Հանճարեղություն, մարդու ստեղծագործական օժտվածության, ընդունակությունների զարգացման բարձրագույն աստիճանը։ Հանճարին բնորոշ են բացառիկ նորարարությունն ու ինքնատիպությունը, հասարակության զարգացման համար նրա ստացած արդյունքների պատմական հատուկ նշանակությունը։ Հանճարի միտքը մակածական է, համադրական և ինտուիտիվ, նրա ստեղծագործական գործընթացները աչքի են ընկնում մեծ ինտեսիվությամբ, մտքի փայլատակումներով և դրանց շնորհիվ ստացած մտահղացումների ու վարկածների առատությամբ, հուզական մեծ լիցքով[1]

Լեոնարդո դա Վինչի

Հոգեբանությունն ուսումնասիրում է հանճարեղ անձի ընդունակությունները, բնավորության և խառնվածքի առանձնահատկությունները, նրա ստեղծագործական պրոցեսի վրա զանազան գործոնների ազդեցությունը։ Հանճարեղ անձի ընդհանուր տիպ առանձնացնելու համար բավարար տվյալներ առայժմ չկան։ Հանճարներն ունեն օժտվածություն, բնավորության, ընդհանուր կուլտուրայի, հետաքրքրությունների, հմտությունների ևն անհատական տարբերություններ։ Հին աշխարհում հանճարի հիմնական գիծը համարվել է ոգեշնչումը կամ «աստվածային ներշնչանքը» (Պլատոն, նեոպլատոնիզմ)։ Միջին դարերում այն նույնացվել է ստեղծագործական անհատականության հետ (Լեոնարդո դա Վինչի, Ջ. Վազարի)։ Ի. Կանտը ընդգծել է հանճարի ստեղծագործության ինքնատիպությունը և բնական լինելը։ Հանճարի գործունեությունն ընթանում է որոշակի հասարակական–պատմական պայմաններում։ Հեգելը, Թ. Կառլայլը և ուրիշ մտածողներ հանճարը համարել են պատմության միակ շարժիչ ուժը, իսկ Օ. Կոնտը, Ի. Թենը և ուրիշներ նրանց համարել են միջավայրի հետաքրքրությունների ու ձգտումների արտահայտիչը։ Ֆ. Շիլլերը ընդգծել է հանճարի բնական «միամտությունը»։ XIX դ. իտալացի մարդաբան և քրեագետ Չ. Լոմբրոզոյի կարծիքով հանճարեղությունը հանդես է գալիս հոգեֆիզիոլոգիական որոշ հիվանդությունների հետ կապված։ Այս տեսակետը ավելի մեղմ զարգացրել է Է. Կրեչմերը։ Ստեղծագործական ընդունակություն ունեցող շատ անձանց մոտ հոգեբուժական հետազոտությունը հայտնաբերում է հոգեկան խախտումներ, կամքի, զգացմունքների, հակումների շեղումներ ու մոլուցքներ։ Մինչդեռ հանճարները ծայրահեղ եսասիրություն, մելամաղձոտություն և այլ հիվանդագին հատկություններ ու հակումներ հազվադեպ են դրսևորում։ Ժամանակակից գենետիկան ուսումնասիրում է բարձրագույն հոգեկան ընդունակությունների ժառանգականության պրոբլեմը, ձևավորվում է հոգեբանական գենետիկա (պսիխոգենետիկա) գիտությունը։

Տես նաև՝

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  1. Ա. Ա. Նալչաջյան, Հոգեբանական բառարան, Երևան, «Լույս», 1984, էջ 113։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 221