Հուշարձան (Վերին Կարմիրաղբյուր)

Հուշարձան, Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին ՀՀ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում կառուցված հուշակոթող։ Հուշարձանին կից գործում է փոքրիկ թանգարան-սրահ, որի արտաքին պատի վրա փորագրված են Երկրորդ աշխարհամարտում զոհված 161 Վերին Կարմիրաղբյուրցիների անուն ազգանունները (այդ թվում՝ շարքայիններ և սպաներ), իսկ ներսում պահվում են ռազմաճակատից ուղարկված եռածալ նամակներ, նրանց շիրիմներից բերված հող (գերեզմանները գտնվում են նախկին ԽՍՀՄ-ի տարբեր տարածքներում)։ Հուշարձանն ընդգրկված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[2] (համարանիշ՝ 61/10)։

Մեծ Հայրենականի զոհերի հուշարձան Վերին Կարմիրաղբյուրում
Տեսակմշակութային արժեք և հուշարձան
Երկիր Հայաստան[1]
ԲնակավայրՎերին Կարմիրաղբյուր
ՀՀ ՊՄԱՀ61/10
 World War II memorial in Verin Karmiraghbyur Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Երեք մետր բարձրությամբ բազալտե պատվանդանի վրա ամբողջ հասակով կանգնած է հրացանը երկու ձեռքով կրծքին սեղմած, զինվորական թիկնոցն ուսերին, խիզախ հայորդու հավաքական կերպար հանդիսացող զինվորը՝ գլուխը թեքած դեպի ձախ (քանդակագործ՝ Գրիգոր Ահարոնյան, քարտաշ վարպետներ՝ Սարգիս և Վահե Դերմենջյաններ[3])։ Արձանի ձախ կողմում, թանգարան-սրահի հյուսիսային պատի վրա զոհվածների անուններն են, որի կողքին հայկական նարնջագույն տուֆի վրա հավերժության նշանին կանգնած արծիվ, հայկական ծիրան ու խաղող պատկերող փորագրանկար է։ Թանգարան-սրահն ընդարձակ, լուսավոր սենյակ է, որի ներսակողմյան ամբողջ պատն զբաղեցնում են զոհվածների լուսանկարները։ Պատերազմում երեք և ավելի որդի կորցրած 4 հերոս մայրերի լուսանկարները նույնպես այստեղ են՝ իրենց զավակների նկարների կողքին։ Պատի երկայնքով, լուսանկարների տակ ցուցափեղկեր են՝ հուշանմուշներով։

Հուշարձանը գտնվում է Հունքույալ կոչվող բլրի վրա, որտեղից տեսարան է բացվում դեպի ամբողջ գյուղը։

Պատմություն խմբագրել

Գյուղում պատերազմի զոհերին նվիրված հուշարձան ունենալու գաղափարը ողջունվել է ինչպես գյուղի ղեկավարության, այնպես էլ բնակիչների կողմից, քանի որ համարյա բոլոր ընտանիքներից զոհեր էին եղել։ Յուրաքանչյուր ընտանիքից 20-ական ռուբլի նվիրատվությամբ, գյուղի կոլտնտեսության ներդրած դրամական միջոցների շնորհիվ, ինչպես նաև Հայաստանի և նախկին ԽՍՀՄ տարբեր բնակավայրերում ապրող Վերին Կարմիրաղբյուրցիների հանգանակությունների միջոցով հնարավոր է դարձել կյանքի կոչել այդ գաղափարը։

1969 թվականի նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել հուշարձանի բացման արարողությունը։ Ուշ աշնանային անբարենպաստ եղանակը չի խանգարել ավելի քան 3000 ներկաներին իրենց հարգանքի տուրքը մատուցել հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսներին ու 160 ծաղկեփնջով զարդարել ամբողջ հուշարձանը[3]։ Պահին հանդիսավորություն են հաղորդել զինվորական համազարկը, շեփորահարների նվագը, անմար կրակը, լռության րոպեն, կարդացված զեկուցումներն ու հյուրերի ելույթները։ Բացման միջոցառումն ավարտվել 350 հոգու համար նախատեսված հոգեհացի սեղանով։

Մեր օրերում խմբագրել

Բացման օրից ի վեր հուշարձանը յուրատեսակ սրբատեղի է դարձել ամբողջ գյուղի համար՝ ամեն տարի մայիսի 9-ին իր շուրջը համախմբելով գյուղի ողջ բնակչությանը։ Մեծ Հայրենականի յուրաքանչյուր տարելից նշվել է պատշաճ շուքով ու հանդիսավորությամբ, որոնց մասնակցել են ինչպես պատերազմի վետերաններն իրենց հուշերով, այնպես էլ դպրոցականներն իրենց ասմունքով, երգ ու պարով։

Հայաստանի անկախացումից հետո այս ավանդույթին միահյուսվել է հուշարձանի տարածքում մեր նորօրյա պատմության փառավոր հաղթնակներին նվիրված միջոցառումների անցկացումը։

Հուշարձանի մասին հոգ են տանում ռուսաստանաբնակ Վերին Կարմիրաղբյուրցիները․ վերջիններիս ֆինանսական աջակցությամբ 2020 թվականին այն հիմնովին վերանորոգվել է։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Հայաստանի կառավարության որոշում N 1929-Ն, 30 դեկտեմբերի 2004 թ․
  3. 3,0 3,1 Բալաբեկ Մելյան, «Կարմիրաղբյուր», «Ասողիկ» հրատարակչություն, Երևան, 2001