Հրանտ Բենդերյան

քանդակագործ

Հրանտ Բենդերյան, (1876, Կոստանդնուպոլիս) ֆրանսահայ արվեստագետ, քանդակագործ, ստեղծել է դիմաքանդակներ, փոքր չափի դեկորային քանդակներ և մեդալիոններ։

Հրանտ Բենդերյան
Ծնվել է1876
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել էանհայտ, 1927-ից հետո
ՔաղաքացիությունՖրանսիա
Ազգությունհայ
Մասնագիտությունքանդակագործ
ԱշխատավայրՖրանսիա

Կենսագրություն խմբագրել

Հրանտ Բենդերյանը ծնվել է 1876 թվականին Կ․Պոլսում՝ մեդալիոններ քանդակող վարպետ Բենդերի ընտանիքում։ Պոլսում հանրահայտ վարպետի մասնագիտությունը մեծ դեր է խաղացել որդու շնորհը զարգացնելու հարցում։ Վարպետն իր որդու հետաքրքրությունը դեպի արվեստը նկատել է դեռ դպրոցական տարիներից։ Հատկապես, որ Պոլսում հայկական դպրոցներում նկարչություն դասավանդել են պրոֆեսիոնալ նակրիչները։ Հրանտը պատանեկան տարիներին սովորել է նաև Պոլսի գեղարվեստի վարժարանում, որտեղ գեղարվեստական առաջին մկրտությունն են ստացել Պոլսի բոլոր նկարիչները։ 1890-ական թվականներին Բենդերյանը եկել է Փարիզ։ Ուսանել է Ֆրանսիական ինստիտուտում։ Ուսման տարիների մասին տեղեկություններ չկան։ Տեղեկություն չկա նաև մահվան թվականի մասին, հավանական է, որ մահացել է 1927 թվականից հետո[1] Միայն հայտնի է, որ նա մասնակցել է մի քանի ցուցահանդեսների՝ ներկայացնելով դիմանկարներ, ուրախացող երեխաների ֆիգուրներ․ մետաղին փորագրված մարդկային դեմքերի հարթաքանդակներ[2]։

Գործունեություն խմբագրել

Հաստատվելով Փարիզում՝ Հրանտ Բենդերյանը զբաղվել է փոքր չափի քանդակով, փորագրություններով։ Ըստ մամուլի հրապարակումների՝ նա կիրառել է ֆրանսիական ռեալիստական արվեստի սկզբունքները, նաև եվրապական կլասիցիզմը, ստեղծել երեխաների ֆիգուրներ, որոնք կիրառվել են դեկորային նպատակներով։

Աշխատանքներ խմբագրել

Ֆրանսիական 19-րդ դարի ռեալիստական արվեստի ոճով է քանդակված անհայտ մարդու դիմաքանդակը՝ «Պարոն Մ․» վերնագրով։ Դիմաքանդակը տպավորիչ է իր կենդանի արտահայտմամբ, մշակվել է կամերային քանդակի սկզբունքով, ձևերով ծավալազանգվածային է՝ հուշարձանային քանդակի ընդհանրացումներով։ Դիմագծերի մշակումը արվել է անհատականության պահպանման ճշգրտությամբ, ոճը դժվար է նույնացնել իր ժամանակի որևէ քանդակագործի ոճին։ Այլ բնույթի են Հրանտ Բենդերյանի ինքնաստեղծ գործերը։ «Ուրախացող երեխաներ» խմբաքանդակը կատարված է Իտալական Վերածննդի արվեստի նմանողությամբ։ Հայ քանդակագործի աշխատանքում կա անկեղծություն, մասամբ միայն երեխաների մարմինների մշակման հղկվածությունն է հնաբույր։ Բենդերյանի դիմաքանդակներում ու դեկորային գործերում կա ոճական մեծ տարբերություն։ Ստեղծագործությունների ցանկում նշվել է նաև Խրիմյան Հայրիկի ցածրաքանդակը։ Հիշատակված են նաև «Սրբազան պար», «Արթնացում» գործերը, որոնց բնագրերը անհայտ են։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ա․Աղասյան, Հայ քանդակագործները Օսմանյան կայսրության մեջ,ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ, Հայաստան։
  2. Եղ․ Մարտիկյան, Հայկական կերպարվեստի պատմություն, Գիրք դ, Երևան, 1987, էջ 208։