Տուրուբերան

Մեծ Հայքի նահանգ
(Վերահղված է Տուրուբերան նահանգից)


HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տարոն (այլ կիրառումներ)

Տուրուբերան, գրաբարում նաև՝ Տաւրուբերան, Կողմն Տարաւնոյ, Տարօնոյ աշխարհ, Տաւրոյ բերան, Մեծ Հայքի չորրորդ նահանգ։ Նահանգը եզակիներից էր Մեծ Հայքում, որ արտանքի սահման չուներ։ «Աշխարհացոյց»–ի ընդարձակ խմբագրության մեջ Տուրուբերանում նշված են է 14 գաառներ, մինչդեռ համառոտ խմբագրությունում դրանք 16-ն են[1]։

Տուրուբերան
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք Մեծ Հայք
Ներառում է16 գավառ
Գլխավոր քաղաքՄանազկերտ
Այլ քաղաքներԱրճեշ, Արծկե, Խլաթ, Մուշ, Խնուս, Զարիշատ, Տիրակատար, Բաղեշ, Ձյունկերտ, Թոնդրակ
Կառավարող տոհմ(եր)Սլկունիները, Մամիկոնյանները, Մանդակունիները, Ապահունիները, Ձյունականները, Բզնունիները, Գնունիները, Խորխոռունիներ
Ստեղծվել էՄ.թ.ա. 189
Վերացել էՄ.թ. 387
Տարածք25,008 Կմ² կմԱ
Ներկայիս երկրներԹուրքիա Թուրքիա
Ազգային կազմ
ՊատմականՀայեր
ՆերկաՔրդեր, թուրքեր, իսլամացված հայեր
Կրոնական կազմ
ՊատմականՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ՆերկաԻսլամ
Տուրուբերանը Մեծ Հայքի քարտեզի վրա

ԱնվանումԽմբագրել

Տուրուբերանն իբրև «Աշխարհ»–ի անուն հազվադեպ է հիշատակվում։ Մեր հին մատենագիներից այդ անունը հիշատակում են միայն Եղիշեն, Մովսես Խորենացին և «Աշխարհացոյց»–ի հեղինակ Անանիա Շիրակացին։ Գործ է ածվել երկու ձևով՝ Տուրուբերան և Տարուբերան։ Ըստ որում Անանիա Շիրակացին զգալով որ այդ անունը քիչ գործածական է և անծանոթ շատերի համար, անմիջապես ծանոթացնում է, որ Տուրուբերանը հենց Տարոնի աշխարհն է («կողմն Տարօնոյ»)[1]։ Այսպես, այս երկրի համար ավելի գործածական է եղել «Տարոնի աշխարհ» անունը։ Նրա անվանումը ծագում է Տավրոսյան լեռների անվանումից, այսինքն՝ «Տուրուբերան» նշանակում է Հայկական Տավրոսի մոտ գտնվող։ Աշխարհը սկզբնաղբյուրներում հայտին է նաև Տարօնոյ երկիր կամ աշխարհ անունով, քանի որ նրա ամենամեծ գավառը, որտեղ գտնվել է նաև քաղաքականա կենտրոնը եղել է Տարոնը[2]։ Սկզբնաղբյուրներում Տուրուբերանը երբեմն կոչվում է նաև նաև Հաշտենից երկիր, քանի որ դեռևս Պտղոմեոսի ժամանակներում աշխարհը հարևան Ծոփքի Հաշտյանք գավառի հետ մեկ նահանգ է կազմել։ Նահանգը եզակիներից էր Մեծ Հայքում, որ արտանքի սահման չուներ[3]։

ՊատմությունԽմբագրել

 
Մեծ Հայքի վարչաքաղաքական բաժանումն ըստ «Աշխարհացոյց»-ի։ Քարտեզի հեղինակ՝ Բ.Հ. Հարությունյան

Տուրուբերանը Սելևկյանների տիրապետության վերջին շրջանում մտել է Մեծ Հայքի սատրապության մեջ, այնուհետև եղել է Մեծ Հայքի թագավորության կենտրոնական նահանգներից։ Տուրուբերանի Տարոն, Հարք և Ապահունիք գավառներով է անցել «Արքունի պողոտան[4]»։ Հետագայում նշանավոր էին նաև Տուրուբերանով անցնող Կարին (Թեոդոսուպուլիս) – ՄանազկերտԽլաթԲաղեշ (Բիթլիս) – Մծբին, ինչպես նաև ԱրտաշատՄանազկերտ – Տիգրանակերտ ճանապարհները։ Քաղաքներից նշանավոր էին Մանազկերտը, Արճեշը[5], Արծկեն, Խլաթը[6], Մուշը[7], Խնուսը[8] և այլն[4]։

Տուրուբերանի տարբեր գավառներում հնում իշխել են Սլկունիները, Մամիկոնյանները, Մանդակունիները, Ապահունիները, Ձյունականները, Բզնունիները, Գնունիները, Խորխոռունիները և այլ նախարարական տոհմեր։ Հայաստանի առաջին բաժանմամբ (387 թվական) Տուրուբերանն անցել է Սասանյան Պարսկաստանի (մինչև 428 թվական որպես Հայոց թագավորության, այնուհետև՝ մարզպանություն տարածք), իսկ 591 թվականի վերաբաժանմամբ՝ Բյուզանդական կայսրության ազդեցության ներքո։ Բյուզանդիայի Մավրիկիոս կայսեր (582-602 թվականներ) վարչական փոփոխություններից հետո առաջացած «Ներքսագույն Հայքի» (Armenia inferior, Այրարատ), Չորրորդ Հայքի և Աղձնիքի (Mesopotamia) միջև գտնվող Տուրուբերանի տարածքը կոչվել է «Մեծ Հայք»[1]։

7-րդ դարում ասպատակել են արաբական նվաճողները։ 8-9-րդ դարերում Տուրուբերանի տարածքում հաստատվել են արաբական ցեղեր։ Վերացվել է Աղբիանոսյան տան իշխանությունը Հարքում[9] և Բզնունիքում, Խլաթը և Մանազկերտը դարձել են արաբական ամիրաների նստավայր։ Վերացել է Ապահունյաց տոհմը, իսկ Գնունիներն անցել են Տայք[1]։

Նշենք նաև, որ Արաբական տիրապետության շրջանում նահանգը հանդես է գալիս որպես ապստամբական մեծ օջախ։ Խիտ հայ բնակչության առկայությունը հնարավորություն է տվել նահանգին պահպանելու կենտրոնացված քաղաքական համակարգի հետ կապը։

