Հիպերպլազիա (< հիպեր... և հուն. հունարեն՝ πλάσις - ստեղծում, գոյացում), օրգանում կամ հյուսվածքում բջիջների քանակի ավելացումն է, որը բերում է օրգանի կամ հյուսվածքի չափերի մեծացման: Հիպերտրոֆիան և հիպերպլազիան տարբեր գործընթացներ են, բայց հաճախ կարող են միասին զարգանալ և խթանվել նույն արտաքին ազդակներից: Հիպերպլազիան զարգանում է այն օրգաններում և հյուսվածքներում, որոնց բջիջները ունակ են կիսվել: Հիպերպլազիան կարող է լինել ֆիզիոլոգիական և պաթոլոգիական[1]:

Հիպերպլազիա
Hyperplasia vs Hypertrophy.svg
Տեսակհիվանդություն
Hyperplasia Վիքիպահեստում

Ֆիզիոլոգիական հիպերպլազիաԽմբագրել

Տարբերում են հորմոնային հիպերպլազիա, ինչը անհրաժեշտության դեպքում մեծացնում է հյուսվածքի մեծ ծանրաբեռնվածություններին դիմակայելու ունակությունը, կոմպենսատոր հիպերպլազիա, որը ապահովում է հյուսվածքի զանգվածի մեծացումը վնասումից կամ մասնակի հեռացումից հետո: Հղիության և սեռական հասունացման շրջանում կանանց գեղձային էպիթելի ակտիվ բազմացումը հորմոնային հիպերպլազիայի լավ օրինակ է: Այդ շրջանում դիտվում է նաև հիպերտրոֆիա: Կոմպենսատոր հիպերտրոֆիայի օրինակ է Պրոմեթևսի մասին առասպելը, ըստ որի նա գողացել էր կրակի գաղտնիքը Օլիմպոսի աստվածներից և շղթայվել էր; ամեն օր արծիվը կտցահարում էր նրա լյարդը, բայց թողնում էր մի փոքրիկ կտոր, որպեսզի այն հասցներ օրվա ընթացքում վերականգնվել; այդպիսով տանջանքը շարունակվում էր: Այս առասպելը հաստատում է այն, որ հին հույները գիտեին լյարդի վերականգնման ունակության մասին[2]: Դոնորների մոտ, որոնք տրամադրել էին իրենց լյարդի մի բիլթը տրանսպլանտացիայի համար, լյարդի բջիջները սկսում էին ակտիվորեն բազմանալ և լյարդը վերականգնում էր իր չափերը: Լյարդի մասնակի հատման փորձերը թույլ են տվել հայտնաբերել լյարդի վերականգնմանը բերող մեխանիզմները:

Պաթոլոգիական հիպերպլազիաԽմբագրել

 
Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա
 
Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի հյուսվածաբանական պատկեր

Պաթոլոգիական հիպերպլազիայի հիմնական տեսակների հիմքում ընկած է հորմոնների և աճի գործոնների չափից ավելի շատ ազդեցությունը թիրախ բջիջների վրա: Նորմայում մենստրուալ շրջանը փոխարինվում է էպիթելի պրոլիֆերատիվ ակտիվության արագ բարձրացմամբ, որը լինում է հիպոֆիզի հորմոնների և ձվարանների էստրոգենների ազդեցությամբ: Այս գործընթացը որպես կանոն կանգ է առնում մենստրուացիայի ավարտից 10-14 օր առաջ՝ պրոգեստերոնի մակարդակի բարձրացման ազդեցությամբ: Այս հորմոնների հավասարակշռության խախտումը բերում է էստրոգենների մակարդակի բացարձակ կամ հարաբերական մակարդակի բարձրացման, որի արդյունքում կատարվում է էնդոմետրիումի գեղձերի հիպերպլազիա: Պաթոլոգիական հիպերպլազիայի այս տեսակ մենստրուալ անոմալ արյունահոսության պատճառ է: Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիան պաթոլոգիական հիպերպլազիայի մեկ այլ օրինակ է, տեղի է ունենում անդրոգենների մեծ քանակների ազդեցությամբ[1]:

Բջիջների բաժանումը կարգավորող գեներում մուտացիայի բացակայության շնորհիվ այս տեսակի հիպերպլազիաները վերահսկելի են և հետ են զարգանում համապատասխան հորմոնների քանակի իջնելուց հետո: Չարորակ ուռուցքների դեպքում բջիջների աճը և կիսում դառնում է անկառավարելի: Այսպիսով հիպերպլազիան տարբերվում է չարորակ նորագոյացությունից, սակայն պաթոլոգիական հիպերպլազիան լավ հիմք է հետագայում չարորակացման համար: Օրինակ՝ էնդոմետրիումի հիպերպլազիայով կանայք գտնվում են էնդոմետրիումի քաղցկեղի ռիսկի խմբում[1]:

Հիպերպլազիան որոշ վիրուսային վարակների ազդեցության պատասխան ռեակցիան է, օրինակ՝ պապիլոմայի վիրուսի ազդեցությամբ մաշկի վրա առաջանում են գորտնուկներ, իսկ լորձաթաղանթները վնասվում են: Այս դեպքում վիրուսների գների կամ ախտահարված բջիջների կողմից արտադրվում են աճի գործոններ, որոնք նպաստում են հիպերպլազիային[1]:

Հիպերպլազիայի մեխանիզմներԽմբագրել

Հիպերպլազիան աճի գործոնների ազդեցության հետևանք է: Որոշ դեպքերում հիպերպլազիայի աղբյուր են հանդիսանում ցողունային բջիջները: Օրինակ լյարդի մի մասի հեռացումից հետո աճի գործոնները ազդում են առկա բջիջների վրա և խթանում են նրանց պրոլիֆերացիան: Սակայն, եթե լյարդի բջիջները (հեպատոցիտները) ունակ չեն լինում բավարար քանակով կիսվել (օրինակ՝ հեպատիտների ժամանակ), ապա վերականգնումը կատարվում է լյարդում գտնվող ցողունային բջիջների հաշվին[3]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Основы патологии заболеваний по Роббинсу и Котрану։ Москва: Elsevier Inc., ООО «Логосфера»։ 2008, 2014։ էջ 9։ ISBN 978-5-98657-052-5 
  2. The Healing Hand: Man and Wound in the Ancient World.։ Cambridge: Harvard University Press։ 1975։ էջ 43 
  3. «Molecular mechanism of liver development and regeneration.»։ 2007։ doi:10.1016/S0074-7696(06)59001-1