Հողի օդային ռեժիմ
Հողի օդային ռեժիմ, հողում օդի քանակի ու բաղադրության պարբերական փոփոխությունը որոշակի ժամանակամիջոցում։ Այն հողի բերրիության կարևոր գործոններից է։
Նշանակություն
խմբագրելՄեծ նշանակություն ունի մանրէների կենսագործունեության, բույսերի աճի ու զարգացման համար։
Նկարագրություն
խմբագրելՀողում օդը գտնվում է առավելապես գազային վիճակում, միայն դրա փոքր մասն է լուծված հողի խոնավության մեջ և կլանված պինդ մասնիկներում։ Հողում օդը կարող է լինել
- ազատ (ջրով չլցված դատարկություններում)
- կլանված (մանր ծակոտիներում)
- մակակլանված (հողի մասնիկների մակերևույթին)
- հողի լուծույթում։
Բույսերի համար առավել կարևոր է հողի ազատ օդը, որի պարունակությունը կախված է ծակոտկենությունից և խոնավությունից։ Գյուղատնտեսական մշակաբույսերի աճի համար հողում ջրի և օդի ամենանպաստավոր հարաբերությունն է, երբ հողի ծակոտիների 60 %-ը լցված է ջրով, իսկ 40 %-ը՝ օդով։
Հողի օդն իր բաղադրությամբ տարբերվում է մթնոլորտայինից և հաստատուն չէ. այդտեղ ավելի շատ են ածխաթթու գազը և ջրային գոլորշիները, թթվածնի մասնաբաժինը վերին շերտերում 0,5-1,5%-ով պակաս է, առանձին դեպքերում կարող են կուտակվել ծծմբաջրածին և մեթան, ցնդող կամ գազանման այլ օրգանական նյութեր։ Հողի թթվածինն անհրաժեշտ է բույսերի շնչառության և մանրէների կենսագործունեության համար, ածխաթթու գազը (առաջանում է մանրէների և հողի ֆաունայի գործունեությունից, արմատների շնչառությունից) բարձրացնում է որոշ հողային միացությունների լուծելիությունը և բույսերի լուսասինթեզի համար ածխաթթվային սնուցման աղբյուր է։ Սակայն հողում ածխաթթու գազի մեծ պարունակությունը դժվարացնում է արմատների շնչառությունը։ Կենսաբանական շարժընթացների բնականոն ընթացքը կախված է հողի օդառությունից՝ հողի և մթնոլորտային օդի գազափոխանակությունից. Վատ օդառությունը (թթվածնի պակասը և ածխաթթու գազի ավելցուկը) բացասաբար է ազդում սերմերի ծլունակության ու բույսերի աճի վրա, նպաստում է ախտածին մանրէների զարգացմանը։
Հողի տարբեր տիպերի օդային ռեժիմը տարբեր է. օրինակ՝ լավ ծակոտկենությամբ սևահողերը շատ օդ են պարունակում, իսկ ծանր մեխանիկական կազմով ճմապոդզոլային և պոդզոլային հողերը ոչ հավասարաչափ և ավելցուկային խոնավության պայմաններում հաճախ զուրկ են օդային բնականոն ռեժիմից։
Բարելավում
խմբագրելՀողի օդային ռեժիմի բարելավման հիմնական միջոցառումներն են
- հողի ճիշտ մշակումը
- օրգանական նյութերով պարարտացումը
- կնձիկանման կառուցվածքի ստեղծումը
- խոր վարը
- միջշարքային փխրեցումը
- ցանքերի փոցխումը
- ցամաքուրդի
- չորացնող առուների անցկացումը։
Հողի օդային ռեժիմը սերտորեն կապված է հողի ջրային ռեժիմի, ջերմային և բույսերի սնուցման ռեժիմների հետ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 536)։ |