Կայսիկների արաբական ամիրայությունը, որ սկզբում ընդգրկել է Մանազկերտ քաղաքը և շրջակայքը, հետզհետե ծավալվել է և10-րդ դարում տարածվել Ծաղկանց լեռների արևմտյան լանջերից մինչև Հաշտյանքի (Ճապաղջուր) արևմտյան սահմանը, Կարինի (Թեոդոսուպոլիս) մերձակայքից մինչև Տարոնի հյուսիսային սահմանը[4]։ 9-րդ դարում Տուրուբերանը վարչաքաղաքական տեսակետից բաժանվել է երեք մասի՝ Տարոնի իշխանություն (հայ Բագրատունիների սեփականությունը), Կայսիկների ամիրայության (Բագրատունիների թագավորության վասալը) և Խութ (Սասունի իշխանության կազմում)։ Բյուզանդական կայսրությունը 10-րդ դարի երկրորդ կեսին զավթել է Տուրուբերանը (բացառությամբ Խութի)[1]։

1064 թվականին Տուրուբերանը զավթել են սելջուկ թուրքերը, և մինչև 13-րդ դարի սկիզբն այն եղել է սելջուկյան Շահարմենների սուլթանության կազմում։ 13-րդ դարի սկզբին հայ–վրացական միացյալ ուժերը Զաքարյանների գլխավորությամբ ազատագրել են Տուրուբերանի հյուսիսային գավառները, Մանազկերտ և Արճեշ քաղաքները։ 13-14-րդ դարերում Տուրուբերանը ասպատակել են թաթար–մոնղոլական և թուրքական հրոսակ ցեղերը[1]։

1555 թվականին և 1639 թվականին կնքված թուրք–պարսկական պայմանագրերով Տուրուբերանը զավթել է Օսմանյան սուլթանությունը։ 15-16-րդ դարերի թուրք–պարսկական պատերազմների ժամանակաշրջանում Տուրուբերանը բազմիցս կողոպտվել, ավերվել և ամայացել է։ Չնայած այդ ամենին, ընդհուպ մինչև Հայոց Ցեղասպանությունը, Տուրուբերանի հիմնական բնակիչները եղել են հայերը։ 20-րդ դարի սկզբին Տուրուբերանի տարածքը մտել է հիմնականում Բիթլիսի և Էրզրումի վիլայեթների մեջ[1]։

ԱշխարհագրությունԽմբագրել

ԴիրքԽմբագրել

Տուրուբերանն իբրև վարչատարածքային միավոր, «Աշխարհացոյց»–ում նկարագրված սահմաններով, կարող էր հիշատակվել միայն Հայաստանի երկրորդ բաժանումից հետո։ Մինչև այդ այդպիսի միավորի մասին գաղափար լինել չէր կարող, որովհետև Տուրուբերանը մասնատված էր մի քանի նախարարությունների, որոնք ունեին հավասար իրավունքներ, և դրանցից ամեն մեկը մի վարչաքաղաքական միավոր էր[4]։ Իհարկե, այդ նախարարությունները պահպանվեցին նաև 591 թվականի բաժանումից հետո, սակայն Արածանիի վրա ընկած այդ ամբողջ երկիրը, Այրարատի հետ միասին, քաղաքականապես ենթարկվեց մի այլ պետության՝ Բյուզանդական կայսրությունը։ Իսկ Կայսրության հանար այս երկիրը, ամբողջությամբ վերացած, մի վարչատարածքային միավոր էր, անկախ նրանից, որ մասնատված էր բազմաթիվ նախարարությունների[4]։

ՍահմաններԽմբագրել

 
Տուրուբերան նահանգի քարտեզը (ՀՍՀ)

Նահանգը եզակիներից էր Մեծ Հայքում, որ արտանքի սահման չուներ։ Նրա հարավային սահմանները Հայկական Տավրոսի լեռներով անցնում էին Աղձնիքի լեռնագավառների հետ։ Արևմուտքում Տուրուբերանը սահմանակցում էր Ծոփքի Հաշտյանք և Խորձյան գավառներին, հյուսիս–արևմուտքում՝ Մեղեդուղխի լեռներով՝ Բարձր Հայքի, Մանանաղի և Կարնո գավառներին[4]։ Հյուսիսում Տուրուբերանի ամբողջ սահմանը անցնում էր Այրարատի Բասեն, Բագրևաբդ և Ծաղկոտն գավառների հարևանությամբ, իսկ արևելքում՝ նահանգը սահմանակից էր թե՛ ցամաքով և թե՛ Բզնունյաց ծովով Վասպուրականին։ Մի փոքրիկ հատված հարավ արևելքում առկա էր սահման Մոկքի հետ[4]։

Տուրուբերանի բնական սահմաններն արևմուտքում կազմում էին Բյուրակն-Մնձուրյան լեռնաշղթայի արևելյան հատվածից սկսվող և դեպի հարավ տարածվող Սերոկի լեռները, հյուսիսում՝ Հայկական Պար և Շարիանի լեռնաշղթաները, արևելքում՝ Վանա լիճը և Բերկրի ու Պատնոց գետերի ջրբաժան լեռները, հարավում՝ Հայկական Տավրոսը։ Ընդգրկել է հիմնականում Արածանու վերին և միջին, ինչպես նաև Արաքսի վերին հոսանքների ավազանը (25.008 կմ2)[4]։

Տուրուբերանի մակերևույթը բազմազան է, մեծ մասամբ՝ դաշտային։ Կենտրոնական մասում ձգվող լեռնաշղթաներն ու բլրաշարերը մեծ մասամբ ցածր են և չեն խախտում ընդհանուր հարթ մակերևույթը։ Տուրուբերանի տարածքով հոսող Արածանին և բազմաթիվ վտակները տեղ-տեղ (Մուշ-Խնուս-Մանազկերտ) առաջացրել են ճահճուտներ[4]։

