«Ձայն հայրենյաց», գրական, քաղաքական շաբաթաթերթ (1903-1904 թվականներին՝ եռօրյա)։ Հանդիսացել է Միացյալ Նահանգներիյի հայ հրատարակչական ընկերության պաշտոնաթերթը (1899-1900 թվականներ), վերակազմյալ հնչակյան կուսակցության Ամերիկայի շրջանակի (1900-1902 թվականներ, 1903-1908 թվականներ), հնչակյան կուսակցության Ամերիկայի նահանգային վարչության (1902-1903 թվականներ) օրգան, վերակազմյալ հնչակյան կուսակցության Կոստանդնուպոլսի վարչության պաշտոնաթերթ (1908-1911 թվականներ)։ Լույս է տեսել 1899-1911 թվականներին, Նյու Յորքում, Ուստրում, Բոստոնում և Կ. Պոլսում (1908 թվականից, երկրորդ շրջան)։ Խմբագիրներ՝ Վ. Շահենի (Հ. Հակոբյան), Գ. Չիթճյան, Ս. Պարթեյան, Մ. Սուրյան, Լ. Լարենց։

Առաջին շրջանում ջատագովել է հայ քաղաքական հոսանքների գործակցությունը, քննադատել է «Ձայն հայրենյաց» պարբերականի գլխագիրը, Թուրքիայի հայահալած քաղաքականությունը։ Համակրանք է հայտնել բալկանյան ժողովուրդների՝ օսմանյան բռնապետության դեմ մղած պայքարին, անդրադարձել արևելահայության հուզող խնդիրներին, ամերիկահայ մշակութային, կրթական, բարեզործական ձեռնարկներին, հրատարակել հայ հեղինակների գործեր, ռուս և այլ երկրների գրողների երկեր՝ Ա. Չոպանյանի, Ե. Դուրյանի, Ս. Հարությունյանի և այլոց թարգմանությամբ (ուշագրավ են համարվել Մ. Գորկու «Բազեի երգը (1902 թվական) և Ի. Վազովի «Լծի սակ» վեպի (1904 թվական) թարգմանությունները)։

Երկրորդ շրջանում լուսաբանել է արևմտահայության կացությունը օսմանյան «սահմանադրության» վերահաստատումից (1908 թվական) հետո, ծանոթացրել կովկասահայ կյանքին, հրատարակել նյութեր վերակազմյալ հնչակյան կուսակցության գործունեության վերաբերյալ։ Տպագրել է Ադանայի ջարդերի (1909 թվական) ականատեսների վկայություններ և արտասահմանյան մամուլի արձագանքներ, դատապարտել թուրք կառավարության կիսակատար «բարենորոգումները», օսմանյան «հեղափոխական» կուսակցությունների ծրագրերը։ Աշխատակցել են Մ. Գաբրիելյանը, Հ. Ճանկյուլյանը, Կ. Փափազյանը, Վ. Տիրանյանը (Վ. Թեքեյան), Տ. Արշակը, Կ. Գարակյուլյանը (առաջին շրջան), Զ. Եսայանը, Ա. Փանոսյանը (Ալփասլան), Սիպիլը, Թլկատինցին, Ռ. Սևակը, Ե. Մեսիայանը, Ա. Անտոնյանը, Լ. էսաճանյանը, Հ. Գա- զանճյանը, Գ. Մալխասը, Զ. Գոչյանը, Մ. Նաթանյանը, Վ. Արզույանը, Հ. Երվանդը, Ա. Գնունին և ուրիշներ։

1897-1899 թվականներին լույս է տեսել «Տիգրիս» անունով։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 689