Հոլդինգ, գլխամասային կազմակերպություն է, որը տիրում է կառուցվածքում ընդգրկված նոր ձեռնարկությունների փայաբաժինները կամ վերահսկիչ փաթեթները՝ դրանց գործունեությունը կառավարելու և վերահսկելու նպատակով։ Սրանք ստեղծել են 20-րդ դարի կեսերին, առավելապես զարգացած երկրներում երկու ձևով՝ զուտ հոլդինգի և խառը հոլդինգի ձևով, որոնք ունեն իրավական տարբեր կարգավիճակ, գործում են ակցիոներական ընկերությունների, ՍՊԸ, միանձնյա կամպանիաների, պետական կազմակերպությունների և այլ ձևերով։ Բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթների մեխանիզմը հոլդինգին տալիս է վճռական ձայնի իրավունք, ինչի շնորհիվ հոլդինգը իր կազմում ընդգրկված ձեռնարկությունների շահերը պաշտպանելու և տարբեր ուղղություններով զարգացնելու համար ստանում է տնտեսական ընդհանուր քաղաքականություն իրականացնելու հնարավորություն։ Հոլդինգային կազմակերպությունը իր կազմում ընդգրկված ձեռնարկությունների (կարտել, կորպորացիա, կոնցեռն, տրեստ) բուրգի գագաթն է, քանի որ ակտիվների կազմում ընդգրկում է մասնակիցների բաժնետոմսերի վերահսկող փաթեթները։ Հոլդինգները ստեղծվում են բաց բաժնետիրական ընկերությունների տեսքով։ Դրանք ծավալում են ներդրումային գործունեություն՝ մասնավորապես գնում և վաճառում են ցանկացած տեսակի արժեթղթեր, թողարկում և վաճառում են բազմատեսակ ապրանքներ, մատուցում են ծառայություններ։ Կուտակելով մեծ քանակությամբ տնտեսական ռեսուրսներ, դրանք ծավալում են տարբերակված բազմապլանային գործունեություն՝ շեշտը դնելով գիտատեխնիկական նորույթների մշակման ու ներդրման, երկարաժամկետ ներդրումային նախագծերի ու ծրագրերի իրականացման վրա։ Հոլդինգները միաժամանակ ֆինանսական կապիտալի ձևեր են, որոնք միավորում են բանկերը, արդյունաբերական, առևտրական կազմակերպությունները, ներդրումային ու ապահովագրական ընկերությունները և իրականացնում են այդ բազմաստիճան և բարդ բուրգի կառավարումը՝ վիթխարի շահույթ ստանալու համար։

Գործնականում առավել հաճախ հանդիպում են արդյունաբերական և ֆինանսական հոլդինգներ։ Ֆինանսական հոլդինգներում հիմնադիր կապիտալի 50 տոկոսից ավելին կազմում են այն տնտեսական գործակալների արժեթղթերը և ֆինանսական ակտիվները, որոնք իրավունք չունեն խառնվել ֆինանսական հոլդինգում ընդգրկված ձեռնարկությունների արտադրական և ֆինանսական գործունեությանը։

Աղբյուրներ խմբագրել

  • ՀՀ քաղաքացիական օրենսգիրք։ ՀՀ պաշտոնական տեղեկագիր, 17, Երևան
  • Յու. Սուվարյան «Մենեջմենթ», Ք․ Երևան, 2003 թ
  • Տիգրան Էվինյան, Ձեռնարկության Էկոնոմիկա, 2007 թ.
     Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոլդինգ» հոդվածին։