Կլիման և բնական պայմաններԽմբագրել

Նահանգի տարածքը աչքի էր ընկնում բարձրությունների մեծ տարբերությամբ։ Եթե հարվային և որոշ չափավ հյուսիսային շրջանները լեռնոտ տեղանքով էին աչքի ընկնում, ապա միաժամանակ նահանգը հայտնի էր Մեծ Հայքի ամենաագրգավանդ հացահատիկային դաշտերով։ Առանձնապես բերքառատ էին՝ Տարնո, Հարքի, Մանազկերտի և մի շարք այլ դաշտեր[4]։ Ունի արգավանդ դաշտեր (Դութաղ, Մանազկերտ, Բուլանըղ, Մուշ, Խնուս, Տուարածատափ)։ Տուրուբերանի մեջ մտնող Բյուրակն բարձրավանդակը հայտնի է սառնորակ աղբյուրներով ու փարթամ արոտավայրերով։ Բացառությամբ առանձին շրջանների (Բյուրակն, Տուարածատափ և այլն), կլիման խիստ է, ցամաքային։ Ցածրադիր վայրերում տարածված են փշաբույսերը, փետրախոտերը և այլն, իսկ բարձրադիր շրջաններում՝ ալպյան բուսականությունը։ Մշո դաշտը իր արգավանդության շնորհիվդարձել էր բնակչության գերկենտրոնացման օջախ[4]։

«Աշխարհացոյց»–ում Տուրուբերան նահանգը ներկայացվում է որպես օգտակար հանածոներով հարուստ շրջան, մասնավորապես նշվում է՝ սև և սպիտակ նավթի առկայությունը։ Տուրուբերանն ունի նաև երկաթի, կապարի, ոսկու, աղի, այլ օգտական հանածոների պաշարներ[4]։

ԲնակչությունԽմբագրել

Տուրուբերանի բնակչությունը հիմնականում կազմում էին հայերը։ Սակայն այստեղ կային նաև այլ ժողովուրդների ներկայացուցիչներ, որոնք գլխավորապես ապրում էին քաղաքներում՝ հրեաներ, հույներ, ասորիներ և այլոք։ 8-րդ դարից սկսած այստեղ բնակություն են հաստատում նաև արաբական ցեղերը, իսկ 9-րդ դարից՝ սելջուկ–թուրքերը։ Չնայած այդ բոլորին, Տուրուբերանի բնակչության ճնշող մեծամասնությունը հնագույն ժամանակներից սկսած մինչև առաջին համաշխարհային պատերազմը կազմում էին հայերը[1]։

Տուրուբերանը հին Հայաստանի խտ բնակեցված շրջաններից մեկն էր։ Այստեղ տարբեր ժամանակներում հիշատակվում են մի շարք քաղաքներ՝ Մանազկերտ, Արճեշ, Արծկե, Խլաթ, Մուշ և այլն, որոնց մի մասը մինչև օրս էլ գոյություն ունի։ 10-13-րդ դարերում Տուրուբերանի բնակչության թվը ամենայն հավանականությամբ, մեկ միլիոնից պակաս չէր[4]։

Վարչական բաժանումԽմբագրել

Տուրուբերան աշխարհը հայ ժողովրդի ձևավորման կարևորագույն կենտրոններից մեկն է։ Այն հանդիսանում է Մեծ Հայքի այն երկրամասերից մեկը, որի աշխարհագրական մանրամասն նկարագրությունը «Աշխարհացոյց»-ի ընդրաձակ խմբագրության շնորհիվ հասել է մեզ[4]։

Այնտեղ ասվում է.

  Դ աշխարհ՝ Տարուբերան, յելից Չորրորդ Հայոց, ունի գաւառս վեշտասան. զԽոյթ, զԱսպականունեաց ձոր, զՏարօն, յորում գայ գետն Մեղ և անկանի յԵփրատ. որ ըստ հիւսիսոյ՝ Աշմունիք առ Սրմանց լերամբ, որ կոչի Կատար երկրի. յորմէ յոյժ բղխեն աղբիւրք. որոց ըստ հիւսիսի Մարդաղի առ Մեղեդուխ լերամբ, մինչև ցնոյն Այծպտկունս որ բաժանէ ընդ Կարին և ընդ նա. յորում գտանի սալակ և ձիղկ և նաւթ սև և սպիտակ. որոյ յելից բղխէ Մուրց գետ, գնալով ընդ հիւսիսի՝ իջանէ ի Բասեն գաւառ և խառնի յԵրասխ, և գետացուցանէ զնա։ Յելից Մարդաղոյ է Գաստովոր գաւառ. և նորա յելից Տուարածատափ. նորա յելից Դալառ. և ի հարաւոյ նոցա Հարք և Վաժնունիք, մինչև ցԱրածանի, որ իջանէ յԱպահունեաց. որոց ի հարաւոյ՝ Սարակ ի Բզնունեաց գաւառի. ի Նեխ Մասեաց սկսանելով՝ պատէ զարևմտեայ եզր հոմանուն ծովուն, մինչև ցբերդն Բաղէշ, և անդր ևս ի հարաւ կոյս ցԵրէվարդ գաւառի սահման։ Եւ Բզնունիք ունի յիւր հոմանուն ծովէն կղզիս երեք. զԱրձկէոյն, զԾիպանին և զՏոքեանն, որոյ ըստ հարաւոյ ի մէջ լերինն Տորոսի և ծովու՝ գաւառ Երէվարք, յորում լիճ ինչ՝ որ կոչի Եղիգի, յուխից. զի ի վարելն յակօսն ջուր ըմպէ եզն, և սերմանեալն քառասուն աւրն հասանէ, և բերէ ընդ միոյ՝ յիսուն։ Եվ ծովն Բզնունեաց յերկայնն հարիւր մղոն է ու լայնն վաթսուն։ Որոյ ըստ հիւսիսոյ Աղիտովիտ գաւառ, և զմտիւք նորա Ապահունիք. ընդ որոյ մէջն անցանէ Արածանի յեզրն Բզնունեաց։ Գտանի պստակ, և կաստանոնն որ է մաշկամիրգ, և մեղր անոյշ քան զամենայն երկրի և երկաթ։ Ասեն թէ նհանգ կայ յԱրածանի, որպէս յԵփրատ, զոր հաւաստի գիտեմք, կենդանի քարքաշամ զուգեալ, զարիւնն ծծեալ և թողեալ, զոր ոմանք ասեն թէ գազան է և չէ դև, այլ գազան զոր Յոհան վազն դստերն Հերոդիադայ ասէ թէ քան զնհանգսն ծովայինս արիւնարբու էր...
- Աշխարհացոյց, ընդարձակ խմբագրություն
 


«Աշխարհացոյց»-ի համառոտ խմբագրության մեջ, որում ավելի պակաս են աղճատվել գավառանունները, ասվում է.

