, հարդարման արվեստ, դեկորատիվ արվեստի բնագավառ, փողոցների, հրապարակների, արտադրական տեղամասերի, ինչպես և ցուցափեղկերի, ժողովրդական տոնահանդեսների, շքերթների և այլն տոնական (այսինքն՝ ժամանակավոր) ձևավորումը։ Օգտվելով ճարտարապետության, գեղանկարչության գրաֆիկայի, թատրոնի, կինոարվեստի և լուսատեխնիկայի արտահայտչամիջոցներից՝ Ձևավորման արվեստ արվեստների համադրման առավել մասսայական նմուշներ ստեղծելու հնարավորություն է ընձեռում։

Սովորաբար ունի ծրագրային դիդակտիկ-ագիտացիոն բնույթ։ Ձևավորման արվեստ մոտ է բեմանկարչությանը։ Եթե թատրոնում դեկորներն ու այլ բաղադրիչներ ընկալվում են դրսից (դիտադահլիճից), ապա Ձևավորման արվեստի դեպքում հանդիսատեսը գտնվում է բազմապլան տարածության (օրինակ, ցուցահանդեսի) ներսում կամ ինքն է դառնում գեղարվեստորեն լուծված արարողության (շքերթ) մասնակիցը։ Եթե մոնումենտալ արվեստը դարաշրջանի ոգին արտացոլում է առավել ընդհանրացված, ոչ անցողիկ կերպարներով և ստեղծվում «հավերժական» նյութերից (քար, մետաղ են), ապա Ձևավորման արվեստը արագ, հաճախ սուր հրապարակախոսական արձագանք է առօրյա կյանքի երևույթների նկատմամբ, ուր կերպարների պլակատային լակոնիզմը զուգորդված Է կիրառվող նյութերի թեթևությանը, կառուցվածքների շարժունությանը, տարածական և գունային լուծումների սրությանը։

Ձևավորման արվեստը հայտնի է եղել հնուց, կրոնական ծիսակատարություններ, արևին, գարնանը նվիրված տոնահանդեսներ, շքերթներ՝ Հին Հունաստանում, հաղթահանդեսներ՝ Հին Հռոմում ևն։ Միջին դարերում կառնավալներն ու կրոնական արարողությունները հաճախ վերածվել են ժողովրդական գեղարվեստական մշակույթի վառ արտահայտության։ Ձևավորողի (գեղանկարիչ կամ ճարտարապետ) դերը մեծացել է Վերածննդի շրջանում։ 15-18 դարերի զարգանալով պատմական ոճերի (Վերածնունդ, մաներիզմ, բարոկկո) շրջանակներում Ձևավորման արվեստը եղել է պալատական հանդեսների և հաղթահանդեսների կարևոր բաղադրամաս (Ռուսաստանում՝ Պետրոս 1-ի շրջանում)։ Ֆրանսիական մեծ հեղափոխության (ժ. Լ. Դավիդ և ուրիշներ) և Փարիզի կոմունայի տոնահանդեսներում ձևավորման արվեստ ծառայել է որպես ժողովրդական մասսաներին ուղղված քաղաքական ագիտացիայի միջոց։ 20 դարի Ձևավորման արվեստում մեծացել Է տեխնիկայի դերը, դիտողի վրա ազդելու նպատակով օգտագործվում են կինոն, լուսանկարչությունը և ֆոտոմոնտաժը, լուսաշարժ կառուցվածքները։ Հատուկ ուշադրություն է դարձվում թանգարանային և ցուցահանդեսային Էքսպոզիցիայի կատարելագործմանը։

Ձևավորման արվեստը մեծ տարածում է ունեցել Հին Հայաստանում։ Ինչպես հեթանոսության շրջանում, այնպես էլ քրիստոնեություն ընդունելուց հետո ամանորյա, կրոնական և պաշտամունքային ծեսերը, տոնահանդեսները, հաղթահանդեսները ըստ միջավայրի ու բովանդակության ունեցել են համապատասխան գեղարվեստական ձևավորումներ։

Վաղ, միջին և ուշ միջնադարում եկեղեցական և աշխարհիկ կառույցները ձևավորվել են զուսպ ու ճաշակով՝ օգտագործելով գեղանկարչական, քանդակագործական, կիրառական արվեստների արտահայտչամիջոցները։ Հատկապես ճոխ ձևավորում են ունեցել եկեղեցական արարողությունները, ավանդույթ, որը պահպանվում է մեր օրերում։ 19 դարի վերջին 20 դարի սկզբին Հայաստանում և հայաշատ կենտրոններում (Թիֆլիս, Բաքու, Կ. Պոլիս) տարածված են եղել ինչպես ազգային, այնպես Էլ եվրոպական ժամանակակից ձևավորման սկզբունքները։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո մեծ վերելք է ապրել Ձևավորման արվեստը։

Սոցիալական մեծ վերափոխումներն ու ժողովրդական մասսաների հայրենասիրական պաթոսը զուսպ և կառուցիկ ձևերով մարմնավորվել է քաղաքի տոնահանդեսների, մայիսմեկյան ցույցերի ձևավորումներում (տես նաև Հայկավռոսաա)։ 1960-1970-ական թվականներին գիտության, արդյունաբերության, գյուղատնտեսության նվաճումները խթան են հանդիսացել գեղարվեստական նոր ձևերի որոնմանը, հասարակական շենքերի, ռեստորանների, սրճարանների ինտերիերների ձևավորման առաջավոր սկզբունքների իրականացմանը։

Խորհրդային Միությունում և արտասահմանում կազմակերպվող տոնավաճառների և արտադրական ցուցահանդեսների հայկական տաղավարները ձևավորում են հայ արվեստագետները (Հ. Սիրավյան, Վ. Պետրոսյան և ուրիշներ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 700