Հին եգիպտացիների համոզմունքներն անդրշիրիմյան կյանքի մասին

Հին եգիպտացիների՝ անդրշիրիմյան կյանքի մասին համոզմունքներն ուղեկցվել են տարաբնույթ արարողություններով, որոնց հիմքում ընկած էին եգիպտական մշակույթին բնորոշ մի շարք տարրեր։ Հիմնական ազդեցությունը եղել է կրոնից։ Վերջինս հանդիսանում էր հասարակական կարևոր գիտակցության ձև, որը եգիպտացիներին միմյանց կապող օղակն էր։ Եգիպտական աստվածներից շատերը դեր են խաղացել հանգուցյալների հոգիները հանդերձյալ կյանք առաջնորդելու գործում։ Գրային համակարգի զարգացման հետ կրոնական գաղափարները գրի են առնվել և արագ տարածվել ամբողջ եգիպտական համայնքում։ Այս ուսմունքները ձևավորվել և ամրապնդվել են հանդերձյալ կյանքի մասին մոգական գրությունների ստեղծման ընթացքում, որոնք նկարագրում և բացատրում էին այն, ինչ անհրաժեշտ էր մահացածներն «ուղևորությունն» անվտանգ անցնելու նպատակով։

Կեղծ դուռը Մերերուկա անունով եգիպտացի հայտնի պաշտոնյայի գերեզմանին: Մ.թ.ա. 24-րդ դար: Պատկերում է հոգու՝ ka-ի գերեզման վերադառնալը:

Եգիպտական կրոնական ուսմունքները ներառել են հանդերձյալ աշխարհին վերաբերող երեք գաղափարախոսություն՝ հավատն առ հանդերձյալ աշխարհ, հավերժական կյանք և հոգու վերածնունդ։ Հանդերձյալ աշխարհը, որ հայտնի է նաև որպես Դուատ, ունեցել է միայն մեկ մուտք, որին հնարավոր էր հասնել միայն գերեզմանով անցնելով։ Հոգու՝ անդրշիրիմյան աշխարհ մուտք գործելիս նախանական պատկերը մի միջանցք էր՝ երկայնքով զարդարված քանդակներով։ Հանդերձյալ աշխարհ տանող ճանապարհը կարող էր տարբերակվել հասարակ մարդկանց և թագավորների համար։

Մուտք գործելուց հետո հոգիները ներկայացել են մեկ այլ հայտնի աստծո՝ Օսիրիսին։ Օսիրիսը կորոշեր հանգուցյալի հոգու առաքինությունը։ Նրանք, ովքեր արժանի էին կստանային խաղաղ կյանք մահից հետո։ «Հավերժական կյանքի» եգիպտական գաղափարը հաճախ դիտվում էր որպես անընդհատ վերածնունդ։ Հետևաբար այն հոգիները, որոնք պատշաճ կյանք էին ապրել առաջնորդվում էին դեպի Օսիրիս, որպեսզի վերածնվեն[1]։

Մահից հետո կատարյալ կյանքի արժանանալու նպատակով կյանքի ընթացքում մի շարք գործողություններ պետք է իրականացվեն։ Դա կարող է ներառել արդարացիորեն վարվել և հետևել եգիպտական կրոնի հավատալիքներին։ Բացի այդ, եգիպտացիները շեշտում էին այն ծեսերը, որոնք ավարտվում են անհատի կյանքի ավարտից հետո։ Այլ կերպ ասած, կենդանի մարդու պարտավորությունն էր կատարել վերջին անհրաժեշտ ավանդույթները։ Այս կերպ մահացածները կկարողանային արժանանալ իրենց վերջնական ճակատագրին։

Հուղարկավորություն

խմբագրել

Նախքան հանդերձյալ կյանքի վերջին փուլերին հասնելը մեռյալները ստիպված են եղել անցնել շատ փորձություններ։ Այնուամենայնիվ, կենդանի մարդկանց աջակցությամբ մահացածները հնարավորություն են ունեցել պաշտպանված լինելու և ստանալու գիտելիքներ, որը նրանց կօգներ վերածնվել։