  Տուրուբերան, յերի կայ Չորրորդ Հայոց. գաւառք են ի նմա վեշտասան. Խոյթ, Ասպակունիք, Տարօն, Աշմունիք, Մարդաղի, Դասնաւորք, Տուրածատափ, Դալառ, Հարք, Վարաժնունիք, Բզնունիք, Երեւարք, Աղիովիտ, Ապահունիք, Կոր, Խորխոռունիք։ Ունի և ծով զԲզնունեացն յերկայն հարիւր մղոն, և ի լայն վաթսուն։ Ունի և գազպէն և մեղր և մաշկամիրգ, և սպիտակ նաւթ, և երկաթ։
- Աշխարհացոյց, համառոտ խմբագրություն[1]
 


«Աշխարհացոյց»–ի ընդարձակ խմբագրության մեջ Տուրուբերանում նշված են է 14 գաառներ, մինչդեռ համառոտ խմբագրությունում դրանք 16 են[4]

ԳավառներԽմբագրել

Ըստ «Աշխարհացոյց»–ի համառոտ խմբագրության Տուրուբերանը ուներ 16 գավառ[1]։ Դրանք են․

Խութ(Խոյթ)Խմբագրել

Խութը Սասունի արևելյան հարևանն էր։ Նա գտնվում էր Հայկական Տավրոսի շրջանում՝ Տարոնից հարավ–արևելք։ Խիստ լեռնային մի փոքրիկ գավառ է, որը ունի ցուրտ կլիմա և ժլատ բնություն։ Այստեղ մինչև 4–րդ դարի երկրորդ կեսն իշխում էին տեղական իշխանները։ 4–րդ դարի երկրորդ կեսից Խութը միացված էր Տարոնի Մամիկանյանների իշխանությանը, իսկ արաբական տիրապետության շրջանում և ավելի ուշ՝ Սասունի հետ կազմում էր մի իշխանություն։ Խութի բնակիչները իրենց հարևան Սասունի բնակիչների նման աչքի են ընկել քաջությամբ։ Նրանք դարեր շարունակ համառ պայքար են մղել իրենց անկախության համար։ Խութից էր Հովհանը, որը 9–րդ դարի կեսեին Հայաստանում արաբական լծի դեմ ծավալված ժողովրդական շարժման նշանավոր ղեկավարներից մեկն էր[1]։

Արշամունիք և ԱսպակունիքԽմբագրել

Արշամունիք (Աշմունիք) գավառը տարածված էր Տարոնի արևելյան մասում, իսկ Ասպակունիքը լեռնային մի փոքրիկ հովիտ էր՝ Խութի մոտ։

ՏարոնԽմբագրել

Տարոնը տուրուբերանի գլխավոր գավառն էր, այդ պատճառով էլ, ինչպես նշվեց, ամբողջ Տուրուբերանը սովորաբար հայտնի էր նաև Տարոն անունով։ Տարոնը մեծ հռչակ ուներ ամբողջ Հայաստանում[1]։

Տարոնը մի բարեբեր երկիր է։ Նա Մերձավոր Արևելքի երկրագործության հնագույն կենտրոններից մեկն է[10]։

Այրարատի նման Տարոնը էլ իր արգավանդության շնորհիվ գովերգվել է մեր հին պատմագիրների կողմից։ Ըստ Զենոբ Գլակի՝

  «Բարի է երկիրս և վայրքս, և անուշ օդս բազմաջուր, դաշտաձև, և շուրջ զլերամբքս ամրոցք բազումք․ երկիրս խոտաբեր և մեղրաբուխ, և որպէս մանանայն իջանէր յերկնից այդ առ հրեայս, նոյնպէս և աստ ի մերում երկրիս ի վերայ անտառացն իջանէ քաղցր առաջել քան զմեղր, որ կոչի գազապէն․․․ Այս երկիրս ամենայն բարությամբ լի է, աջողակ և առողջ[1]»։  



Տարոնը տարածվում էր Մեղրագետի (Մշո գետ) ավազանում և Արածանիի երկու ափին։ Արևմուտքում սահմանակցվում էր Չորրորդ Հայքին, իսկ հարավում՝ Աղձնիքին։ Բավական ընդարձակ մի երկիր էր։ Այժմյան Մուշի շրջանը կազմում էր նրա միայն մի մասը[1]։

Ըստ Խորենացու հաղորդած տեղեկությունների հնում Տարոնը բաժանված էր երկու մասի՝ արևելյան և արևմտյան։ Արևելյան մեծ մասում իշխում էր Սլկունի նախարարական տունը, իսկ արևմտյանում՝ Վահունի քրմական տոհմը։ 4–րդ դարում (հավանաբար Խոսրով Կոտակի օրոք) Տարոնի այս մասը, որը նախկինում պատկանում էր Սլկունիներին, անցնում է Մամիկոնյանների իշխանությանը, իսկ արևմտյան մասը՝ Աշտիշատը իր շրջակայքով, Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն ընդունվելուց հետո, անցնում է կաթողիկոսական տանը՝ Գրիգոր Լուսավորչի տոհմին։ 5–րդ դարում կաթողիկոսական այս կալվածքները, Սահակ Պարթևի մահից հետո, ժառանգում են Մամիկոնյանները, իսկ Տարոնի արևմտյան ծայրամասը գրավում են Պալունիները[4]։ Տարոնի Մամիկոնյանները վարում էին Հայաստանի սպարապետության պաշտոնը, իսկ Մամիկոնյան տան նախարարը անմիջապես իշխում էր Տայքում։ 8–րդ դարի երկրորդ կսին Մամիկոնյանների Տարոնի կալվածքներն աստիճանաբար անցնում են Բագրատունիներին։ Տարոնը հին Հայաստանի խիտ բնակեցված գավառներից մեկն էր։ Տարոնում կային պատմաաշխարհագրական բազմաթիվ վայրեր՝ բերդեր, ավաններ, վանքեր, գյուղեր և այլն։ Դրանցից միայն հիշատակվածների թիվը (մինչև 13–րդ դարին վերաբերող գրավոր աղբյուներում) 150–ից անցնում է, իսկ սովորաբար պատմագիրներն ու աշխարհագիրները հիշատակել են գերազանցապես այն վայրերի անունները, որոնք շատ թե քիչ նշանավոր դեր են խաղացել պատմության մեջ[1]։

Տարոնի պատմական վայրերից են․

ԱշտիշատԽմբագրել

Հիշատակվում է նաև Հաշտիշատ ձևով։ Գտնվում էր Տարոնի արևմտյան մասում՝ Արածանիի աջ ափին։ Հեթանոսական շրջանում եղել է Հայաստանի կրոնական գլխավոր կենտրոնը։ Այստեղ գտնվում էին երեք նշանավոր մեհյաններ, որոնցից մեկը նվիրված էր Վահագն աստծուն և կոչվում էր Վահեվահյան մեհյան, երկրորդը նվիրված էր Վահագնի տարփածուին՝ Աստղիկ աստվածուհուն և կոչվում էր Սենյակ Վահագնի, իսկ երրորդը կրում էր Անահիտ աստվածուհու անունը։ Մեհյաններում դրված են եղել այդ աստվածների արձանները[1]։

