Հացյաց դրախտ, հացենու անտառապուրակ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառի Աշտիշատ ավանում, որտեղ գտնվում էր Վահագնի մեհյանը։ Ըստ Փավստոս Բուզանդի, Գրիգոր Ա Պարթևը (Լուսավորիչ), Աշտիշատի մեհյանը փոխելով մայր եկեղեցու, Հացյաց դրախտի սրբազան աղբյուրում մկրտել է Հայոց զորաբանակը։ Նույն պատմիչի հավաստմամբ, Հացյաց դրախտում բնակվել է ասորի քարոզիչ Դանիել քորեպիսկոպոսը, որին Գրիգոր Լուսավորիչը կարգել էր Տարոնի եկեղեցու գլուխ, ինչպես նաև Մեծ Հայքի եկեղեցիների վերակացու։ Հուսիկ Ա Պարթևի մահից (347) հետո Հայոց կաթողիկոսական գահի հավակնորդ Դանիելը սպանվել է Տիրան թագավորին հակառակվելու համար և թաղվել Հացյաց դրախտում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 327