Դամբարաններ

խմբագրել

Եգիպտոսի դամբարանների ձևավորումը և մասշտաբները ժամանակի ընթացքում ենթարկվել են փոփոխությունների։ Սակայն դրանց գործածման նպատակը մնացել է նույնը։ Գերեզմաններից շատերը պատրաստվել են այն մարդու կյանքի ընթացքում, ում համար այն նախատեսված էր։ Եգիպտական գերեզմանները կառուցվել են մահացածների մարմինները պահելու նպատակով, ինչպես նաև մարդու հոգին փոխանցել են հանդերձյալ աշխարհ[2]։ Գերեզմանի գտածոների մեծ մասը նկարագրում էր նրա ներսում թաղված մարդու կարգավիճակը։ Այնուամենայնիվ, մահացածներին օգնելու համար, դամբարանների մեծ մասը զարդարվել են հանդերձյալ կյանքի մասին գրություններով, որոնք ուղղված էին հանգուցյալի հոգին դեպի հետագա կյանք առաջնորդելու, ինչը բոլորի համար հասանելի էր[3]։

Հանդերձյալ կյանքի տեքստեր

խմբագրել

Դարերի ընթացքում եգիպտացիներն իրենց դամբարաններն ու սարկոֆագները զարդարել են կրոնական գրություններով՝ հուսալով, որ դրանով կօգնեն մահացածներին հանդերձյալ կյանքում։ Եգիպտական մշակույթի զարգացմանը զուգահեռ զրգացել են նաև տեքստերը՝ դառնալով ավելի բարդ և ծավալուն։

Բուրգերի տեքստեր

խմբագրել
 
Բուրգի տեքստ Թեթի I-ի բուրգի ներսում

Հին եգիպտական բուրգերի պատերին փորագրված առաջին կրոնական գրությունները եղել են բուրգերի տեքստերը։ Եգիպտոսի Հին Թագավորության սկզբում այս տեքստերն օգտագործվել են բացառապես եգիպտական փարավոնների կողմից իրենց գերեզմանների պատերը զարդարելու համար։ Շուտով եգիպտական թագուհիներն ու բարձրաստիճան պաշտոնյաները նույնպես սկսել են օգտագործել բուրգի տեքստերը իրենց գերեզմաններում։ Այս տեքստերի նպատակն էր օգնել փարավոնին հաջողությամբ կատարել իր ճանապարհորդությունը հանդերձյալ կյանքի միջով՝ հանգուցյալին փոխանցելով գիտելիքներ այն ճանապարհների և վտանգների մասին, որոնք նրան սպասում էին առաջիկայում[4]։

Սարկոֆագի տեքստեր

խմբագրել

Եգիպտոսի միջին թագավորությունում բուրգերի տեքստերին փոխարինեցին սարկոֆագի տեքստերը։ Սարկոֆագի տեքստերը կախարդանքներ էին, որոնք փորագրված էին մահացածների դագաղներին։ Դրանք կոչված էին պաշտպանելու հանգուցյալին հանդերձյալ կյանքում և տրամադրել նրանց այն փոխակերպման մոգությունը, որը նրանց անհրաժեշտ կլինի իրենց ճանապարհորդության ընթացքում։ Այս տեքստերն օգտագործվել են ոչ միայն արքայական ազնվականների համար, այլ նաև հասարակ ունևոր մարդկանց։ Կարևոր է նաև նշել, որ այս տեքստերի ժողովածուն, որը հայտնի է նաև որպես «Երկու ճանապարհների գիրք», համարվում էր հանդերձյալ կյանքի ամենավաղ ձեռնարկը[5]։