Քրիստոնեությունը պետական կրոն ընդունելու ժամանակ Աշտիշատի մեհյանները կործանվեցին, և դրանց տեղում հիմնվեց վանք, որին տրվեցին նախկին մեհյանապատկան կալվածքներն ու գանձերը։ Աշտիշատը դարձավ կաթողիկոսի աթոռանիստը, իսկ դրա շուրջը տարածվող ընտիր հողերը՝ նրա սեփականություն։ Ինչպես նշվեց, 5–րդ դարի 30–ական թվականների վերջին Լուսավորիչի կաթողիկոսական տանը պատկանող այս կալվածքներն իբրև ժառանգություն տրվեցին Մամիկոնյաններին, որովհետև Սահակ Պարթևի մահով վերացավ այդ տունը, իսկ վերջինս իր մահից դեռևս առաջ Աշտիշատի կալվածքները կտակել էր իրենց տան հետ բարեկամական կապերով կապված Մամիկոնյաններին[11]։

Աշտիշատում տեղի է ունեցել եկեղեցական երեք ժողովներ, որոնցից առանձնապես նշանավոր է 354 թվականի ժողովը։

354 թվականի ժողովը, որը գումարել էր Ներսես Մեծ կաթողիկոսը, քննարկեց թե՛ կրոնական և թե՛ աշխարհիկ հարցեր։ Աշխարհիկ հարցին վերաբերող նրա քննարկած հարցերը հետագայում ունեցան առաջադիմական նշանակություն։

Գլակա վանքԽմբագրել

Գտնվում է Աշտիշատից ոչ հեռու։ Եղել է հեթանոսական մեհյան։ Քրիստոնեության ընդունումից հետո, Աշտիշատի նմա, այն ևս դարձել է վանք։ Այս վանքը ուներ նաև երկու այլ անուն՝ սբ․ Կարապետ և Իննակնյան։ Դրանց մեջ ամենից գործածականը սբ․ Կարապետ անունն է[1]։

 
Գլակա վանք

Վանքը կառուցվելուց հետո նրան են տրվում այն ընդարձակ կալվածքները, որոնք մինչ այդ պատկանում էին նրա տեղում եղած նախկին մեհյանին։ Գլակա վանքը մեծ ուխտատեղի էր։ Ըստ ավանդության այս վանքն էր տակիս աշուղության և լարախաղացության ձիրքը։

Հիշատակությունների համաձայն այս վանքը երկրաշարժի և արտաքին հարձակումների պատճառով մի քանի անգամ ավերվել է, բայց նորից վերականգնվել։ Այժմ ավերակները պահպանվում են։

ՄուշԽմբագրել

Հին բնակավայր է, բայց հայտնի է 10–րդ դարից։ Մի քանի հիշատակություններում կոչվում է քաղաք, իսկ մի քանիսում՝ ավան։ Երբեմն ուղակի անվանված է «Քաղաք», ըստ երևույթի հաշվի առնելով այն, որ տեղացիները «Քաղաք» ասելով հասկանում էին Մուշը, որը գավառի կենտրոնն էր։

Մուշը այժմ էլ գոյություն ունի և գտնվում է համանուն շրջանում՝ Արևելյան Եփրատի ձախ ափից ոչ հեռու։ Մուշ անվան առաջացման մասին տեղի ժողովուրդը պահպանել է հնագույն ծագումի մի բանաստեղծական ավանդություն։

 
Մ․ Մաշտոց
ՈղականԽմբագրել

Ամրոցը գտնվում էր Արածանիի վրա, նրա այն մասում, որտեղ գետը, ճեղքելով Տարոնի հյուսիսային կողմով ձգվող լեռնաշղթան, դուրս է գալիս Մուշի դաշտը[1]։

Ողականը հին Հայաստանի ամուր բերդերից մեկն էր։ Նա Տարոնի ամենանշանավոր բերդն էր՝ Հայաստանի սպարապետի աթոռանիստը։ Նրա պարիսպների, աշտարակների և այլ շինությունների հետքերը պահպանվել են մինչ օրս։

Հացեկաց գյուղԽմբագրել

Այս գյուղում է ծնվել Մեսրոպ Մաշտոցը։ Հացեկաց գյուղը մինչև առաջին համաշխարհային պատերազմը գոյություն ուներ և գտնվում էր Հացիկ (Խասիկ) գյուղից ոչ հեռու։ Այն վերջում վերածվել էր ուխտավայրի[1]։

 
Մ․ Խորենացի
ԽորնիԽմբագրել

Երբեմն համարված է գյուղ, իսկ երբեմն էլ՝ «ավանագյուղ»։ Աշխարհագրական դիրքը հայտնի չէ, ենթադրվում է, որ այստեղ է ծնվել պատմահայր Մովսես Խորենացին։

Մարդաղի, Դասնավորք, Տվարածատափ և ԴալառԽմբագրել

Այս գավառները տարածվում էին Վարաժնունիքից և Հարքից հյուսիս՝ գրավելով Բյուրակնի արևմտյան սահմաններից մինչև այժմյան Էլմալի գետի արևմտյան ջրբաժան լեռներն ընկած շրջանները։

Մարդաղի գավառը (այս անունը կապում են մարդերի՝ մարերի անվան հետ) տարածվում էր Բյուրակնի հյուսիսային լանջերին՝ Արաքսի ակունքների շրջանում։ Դրանից դեպի արևելք հերթականությամբ տեղադրված էին Դասնավորքը՝ Արաքսի հովտում, Տվարածատափը (այժմյան Կարայազը) և Դալառը (Գովառ)՝ Էլմալի գետի հովտում։ Դրանից միայն Տվարածատափն ուներ հարթ ռելիեֆ, իսկ մյուսները լեռնային գավառներ էին։ Բոլորն էլ ունեն բարձր դիրք, այնտեղ տեղուների քանակը բավարար էր, աչքի են ընկնում սառնորակ աղբյորներով, փարթամ արոտավայրերով և խոտհարքերով[1]։

