Հովհաննավանքի գրչության կենտրոն

Հովհաննավանքի գրչության կենտրոն, Այրարատյան աշխարհի հնագույն մշակութային կենտրոններից։ Ըստ ավանդության, Ղազար Փարպեցին այստեղ է գրել իր Պատմությունը։ 6-րդ դարի կեսերին հիշվում է ոմն Գևորգ Մանկիկ, որն այստեղ էր եկել Դվինից և ձեռագրեր էր ընդօրինակում։ 12-րդ դարի կեսերին նշանավոր մատենագետ Գրիգոր Տուտեորդու ներկայությունը Հովհաննավանքում վկայում է մշակութային կյանքի աշխուժացման մասին։ Այդ շրջանից մեզ են հասել ճառընտիրներ՝ գրված և նկարազարդված հաստ թղթի վրա։ Հովհաննավանքի գրչության կենտրոնը բեղմնավոր գործունեություն է ծավալել Համազասպ Մամիկոնյանի առաջնորդության օրոք։ Նա ընդօրինակել է տվել հայոց պատմագրքերը, որոնց մի մասը մեզ հասած այդ երկերի հնագույն օրինակներն են։ Մամիկոնյանի գործունեությունը շարունակել է նրա ազգական Ներսեսը, որն ինքն է ձեռագրեր արտագրել։ 15-րդ դարի նշանավոր է նույնպես գրչության հովանավոր Գաբրիել վարժապետը։ 16-րդ դարի վերջերից Հովհաննավանքի դպրոցում ուսումնասիրել են նաև տոմարական արվեստ, փիլիսոփայություն և երաժշտություն։ 17-րդ դարի կեսերին դպրոցը տնօրինել է Զաքարիա Վաղարշապատցի վարդապետը (աշակերտել է Երևանի Անանիա Առաքյալի անապատի դպրոցի վարդապետ Մովսես Տաթևացուն)։ Նրան հաջորդել է Զաքարիա Քանաքեռցի պատմիչը, որի երկերում մեծ տեղ է արված Հովահաննավանքի պատմությանը։ Հովհաննավանքից մեզ հասած շուրջ 20 ձեոագիր պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։

Գրականություն խմբագրել

  • Ալիշան, Այրարատ, Վենետիկ, 1890
  • Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի, հատոր 1, Երևան, 19 65
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 554