Մեռյալների գիրք

խմբագրել

Հին եգիպտական Մեռյալների գիրքը եղել է կրոնական, մոգական տեքստերի ընդարձակ ժողովածու, որը ներառել է է նյութեր ինչպես Բուրգերի տեքստերից այնպես էլ Սարկոֆագների տեքստերից։ Եգիպտոսի նոր թագավորությունում գրքերի ստեղծման համար լայնորեն կիրառվել է պապիրուսը։ Սակայն Մեռյալների գիրքը հանդիպել է նաև դամբարանների պատերին, դագաղներին և մումիաների փաթաթանների վրա։ Ինչպես Սարկոֆագների տեքստերի դեպքում, այդպես էլ Մեռյալների գրքում եղած գրությունները կիրառվել են բոլորի կողմից։ Դրանք իրենցից ներկայացրել են խորհուրդներ, անդրշիրիմյան աշխարհում հանգուցյալին անհրաժեշտ գիտելիքներ, ինչպես նաև պաշտպանել են հանգությալին անդրաշխարհում[6]։

Հանդերձյալ աշխարհի գրքեր

խմբագրել
 
«Ամդուատ» գրքի 11-րդ ժամը

Հանդերձյալ աշխարհի գրքերը պարունակել են տեքստեր, որոնք հանգուցյալին տվել են հանդերձյալ աշխարհի նկարագիրը և ծառայել որպես ուղեկցորդ։ Այս գրքերի նպատակը նույնպես եղել է հանգուցյալին իր անդրշիրիմյան աշխարհում օգնելը։ Հանգուցյալները հաճախ են կրկնել Ռա աստծո վերածննդի շրջափուլը։ Այդ իսկ պատճառով այս տեքստերը հիմնականում կենտրոնացած են եղել արևի աստծո՝ հանդերձյալ աշխարհում ճանապարհորդության երկրորդ փուլի վրա, որը նրան ուղեկցել է գիշերով։ Ավելի վաղ շրջանի՝ Հանդերձյալ աշխարհի գրքերից էին «Դարպասների գիրքը» և «Ամդուատը»։ Սրանք իրենց պատմությունները բաժանել են տասներկու մասի՝ խորհրդանշելով անդրշխրխմյան աշխարհում արևի աստծո անցկացրած տասներկու ժամը։ Ավելի ուշ շրջանի գրքերից են «Քարանձավների գիրքը» և «Հողի գիրքը»։ Բոլոր այս գրքերը նաև պարունակում էին անդրշիրիմյան աշխարհի պատկերազարդերումներ, որոնք հաճախ կարելի է տեսնել դագաղների ու գերեզմանների պատերին[7]։

Երկնային գրքեր

խմբագրել

Երկնային գրքերը բաղկացած են եղել հուղարկավորության երեք տեքստերին՝ «Նուտի գիրք», «Օրվա գիրք» և «Գիշերային գիրք»։ Փորագրված լինելով դամբարանների առաստաղներին՝ այս տեքստերն արտահայտել են Նուտ աստվածուհու դերը եգիպտական անդրշիրիմյան կյանքում[8]։

Սարկոֆագներ

խմբագրել

Եգիպտական մշակույթում դագաղները թվագրվում են մինչև Հին Թագավորություն։ Այս դարաշրջանում դագաղները կառուցվածքով համեմատաբար պարզ, մանր դետալներից բաղկացած հավասարաչափ հորինվածքներ էին։ Նրանցում կային երեք անցքեր. մեկը նախատեսված էր հոգու համար, իսկ մյուս երկուսը խորհրդանշել են աչքերը։ Ժամանակի ընթացքում դագաղները ձևափոխվել են։ Նոր Թագավորությունում դագաղներն ոչ միայն դարձել են ավելի հայտնի, այլ նաև հանվել են վաճառքի։ Հանգուցյալների աճյունների համար ավելի հաճախ են սկսել կիրառել դագաղներ։ Վերջիններս ստացել են հանգուցյալի մարմնի կառուցվածքը[9]։ Տարածված էր նաև սպիտակ հագուստը, քանի որ այն խորհրդանշում էր դատաստանից հետո հոգու մաքրությունը[10]։ Հնում եգիպտացիների համար շատ կարևոր նշանակություն է ունեցել նաև աճյունի դիրքը։ Վաղ շրջանում աճյունն ուղված է եղել գլխով դեպի հարավ։ Հետագայում սովորությունը փոխվել է, և աճյունի՝ գլխով դեպի հյուսիս դիքը համարվել է ավելի հարմար[11]։