Վարաժնունիք, Հարք և ԱպահունիքԽմբագրել

Վարաժնունիքը, Հարքը և Ապահունիքը միմյանց սահմանակից էին։ Ընդհանուր առմամբ, երեքն էլ ունեն հարթ ռելիեֆ, կլիման ցամաքային է։

Պատմական հին քարտեզներում, գրեթե առանց բացառության, Վարաժնունիքի դիրքը սխալ է նշված։ Վարաժնունիքի տարածքը համապատասխանում է այժմյան Խնուսի շրջանին, որը գրավում է համանուն գետի վերին հոսանքի ավազանը և շրջապատված է Բյուրակնից դեպի արևելք ձգվող երկու աղեղնաձև լեռնաբազուկներով։ Վարաժնունիքի գլխավոր բերդը Խնուսն էր[1]։

Վարաժնունիքից հարավ, Արածանիի երկու ափերին տարածվում էր Հարք գավառը[1]։

Հարքը սկզբում կազմում էր Մանավազյանների նախարարությունը։ Սակայն 4-րդ դարի առաջին կեսում, Խոսրով Կոտակի օրոք, Մանավազյանների և Որդունիների նախարարական տները, որոնք ֆյոդալական արյունահեղ պայքար էին մղում միմյանց դեմ, ոչնչացվում են, իսկ մնրանց կալվածքները տրվում են եպիսկոպոսական թեմերին։

Տարոնի Մամիկոնյանները վարում էին Հայաստանի սպարապետության պաշտոնը, իսկ Մամիկոնյան տան նախարարը անմիջապես իշխում էր Տայքում։ Հարքի պատմաաշխարհագրական վայրերից նշանավոր էր Մանազկերտը քաղաքը, որը գտնվում էր Հարքի և Ապահունիք գավառի սահմանագլխին։ Այդ պատճառով էլ որոշ հեղինակներ Մանազկերտը համարում են ոչ թե Հարքի, այլ Ապահունիքի մեջ մտնող քաղաք։

Մանազկերտ քաղաքԽմբագրել

Տարոնի Մամիկոնյանները վարում էին Հայաստանի սպարապետության պաշտոնը, իսկ Մամիկոնյան տան նախարարը անմիջապես իշխում էր Տայքում։ Մանազկերտ քաղաքը գտնվում էր այժմյան նույնանուն գյուղի տեղում, Մանազկերտի ընդարձակ հարթության գրեթե կենտրոնում, Արածանի (Արևելյան Եփրատ) գետի միջին հոսանքում, դրա ձախ ափին։ Քաղաքից լավ երևում են Սիփանն ու Ծաղկանց լեռնահամակարգին պատկանող Կոտեվան լեռնագագաթը։ Քաղաքի գրաված տարածքում ու դրա շրջակայքում բխում են սառնորակ աղբյուրներ և առաջացնում դեպի Արածանի հոսող առվակներ։ Քաղաքի մոտով է հոսում Արածանիի ձախակողմյան Պատնոց կամ Մանազկերտի գետը։ Մանազկերտի շրջակայքում փռված դաշտը պատած է հարթ, մի քանի շերտ կազմող սև գույնի հսկայական քարերով։ Կիսաավանդական պատմության համաձայն, հնագույն ժամանակներում այստեղից են տարել (Վանա լճի վրայով) Վանի և լճափնյա մի քանի ուրիշ քաղաքների շինարարության համար օգտագործված սև քարերը, որոնց երկարությունը երբեմն հասնում է մինչև վեց մետրի[1]։

Մատենագրության մեջ Մանազկերտ քաղաքը[12] կոչված է գյուղ կամ գյուղաքաղաք, իսկ երբեմն էլ` բերդաքաղաք։ Գոյություն ունի հայ ժողովրդի պատմության հնագույն ժամանակներից։ Ուսումնասիրողներից ոմանք ենթադրում են, որ Մանազկերտը ուրարտական առաջին թագավոր Արամեի նույն Արզաղկուն մայրաքաղաքն էր, որ հիմնադրվել էր Ք. ա. 9-րդ դարի առաջին կեսին։ Անառարկելի է այն տեսակետը, ըստ որի Մանազկերտ անունը կապված է ուրարտական Մենուա թագավորի (Ք․ ա․ 810 — 778 թվականներին) անվան հետ և հենց այդ թագավորն էլ հիմնել է այս քաղաքը։ Այդտեղ պահպանվել են Մենուա թագավորի սեպագիր մի քանի արձանագրությունները, որոնք զետեղված են ուրարտական արձանագրությունների ժողովածուներում։

Հայկական հնագույն ավանդության համաձայն, Մանազկերտը իբր Ք․ ա․ 2020 թվականին հիմնադրել է Հայկ նահապետի որդի Մանավազը և իր անունով կոչել Մանավազակերտ, որը հետագայում ավելի կրճատ ձևով կոչվել է Մանազկերտ։ Ավանդության պատմական հիմքն այն է, որ հնագույն ժամանակների պատմության այդ պահը դիտվում է իբրև հայ ժողովրդի ավանդական պատմության դրվագներից մեկը[1]։

Հայ մատենագրության սկզբնավորումից ի վեր Մանազկերտը հիշատակվում է մեր պատմագիրների երկերում (Փավստոս Բուզանդ, Մովսես Խորենացի, Ստեփանոս Ասողիկ, Լաստիվերտցի, Ուռհայեցի և ուրիշներ) և օտար հեղինակների մոտ (Հովհաննես Սկիլիցես և ուրիշներ)։

Մանազկերտը մտնում էր Տուրուբերան «աշխարհի» Հարք (ըստ ոմանց՝ Ապահունյաց) գավառի մեջ և համարվում էր վերջինիս կենտրոնը։ Այստեղ էր գտնվում Մանավազյան նախարարների աթոռանիստը։ Նոր ժամանակներում Մանազկերտը Բիթլիսի նահանգի Բիթլիսի գավառի Մանազկերտի գավառակի (կազա) կենտրոնն էր։

