Հովհաննես Բ Գաբեղենացի
Հովհաննես Բ Գաբաղենցի (հիշատակվում է նաև որպես Հովհաննես Բ Գաբեղյան, անհայտ[1], Սյունձեղուն, Գաբեղյանք, Այրարատ, Հայկական մարզպանություն - 573[1], Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն), Ամենայն հայոց կաթողիկոս 557 թվականից։ Շարունակելով նախորդի քաղաքականությունը՝ գործուն պայքար է ծավալել նեստորականության և քաղկեդոնականության դեմ։ Այդ նպատակով թղթեր (նամակներ) է հղել Սյունյաց Միհրարտաշիր իշխանին, Վրթանես եպիսկոպոսին և Աղվանից Աբաս կաթողիկոսին։ Հովհաննես Բ Գաբաղենցին նաև քաջալերական մի նամակ է գրել Երուսաղեմի հայ միայնակյացներին, որոնց հալածել են հույն հոգևորականները՝ Քաղկեդոնի ժողովը չընդունելու և «երկու բնություն» չխոստովանելու համար։ 571 թվականին զորավար Վարդան Մամիկոնյանի հետ մեկնել է Կ. Պոլիս՝ Պարսկաստանի դեմ պատերազմում Բյուզանդիայից օգնություն խնդրելու նպատակով։ Հավատալով կայսրի խոստումներին՝ դավանաբանական հարցերում գնացել է զիջումների՝ Ս. Սոֆիայի Մայր եկեղեցում հաղորդվելով հույների հետ (ըստ Ասողիկ պատմիչի, այն դուռը, որտեղից հայերը եկեղեցի են մտել, կոչվել է «Դուռն Հայոց»)։ Ըստ ժամանակի ասորի պատմիչ Հովհաննես Եփեսացու, Հայաստանում իմանալով այդ մասին, բոլոր եպիսկոպոսները խիստ և սպառնալի ուղերձ են ուղարկել կաթողիկոսին ու հայ նախարարներին, որոնք համարձակվել էին հաղորդվել քաղկեդոնականների հետ։ Հետագայում Հովհաննես Բ Գաբաղենցին վերադարձել Հայ եկեղեցու դավանանքին և 572 թվականին Կ. Պոլսում հիմնել հայոց առանձին կրոնական համայնք։ Վախճանվել է տարագրության մեջ։
Հովհաննես Բ Գաբեղենացի | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Ծննդավայր | Սյունձեղուն, Գաբեղյանք, Այրարատ, Հայկական մարզպանություն |
Մահացել է | 573[1] |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն |
Քաղաքացիություն | Հայկական մարզպանություն |
Մասնագիտություն | քահանա |
Ծնողներ | հայր՝ անանուն Գաբեղյան |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Կաթողիկոսական գահին Հովհաննես Բ Գաբաղենցուն նախորդել է Ներսես Բ Բագրևանդցին, հաջորդել՝ Մովսես Բ Եղիվարդեցին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 557)։ |
Նախորդող՝ Ներսես Բ Բագրևանդցի |
Կաթողիկոս 557–574 |
Հաջորդող՝ Մովսես Բ Եղիվարդեցի |