Մումիացում

խմբագրել
 
Եգիպտական մումիա

Մումիացումը հին եգիպտացիների կողմից ընդունված սովորություն էր։ Նրանք հավատացել են, որ հանդերձյալ աշխարհում վերակենդանանալու համար կարևոր էր պահպանել մահացածի մարմինը[12]։ Սկզբում եգիպտացիները հավատացել են, որ Ռայի նման իրենք նույնպես կվերակենդանանան անդրշիրիմյան աշխարհում կատարած ճամփորդությունից հետո[13]։ Գիտակցելով, որ աճյուններն աստիճանաբար քայքայվելու են՝ եգիպտացիները մարմնի մնացորդները սկսեցին համարել մահացածի հոգու մասնիկ։ Աճյունը մասնատվել է և փաթաթվել բինտերով։ Այսպիսով մարմինը պահպանվել է հետագայում հոգու՝ վերադառնալու ցանկության համար[14]։

Հուղարկավորության արարողություն

խմբագրել

Շատ եգիպտացիների համար գերեզմանը դիտվել է որպես մահացածների տուն, ուստի սովորություն էր զոհաբերությունները թողնել հանգուցյալի մարմնի մոտ[15]։ Ըստ հին եգիպտացիների՝ հոգին բաղկացած է մի քանի մասերից։ Եգիպտացիները հավատացել են, որ նույնիսկ մահից հետո մարդու հոգին կենդանի է մնում, քանի որ նրանց կյանքի ուժը (Ka) առանձին սուբյեկտ է, որը կարող է իրեն հեռացնել մարմնից։ Եգիպտացիներն այս ուժը համարել են անմահ հոգի։ Հոգու հաջորդ մասնիկը՝ Ba -ն բնակվում է Ka -ի ներսում[16]։ Հանգուցյալների համար նվիրաբերություններից ամենակարևորը համարվել է սնունդը[17] : Ըստ եգիպտացիների՝ չնայած հոգին առանձնանում է մարմնից, այն դեռ կարող է սովամահ լինել[16]։

Ճանապարհորդություն դեպի անդրշիրիմյան աշխարհ

խմբագրել
 
Մոդելային նավակի օրինակ

Հին եգիպտացիները մահից հետո գոյություն ունեցող կյանքը բաժանել են մի քանի փուլերի։ Առաջին փուլը համարվել է փոխադրամիջոց, որն իր հանգուցյալին ուղեկցել է դեպի անմահություն։ Անհատներն անցել են մի քանի փուլերով, սակայն ճանապարհի ընտրությունը նրանց չի պատկանել. վերջինս կախված էր նրանց հասարակական դիրքից։ Չնայած ճանապարհորդողների միջև եղած տարբերությանը, անդրշիրիմյան կյանքի վերաբերյալ հավատալիքները կախված են կրոնական գաղափարախոսություններից։ Հնում մարդիկ կրոնի օգնությամբ փորձել են հասկանալ և ավելի մոտենալ բնությանը, քանի դեռ գիտությունը չէր բացատրել ամենօրյա փոփոխությունները։ Օրինակ՝ չի եղել արևի ուղեծրի ոչ մի հիմնավորում։ Կրոնական առասպելներն են վերաձևակերպել և պատասխանել մարդկանց ունեցած հարցերին։ Մինչև բնության մեջ տեղի ունեցող իրադարձությունները բացատրվել են կրոնական հավատալիքներով, դավանանքի այլ ոլորտներն ընդօրինակել են կյանքի բնական ձևերը։ Օրինակ՝ անդրշիրիմյան աշխարհ տանող ճանապարհի ընդհանուր գաղափարախոսությունը ենթադրել է, որ երբ գիշերը մթնեցրել է երկիրը, հանգուցյալները սկսել են իրենց ճանապարհորդությունը։ Արևը ծագելուն պես, ոչ միայն նոր օրվա, այլ նաև նոր կյանքի սկիզբ սկիզբ է եղել[18]։

