Ձայնագիտություն, ակուստիկա, նեղ իմաստով՝ ուսմունք ձայնի մասին, լայն իմաստով՝ ֆիզիկայի բնագավառ, որն ուսումնասիրում է հաճախականությունների ընդարձակ տիրույթի առաձգական տատանումներն ու ալիքները, դրանց փոխազդեցությունը նյութի հետ, ինչպես նաև այդ տատանումների (ալիքների) կիրառությունները։ Ձայնագիտությունը գիտելիքների հնագույն բնագավառներից է ծագել խոսքի ու լսողության, երաժշտական ձայների ու գործիքների հետ կապված երևույթները բացատրելու համար։ Դեռևս հույն փիլիսոփա ու մաթեմատիկոս Պյութագորասը (6-րդ դար մ. թ. ա.) կապ է հայտնաբերել տոնի բարձրության և լարի կամ փողի երկարության միջև։ Արիստոտելը (4-րդ դար մ. թ. ա.) նկատել է, որ ձայնի տարածումը կապված է միջավայրի սեղմման և նոսրացման, իսկ արձագանքը՝ անդրադարձման հետ։ Միջնադարում Ձայնագիտության զարգացումը դադարում է և նորից առաջընթաց է ապրում միայն Վերածնության դարաշրջանից սկսած։ Ձայնագիտության զարգացման պատմությունը կարելի է բաժանել 3 փուլի։ Առաջին փուլը (17-րդ դարի սկիզբ-18-րդ դարի սկիզբ) ընդգրկում է երաժշտական տոների, դրանց աղբյուրների (լար, փող), ձայնի տարածման արագության հետազոտությունները։ Գ. Գալիլեյը և ֆրանսիացի գիտնական Մ. Մերսենը սահմանել են լարի տատանումների ճշգրիտ քանակական օրենքները։ Երկրորդ փուլում (18-րդ դարի սկիզբ-20-րդ դարի սկիզբ) Ձայնագիտությունը զարգանում է իբրև մեխանիկայի բաժին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 689