Հացագործական արդյունաբերություն

Հացագործական արդյունաբերություն, սննդի արդյունաբերության ճյուղ, արտադրում է հացի, հացաբուլկեղենի, օղաբլիթների, բուժիչ և դիետիկ հացի, ամոքահունց և սովորական չորահացի տարբեր տեսակներ։ Բնորոշվում է հիմնական հումքի՝ ալյուրի բարձր փոխադրելիությամբ, հացամթերքների մեծ մասի երկարատև պահպանման անհնարինությամբ (չորանալու պատճառով) և արտադրական ծրագրի փոփոխմամբ։ ԽՍՀՄ-ում հացագործական արդյունաբերությունն ստեղծվել է 1930-ական թվականներին։ 1976 թվականին գործում էր հացի մոտ 16 հազար ձեռնարկություն, այդ թվում՝ ավելի քան 5 հազար պետական և մոտ 11 հազար կոոպերատիվ։ Ճյուղին յուրահատուկ է արտադրության բարձր համակենտրոնացումը, համալիր մեքենայացումն ու ավտոմատացումը։

Հացաբուլկեղենի արտադրությունը Հայաստանում խմբագրել

Հայաստանում հացաթխությունը տարածված արհեստներից էր։ Գյուղական բնակչությունը հացը թխում էր հիմնականում սեփական պահանջմունքները բավարարելու համար, իսկ քաղաքներում կային հացթուխ կամ հացագործ արհեստավորներ (խապազներ), որոնք թխում էին ազգային հացի տարբեր տեսակներ և վաճառում բնակչությանը։ Սակայն, մինչև խորհրդային կարգերի հաստատումը, Հայաստանում հացագործական արդյունաբերություն չի եղել։ Հացի արտելային, կոոպերատիվ և պետական արտադրությունն սկսվել է 1922 թվականին, երբ Երևանի սպառողական ընկերության տնօրինությանն անցավ հացի «էկոնոմիա» փուռը։ Հետագայում վերականգնվեցին և կազմակերպվեցին այլ փռեր, այդ թվում՝ առաջին կիսաավտոմատ փուռը (1926 թվականին, Երևանում), և կառուցվեց հրուշակագործական արհեստանոց։ 1931 թվականին, վերջինների միավորմամբ, կազմակերպվեց «Հայհացտրեստը», որով պայմաններ ստեղծվեցին պետական համակարգում հացի արտադրության համակենտրոնացման, մեքենայացման և ընդլայնման համար։ Նոր գործարանների կառուցման և հների վերակառուցման շնորհիվ այն դարձավ ՀԽՍՀ սննդի արդյունաբերության զարգացած ճյուղերից մեկը։ 1978 թվականին այն հացամթերքներով լրիվ ապահովում էր քաղաքային, 85%-ով՝ գյուղական բնակչությանը։ Ճյուղն ընդգրկում է հացի 29 գործարան (19-ը՝ խոշոր), որոնք ներառնված են «Հայհացարդ» արտադրական միավորման մեջ։ Մեքենայացված 184 հոսքային գծերի միջոցով թողարկվում է 148 տեսակի հացաբուլկեղեն, ազգային հացատեսակների արտադրության 60%-ը։ Արտադրանքի 97, 5%-ը պատրաստվում է բարձրորակ ալյուրից, 41, 7%-ը՝ ֆերմենտներով ու սպիտակուցներով հարստացված։ Հայկական ազգային հացատեսակների արտադրության տեխնոլոգիայի կատարելագործման և մեքենայացման խնդիրներով զբաղվում են «Հայհացարդի» արտադրատեխնիկական բաժինը, հացագործական արդյունաբերության համամիութենական ԳՀԻ-ն և սննդի արդյունաբերության Մոսկվայի տեխնոլոգիական ինստիտուտը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 324