Դեպի անդրշիրիմյան աշխարհ նավակները նախատեսված էին մահացած փարավոնների համար։ Ասում են՝ եգիպտոսի արևի աստվածը՝ Ռան արևի մայր մտնելուն պես նավակով ճանապարհորդել է անդրշիրիմյան աշխարհ։ Ռայի ճանապարհորդությանը նմանակելու նպատակով հին եգիպտացիները կառուցել են տարբեր չափերի մոդելային նավակներ իրենց փարավոնների համար։ Վառ օրինակ է Քեոփսի բուրգի մոտ գիտնականների կողմից հայտնաբերված նավը։ Այն ցույց էր տալիս ոչ միայն եգիպտացիների հարգանքն ու նվիրվաությունն իրենց առաջնորդին, այլ նաև նրանց նվիրական ցանկությունը բոլորի համար հավերժություն ձեռք բերելու։ Որպեսզի փարավոնները հասնեն իրենց վերջնական նպատակակետին, ժողովուրդը ստիպված էր կառուցել նավակներ՝ նրանց՝ կյանքից հեռացումը ապահովելու համար։ Արդյունքում տարբեր համայնքներից մարդիկ պետք է հավաքվեին միմյանց օգնելու համար։ Հակառակ դեպքում անմահության հեռանկարը և նրանց հավատքը կոչնչանային։ Հավերժությանը հասնելու համար ուրիշներին օգնելու հանձնառությունը կարևոր բաղադրիչ էր եգիպտական մշակույթում, որի ապացույց են հանդիսանում իրենց առաջնորդների հետ թաղված նավակները[19]։

Անդրշիրիմյան աշխարհ տանող մեկ այլ փոխադրամիջոց էր դագաղը։ Մինչ թագավորներն հաճախ դագաղներն օգտագործում էին ի լրումն նավակի, քաղաքացիներն ավելի քիչ ընտրություն ունեին։ Նավակները հանգուցյալներին ուղեկցել են արևի աստծո՝ Ռայի մոտ, իսկ դագաղները՝ երկնքի աստված Նաթի մոտ։ Յուրաքանչյուր դագաղ յուրովի է վերագրվել այն անձին, որին կրել է իր մեջ։ Այլ կերպ ասած, յուրաքանչյուր դագաղ ենթակա էր զանազան մեկնաբանությունների, որոնք բոլորն էլ նպատակ ունեին հանգուցյալին նպաստել հավերժության հասնելու համար[19]։ Այնուամենայնիվ, մահացածներից ոչ բոլորին է տրվել անդրշիրիմյան աշխարհ ուղևորվելու հնարավորություն։ Մարդիկ պարտավոր էին ոչ միայն երաշխավորել հանգուցյալի՝ անդրշիրիմյան աշխարհ ճամփորդելը, այլ նաև պատասխանատու էին անմահության արժանանալու համար։ Կյանքը տվել է ընտրության հնարավորություն և անարժան հանգուցյալին զրկել երկրորդ կյանքի հնարավորությունից։ Ամենահայտնին «մարդուն երկրորդ անգամ սպանելն» էր։ Արդյունքում, երկրորդ մահը, ենթադրվում էր, որ ոչնչացրեց երկրորդ կյանքի հնարավորությունը։ Ինչպես նշվում է եգիպտական տեքստերում, այս բախտին արժանացել են նրանք, ովքեր չեն ենթարկվել իրենց թագավորներին[20]։

Հանգուցյալների դատաստան

խմբագրել
 
Հանգուցյալների դատաստան

Հին եգիպտացիների համար մահացածների դատավճիռն իրենից ենթադրել է մի գործընթացն, որը թույլ է տվե եգիպտական աստվածներին դատել հանգուցյալի հոգու արժանիքները։ Անդրշիրիմյան կյանքում ճանապարհորդության մեջ ամենակարևորը դատավճիռն էր։ Եգիպտական հուղարկավորության տեքստերում հանդիպում են դատաստանի տարբեր տեսարաններ։ Անդրշիրիմյան աշխարհում իր ճանապարհորդությունն ավարտելուց անմիջապես հետո հանգուցյալները ներկայացել են Մաատ աստվածուհու սրահ։ Այստեղ նրանց ազնվությունը որոշիչ գործոն կլիներ այն հարցում, թե արդյոք նրանց թույլատրվելու է մտնել Օսիրիսի Թագավորություն[21]։