Տարոնի Մամիկոնյանները վարում էին Հայաստանի սպարապետության պաշտոնը, իսկ Մամիկոնյան տան նախարարը անմիջապես իշխում էր Տայքում։ Բյուզանդական Հովհաննես Սկիլիցես պատմագիրը (9-րդ դար) հաղորդում է, որ Մանազկերտը ամենաամուր և անառիկ քաղաքն էր ամբողջ Հայաստանում, որ իր ապրած ժամանակներում քաղաքն ունեցել է սև քարից կառուցված եռաշարք աշտարակավոր պաշտպանական ամրակուռ պարիսպներ, որոնք ունեցել են հինգ դուռ։ Մանազկերտը 11-12 դարերում Շահարմենների սուլթանության երկրորդ կենտրոնն էր և իր նշանակությամբ միայն զիջում էր դրա աթոռանիստ Խլաթին։ Քաղաքն ուներ տասնյակների հասնող արհեստներ և բավական ծավալուն առևտուր։ Արածանիի հովտով ու Մանազկերտի դաշտով ձգվող ճանապարհներով նա կապված էր Հայաստանի մի շարք այլ քաղաքների հետ։ Նրա բնակչության թիվը 9-րդ դարի երկրորդ կեսում հավանաբար հասել էր մի քանի տասնյակ հազարի, բայց այն այնուամենայնիվ Հայաստանի մարդաշատ, խոշոր քաղաքների թվին չէր պատկանում։

Ուշադրության արժանի են Մանազկերտի քաղաքական պատմության հետևյալ պահերը։ Տարոնի ընդարձակ իշխանությունը գրավելուց երկու տարի անց, 968 թվականին, բյուզանդական զորքը նվաճում է Մանազկերտը։ 1000 թվականին Վասիլ 2-րդ կայսրը այն շնորհում է Արծրունի իշխաններին։ Քաղաքը սելջուկների կողմից առաջին անգամ հարձակման է ենթարկվում 1054 թվականին։ Սելջուկյան սուլթան Տուղրիլը մեծ բանակի գլուխ անցած ամեն կերպ փորձում է գրավել Մանազկերտը, սակայն նրա գրոհներն անցնում են ապարդյուն։ Քաղաքի կայազորն ու բնակիչները ոմն Վասակ իշխանի գլխավորությամբ համառորեն պաշտպանվում են և մեծ զոհեր պատ ճառելով սելջուկյան զորքին, նրան հարկադրում նահանջել[1]։

Սակայն սելջուկների այդ նահանջը մասնակի բնույթ ուներ։ Նրանք շարունակում էին իրենց նվաճումները և աստիճանաբար շարժվում դեպի արևմուտք։ Հյուսիսային Հայաստանը գրավելուց հետո, սելջուկյան սուլթան Ալփ-Արսլանը, Տուղրիլ սուլթանի որդին, մի նոր արշավանք է կազմակերպում դեպի երկրի խորքերը։ Լսելով այդ մասին, բյուզանդական կայսր Ռոմանոս Դիոգենեսը հարյուրհազարանոց մեծ բանակի գլուխ անցած շտապում է Ալփ-Արսլանի դեմ։ 1071 թվականի օգոստոսի 10-ին Մանազկերտի մոտ տեղի է ունենում արյունահեղ ճակատամարտ, որում բյուզանդական ահռելի բանակը կրում է ճակատագրական խայտառակ պարտություն, ինքը կայսրն էլ գերի է ընկնում սելջուկների ձեռքը և ազատ է արձակվում միայն մեծ փրկագին վճարելուց հետո։ Ճակատամարտի ընթացքում ավերվում, սրի է մատնվում և կողոպտվում է բարգավաճ Մանազկերտ քաղաքը։ Դրանից հետո սելջուկները շուտով կայսրությունից գրավում են նաև Կարինը, Երզնկան, Փոքր Հայքը[1]։

Մանազկերտի 1071 թվականի ճակատամարտից ի վեր փաստորեն քաղաքը սկսում է շարունակ անկում ապրել և հետագայի որոշ կարճատև վերելքները գրեթե էական նշանակություն չեն ունենում նրա համար, նա այլևս չի հասնում իր նախկին փառքին։ Ավելին, 16-18-րդ դարերում երբեմնի մեծահարուստ քաղաքը վերածվում է սովորական գյուղաքաղաքի, իսկ առաջին համաշխարհային պատերազմից հետո անշուք գյուղի։

Խլաթի բնակչության քանակի նման, Մանազկերտի բնակչության թվի մասին նույնպես արժանահավատ տեղեկություններ չկան։ Ոմանց կարծիքով, նա նախկինում ունեցել է 6000 տուն (այսինքն մոտավորապես 30-35 հազար բնակիչ)։ Իսկ ըստ որոշ աղբյուրների, 1915 թվականին գյուղաքաղաքն ունեցել է 5000 բնակիչ, որի մեծ մասը հայեր[1]։

Նոր ժամանակների Մանազկերտի բնակիչների զբաղմունքները կազմում էին երկրագործությունը` հատկապես հացահատիկների մշակությունը, և մասամբ առևտուրն ու արհեստագործությունը։ Այստեղ կային մանրածախ առևտրի մի շարք կրպակներ։

Մանազկերտում տեղի է ունեցել եկեղեցական երկու ժողով։ Դրանցից մեկը, որը բնույթով հայ-ասորական համագումար(ժողով) էր, կայացել է 726 թվականին, իսկ մյուսը սովորական հայկական եկեղեցական ժողով և կայացել էր դրանից 7 տարի առաջ՝ 719 թվականին Հովհան Օձնեցու ղեկավարությամբ։

Քաղաքի հին հուշարձանները համեմատաբար լավ են պահպանված։ Պահպանված են արևելյան ծայրամասում գտնվող վաղեմի միջնաբերդի պաշտպանական պարիսպները, աշտարակները, ինչպես և մյուս կոթողների ավերակները։ Հին Մանազկերտն ամբողջապես կառուցվել էր տեղական սև քարից։ Առանձնապես լավ է պահպանվել միջնաբերդի ամենամեծ աշտարակը, որը կառուցվել է 11-րդ դարում։

 
Ներսես Մեծ

Քաղաքն ուներ երկու եկեղեցի, որոնցից մեկը երեք խորանանի ս. Աստվածածինն էր, իսկ մյուսը ս. Սարգիսը։ Մինչև առաջին համաշխարհային պատերազմը քաղաքում գործում էր հայկական մեկ դպրոց։

Մանազկերտում է ծնվել 4-րդ դարի հայոց կաթողիկոսներից մեկը՝ Ներսես Մեծին փոխարինած Շահակ Մանազկերտցի կաթողիկոսը (373—377 թվականները)[1]։

Ապահունիքը տարածվում էր Հարքից հյուսիս–արևելք՝ Արածանիի երկու ափերին։ Այս գավառում էր գտնվում Թոնդուրակ կամ Թոնդուրակս գյուղը։

Թոնդրակ գյուղը նշանավոր դեր է խաղացել 9-11–րդ դարերի սոցիալական շարժումների ժամանակ․ նա աղանդավորական–սոցիալական շարժման առաջին ու գլխավոր կենտրոնն էր, որի անունով էլ այդ շարժումը պատմության մեջ կոչվում է թոնդրակայան շարժում։

