Հավուց Թառի գրչության կենտրոն

Հավուց Թառի գրչության կենտրոն, միջնադարյան հայկական հոգևոր և մշակութային կենտրոն Հավուց Թառի վանքային համալիրին կից։ Հայտնի առաջին ձեռագիրը (Ավետարան) ընդօրինակել է Իգնատիոս գրիչը 1214թ.-ին՝ Թադևոս և Հայրապետ կրոնավորների պատվերով (Վենետիկ, Մխիթարյան մատենադարան, ձեռ. № 137)։ Պետրոս քահանան վանքի գրչատանը ընդօրինակել է Ավետարան (1236), Գրիգոր գրիչը՝ Ավետարան (1297) ու Սաղմոսարան (1298) (Մատենադարան, ձեռագիր՝ №№ 2838, 4160, 6473), գրիչ և ծաղկող Ստեփանոսը՝ Շարակնոց (1458), երկու Ավետարան (1471) (Մատենադարան, ձեռագիր՝ №№ 215, 3759, 10154, որոնցից մեկի պատվիրատուն իր մայրն է եղել)։

Ձեռագրեր են ընդօրինակվել նաև XVI-XVII դարերում։

Հավուց թառի վանքին են նվիրվել մի շարք ձեռագրեր՝ Ավետարաններ (1321, 1657), Մաշտոց (1423), Շարակնոց (1482)։ Մինչև 1294-ը այս գրչության կենտրոնում է պահվել հայ ձեռագրական մշակույթի հնագույն հուշարձաններից մեկը՝ VII դարին վերագրվող «Վեհամոր Ավետարանը», որն այնուհետև տեղափոխվել է Արցախ (այժմ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում է, ձեռագիր՝ № 10668)։ Վանքը գործել է մինչև XVIII դարի 2-րդ կեսը։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։