Մահացածի առաջին խնդիրն էր քառասուներկու դատավորներից յուրաքանչյուրին դիմել անվանական՝ միաժամանակ թվելով այն մեղքերը, որոնք նա չէր կատարել իր կյանքի ընթացքում[22]։ Սա հնարավորություն է տվել հանգուցյալին ապացուցել, որ ինքը գիտեր դատավորներից յուրաքանչյուրի անունը և հաստատել իր անմեղությունը։ Անմեղությունը ապացուցելուց հետո հանգուցյալի սիրտը չափվել է Մաատ աստծո փետուրի հետ[23]։ Կշեռքի ձախ նժարին դրվում էր մահացածի սիրտը, իսկ աջին՝ Մաատ թագուհու փետուրը, որը ճշմարտության խորհրդանիշն էր։ Սովորաբար այս գործողությունն իրականացվել է Անուբիս աստծո կողմից։ Եթե հանգուցյալի սիրտը հավասար է եղել Մաաթի փետուրի հետ, Թոթը գրանցել է արդյունքը, և հանգուցյալը ներկայացվել Օսիրիսին։ Եթե սիրտն ավելի ծանր է կշռել, քան Մաաթի փետուրը, այն ոչնչացվել է Ամիթ դև-աստվածուհու կողմից՝ ընդմիշտ ոչնչացնելով հանգուցյալի հոգին[24]։

Վերածնունդ

խմբագրել

Եգիպտացիներն ունեցել են բազմաթիվ եղանակներ իրենց ճակատագիրն ապահովելու համար։ Մահից հետո եգիպտացիները ամենից շատ փորձել են համոզել իրենց աստծուն երկրորդ կյանք ստանալու համար։ Օրինակ՝ գիտնականներն եզրակացրել են, որ հնում եգիպտացի կանայք ստիպված են եղել վերափոխել իրենց սեռը՝ ձեռք բերելով ավելի տղամարդկային հատկություններ։ Օսիրիսը՝ անդրշիրիմյան աշխարհի ղեկավարը, մեծարվել է իր տղամարդկային հզորության համար։ Համաձայն հին ուսմունքների՝ արարիչը տղամարդ է եղել։ Արձաններն ու ցուցադրման այլ ձևերը զգալիորեն ընդգծել են արարչ հատկապես ֆիզիկական տղամարդկային հատկությունները։ Աստծու նախասիրությունները բավարարելու համար կանանց դամբարաններն ու դագաղները ունեցել են տղամարդկանց բնորոշ հատկանիշներ։ Մեկ այլ օրինակ է այն, որ կանայք դագաղների վրա իրենց անուններից առաջ «Օսիրիս» են փորագրել[25]։

Դատավճռից հետո անհատները, այսպես ասած, վերադարձել են Մայր աստծո արգանդ։ Այս փուլում հոգին հանդիպել է իր նախկին մարմնին, որն արդեն վերականգնվել է։ «Մեռյալների գրքում» կան այս փուլին առնչվող մի շարք տողեր, որոնցում ասվում է հետևյալը[26].