Աղիովիտ, Բզնունիք, Կոր, Խոռխորունիք և ԵրիվարքԽմբագրել

Սրանք տարածվում էին Վանա լճի հյուսիային և արևմտյան կողմերում։

Աղիովիտը գտնվում էր Ապահունիքից արևելք՝ Վանա լճի հյուսիսային ափին։ Աղիովիտում, ինչպես և նրա հարևան Վասպուրականի Առբերանի և Ծոփքի Հաշտյանք գավառներում, ընդարձակ կալվածքներ ունեին Արշակունի արքունական տան կրտսեր անդամները, իսկ գավառի մյուս մասը, ամենայն հավանականությամբ, պատկանում էր Գնունի նախարարական տանը[1]։

Աղիովիտի պատմական վայրերից նշանավոր են Զարիշատը, Արճեշը և Մեծոբան։

Բզնունիք գավառը տարածվում էր Վանա լճի արևմտյան առափնյա շրջաններում։ Կազմում էր մի առանձին նախարարություն, որտեղ իշխում էին Բզնունիները[13]։

Տարոնի Մամիկոնյանները վարում էին Հայաստանի սպարապետության պաշտոնը, իսկ Մամիկոնյան տան նախարարը անմիջապես իշխում էր Տայքում։ Բզնունիքի պատմական վայրերից նշանավոր էին Խլաթ և Արծկե քաղաքները, որոնք մինչև օրս էլ գոյություն ուներն։ Խլաթը(այժմ՝ Ախլաթ) գտնվում է Վանա լճի հարավ–արևմտյան, իսկ Արծկեն՝ արևմտյան ափին։

Խլաթը բազմամարդ, ամուր և պարսպապատ քաղաք էր։ Այն իր պատմության ընթացքում մի քանի անգամ ավերվել է, բայց նորից վերականգնվել է շնորհիվ իր հարմար դիրքի։

Արծկեն Ասողիկի մոտ հիշատակվում է որպես գյուղ, իսկ մյուս պատմագիրները այն համարում են քաղաք։ Լաստիվերցու վկայությամբ , Արծկեն գտնվել է ոչ թե լճափին, ալյլ ուղակի լճի մեջ։ Նա հաղորդում է, որ քաղաքը լճափից բաժանված էր մի մեծ ծանծաղուտով։ Դրանից պետք է ենթադրել, որ Արիստակես Լաստիվերցու ապրած ժամանակաշրջանում Վանա լճի մակարդակը խիտ բարձրացել էր[1]։

ՃանապարհներԽմբագրել

Ընդհանուր առմամբ ունենալով հարթավայրային ռելիֆ և կենտրոնական դիրք գրավելով Հայկական լեռնաշխարհում, Տուրուբերանը Այրարատի և Վասպուրականի նման դարձել էր տարանցիկ առևտրի կապող օղակներից մեկը։ Տուրուբերանի վրայով անցնող ճանապարհներից առանձնապես մեծ կարևորություն ունեին երկուսը․

Հիշատակված այս երկու ճանապարհներն էլ գործում էին հնագույն ժամանակներից և իրենց նշանակությունը նրանք պահպանեցին գրեթե մինչև 14-րդ դարը։

14-րդ դարը Տուրուբերանի համար մեծ կարևորություն էր ստանում Թավրիզից և Վանից եկող ճանապարհը, որը անցնում էր Վանա լճի առափնյա քաղաքներով։

Տուրուբերանի մի քանի գավառների՝ հատկապես Բզնունիքի համար ջրային ճանապարհ էր ծառայում Վանա լիճը։

Տես նաևԽմբագրել

  • Մեծ Հայքի նահանգ
  • Մանազկերտ
  • Աշխարհացոյց
  • Պատմական Հայաստան
  • Տարոնի աշխարհ
  • Աշտիշատ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 Հակոբյան Թադևոս (1984)։ Հայաստանի պատմական աշխարհագրություն։ Երևան: Երևանի պետական համալսարան 
  2. «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան - Տարոն»։ www.nayiri.com։ Վերցված է 2022-03-12 
  3. «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան - Տուրուբերան»։ www.nayiri.com։ Վերցված է 2022-03-12 
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 Հարութունյան Բաբկեն (2001)։ Մեծ Հայքի վարչաքաղաքական բաժանումն ըստ «Աշխարհացոյց»-ի։ Երևան: ԵՊՀ հրատ․։ էջ 402 
  5. «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան - Արճեշ»։ www.nayiri.com։ Վերցված է 2022-03-12 
  6. «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան - Խլաթ»։ www.nayiri.com։ Վերցված է 2022-03-12 
  7. «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան - Մուշ»։ www.nayiri.com։ Վերցված է 2022-03-12 
  8. «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան - Խնուս»։ www.nayiri.com։ Վերցված է 2022-03-12 
  9. «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան - Հարք»։ www.nayiri.com։ Վերցված է 2022-03-12 
  10. «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան - Տարոն»։ www.nayiri.com։ Վերցված է 2022-03-12 
  11. «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան - Աշտիշատ»։ www.nayiri.com։ Վերցված է 2022-03-12 
  12. «Պատմական Հայաստանի քաղաքները»։ www.armenianhouse.org։ Վերցված է 2022-03-12 
  13. «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան - Բզնունիք»։ www.nayiri.com։ Վերցված է 2022-03-11 

ԳրականությունԽմբագրել

  • Հարությունյան Բ.Ն., Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ «Աշխարհացոյց»-ի
  • Հյուբշման Հ., Հին Հայոց տեղվո անունները, Վիեննա., 1907
  • Երեմյան Ս. Տ., Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Երևան, 1963
  • Հակոբյան Թ. Խ., Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երևան, 1968
  • Մանանդյան Հ․, Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հ․ Ա, Երևան, 1943
  • Ուռհայեցի Մ․, Ժամանակագրութիւն, Վաղարշապատ, 1898
  • Հ. Կ ա ր ա գ յ ո ղ յ ա ն, Ուրարտական աղբյուրները Հայկական լեռնաշխարհի և հարևան պետությունների մասին «Հա յ ժողովրդի պատմության քրիստոմատիա», Երևան, 1981
  • Ինճիճյան Ղ., Ստորագրութիւն Հին Հայաստանեայց, Վենետիկ, 1822

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  

Կատեգորիա:Տուրուբերան