  Ես միավորում եմ ձեր վերջույթները, ես շրջապատում եմ ձեր մարմինը, ես մաքրում եմ ձեր մարմինը քայքայող հեղուկները, սրբում եմ ձեր արցունքները, ես բուժում եմ ձեր բոլոր վերջույթները՝ յուրաքանչյուրը միավորելով մյուսին։ Ես ձևավորում եմ ձեզ որպես Ռե։  

Մարդու մերկ էությունը մոտենում է աստվածուհուն և, որպես իր որդի, մտնում նրա անգանդ։ Համեմատության համար նշենք, որ այս դոգման խորը կապված է արևի աստված Ռայի ծննդյան հետ, որ ամեն գիշեր մտնում է աստվածուհու արգանդ և վերածնվում արևածեգին[27]։ Ռայի՝ հանդերձյալ կյանքի հետ կապը ասոցացվում է այն կրոնական բաղադրիչների հետ, որոնք արդարացնում են արևածագն ու արևամուտը[18]։

Ի վերջո, հին եգիպտացիների կողմից ցանկալի անմահությունը արտացոլվել է անվերջ կյանքով։ Կյանքում կատարելով արժանի գործեր՝ մարդկանց կտրվի երկրորդ կյանք հավերժություն։

Աարուն, կամ, ինչպես ընդունված է այլ կերպ՝ «եղեգների դաշտը», բոլոր վերածնված հոգիների վերջին փուլն էր։ Այս գաղափարախոսությունը զարգացավ Հինգերորդ դինաստիայում[28]։ Աարուն համարվել է դրախտ։ Ավելի խոր պատկերացման համար Եղեգների դաշտը պատկերվել է որպես ջրվեժներով և բնության զանազան հրաշալիքներով լի վայր[29]։ Եգիպտոսի պատկերները, ինչպիսիք են Նեբսենիի Պապիրոսը, պատկերել են այն բաժանված մի քանի տարածքների։ Յուրաքանչյուր հատված հիշեցնում էր կղզյակ, որոնցում անհրաժեշտ է ճանապարհորդել նավով[30]։

Եղեգների դաշտ թույլատրվել է մուտ գործել ինչպես աստվածներին, այդպես էլ բոլոր արդար և արժանի հասարակ մարդկանց հոգիներին։ Հողի բերրիությունն ապահովվել է Նեղոսի շնորհիվ։ Արդյունքում, հանգուցյալները կերել և խմել են նույն իրենց աստվածների կողմից տրված բարիքները։ Իր հերթին, դա տանում էր այն համոզմունքին, որ անմահություն ձեռք բերելով՝ անհատները ձեռք են բերել հատկություններ, որոնք բնորոշ են աստվածներին։ Բացի այդ, Աարուում բնակվելու հաջորդ կարևորությունը կապի միջոցն էր։ Մահացածները կարողացել են միմյանց հետ փոխանակվել մտքերով, հաղորդակցվել աստվածների հետ և նրանց, ում նախկինում կորցրել էին[28]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Mojsov, Bojana (2001). «The Ancient Egyptian Underworld in the Tomb of Sety I: Sacred Books of Eternal Life». The Massachusetts Review. 42 (4): 489–506. JSTOR 25091798.
  2. Morenz, Siegfried (1960). Egyptian Religion. Ithaca, New York: Cornell University Press. էջեր 194–201.
  3. Amenta, Alessia (2002). «The Egyptian Tomb as a House of Life for the Afterlife». Egyptological Essays on State and Society: 18–26.
  4. Hornung, Erik (1999). The Ancient Egyptian Books of the Afterlife. Ithaca, New York: Cornell University Press. էջեր 1–6.
  5. Hornung, Erik (1999). The Ancient Egyptian Books of the Afterlife. Ithaca, New York: Cornell University Press. էջեր 7–11.
  6. Hornung, Erik (1999). The Ancient Egyptian Books of the Afterlife. Ithaca, New York: Cornell University Press. էջեր 13–22.
  7. Hornung, Erik (1999). The Ancient Egyptian Books of the Afterlife. Ithaca, New York: Cornell University Press. էջեր 26–111.
  8. Hornung, Erik (1999). The Ancient Egyptian Books of the Afterlife. Ithaca, New York: Cornell University Press. էջեր 112–135.
  9. «Artifacts: Mummy Cases, Coffins, and Sarcophagi, Mummification, Online Exhibits, Exhibits, Spurlock Museum, U of I». www.spurlock.illinois.edu (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  10. Cooney, Kathlyn M. (2010). «GENDER TRANSFORMATION IN DEATH: A Case Study of Coffins from Ramesside Period Egypt». Near Eastern Archaeology. 73 (4): 230. JSTOR 41103940.
  11. Raven, Maarten J. (2005). «Egyptian Concepts on the Orientation of the Human Body». The Journal of Egyptian Archaeology. 91: 37–53. doi:10.1177/030751330509100103. JSTOR 3822392.
  12. Budge, Wallis. Egyptian Religion: Egyptian Ideas of the Future Life. New York: Bell Publishing Company. էջեր 188–189.
  13. Budge, Wallis. Egyptian Religion: Egyptian Ideas of the Future Life. New York: Bell Publishing Company. էջ 194.
  14. Budge, Wallis. Egyptian Religion: Egyptian Ideas of the Future Life. New York: Bell Publishing Company. էջեր 188–200.
  15. Morenz, Siegfried (1960). Egyptian Religion. Ithaca, New York: Cornell University Press. էջ 202.
  16. 16,0 16,1 Budge, Wallis. Egyptian Religion: Egyptian Ideas of the Future Life. New York: Bell Publishing Company. էջ 190.
  17. Morenz, Siegfried (1960). Egyptian Religion. Ithaca, New York: Cornell University Press. էջ 201.
  18. 18,0 18,1 Janák, Jiří (2003). «Journey to the Resurrection. Chapter 105 of the Book of the Dead in the New Kingdom». Studien zur Altägyptischen Kultur. 31: 193–210. JSTOR 25152890.
  19. 19,0 19,1 Taylor, John H. (2001-2004). Death and the Afterlife in Ancient Egypt (անգլերեն). University of Chicago Press. ISBN 9780226791647.
  20. Picardo, Nicholas S. (2007). «"Semantic Homicide" and the So-called Reserve Heads: The Theme of Decapitation in Egyptian Funerary Religion and Some Implications for the Old Kingdom». Journal of the American Research Center in Egypt. 43: 221–252. JSTOR 27801614.
  21. Budge, Wallis. Egyptian Religion: Egyptian Ideas of the Future Life. New York: Bell Publishing Company. էջեր 136, 152.
  22. Coogan, Michael D. (2013). A Reader of Ancient Near Eastern Texts: Sources for the Study of the Old Testament,"Negative Confessions". New York: Oxford University Press. էջեր 149–150.
  23. Budge, Wallis. Egyptian Religion: Egyptian Ideas of the Future Life. New York: Bell Publishing Company. էջեր 161–162.
  24. Coogan, Michael D. (2013). A Reader of Ancient Near Eastern Texts: Sources for the Study of the Old Testament,"The Weighting of the Heart". New York: Oxford University Press. էջեր 150–154.
  25. Cooney, Kathlyn M. (2010). «GENDER TRANSFORMATION IN DEATH: A Case Study of Coffins from Ramesside Period Egypt». Near Eastern Archaeology. 73 (4): 224–237. JSTOR 41103940.
  26. Hays, Christopher B. (2012). «"My Beloved Son, Come and Rest in Me": Job's Return to His Mother's Womb (Job 1:21a) in Light of Egyptian Mythology». Vetus Testamentum. 62 (4): 607–621. doi:10.1163/15685330-12341088. JSTOR 23496681.
  27. Budge, Sir Ernest Alfred Wallis (1901). The Book of the Dead: An English Translation of the Chapters, Hymns, Etc., of the Theban Recension, with Introduction, Notes, Etc., (անգլերեն). Open Court Pub.
  28. 28,0 28,1 Budge, E. A. Wallis (2013 թ․ փետրվարի 20). Egyptian Ideas of the Afterlife (անգլերեն). Courier Corporation. ISBN 9780486158679.
  29. Bonacker, Wilhelm (1950). «The Egyptian "Book of the Two Ways"». Imago Mundi. 7: 5–17. doi:10.1080/03085695008591952. JSTOR 1149949.
  30. Budge, E. A. Wallis (1908). Eyptian Ideas Of The Future Life (անգլերեն).