Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան
Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան, բացվել է 1982 թվականի դեկտեմբերի 16-ին։
Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Հայաստան[1] |
Տեղագրություն | Աբովյան[1] |
Մասն է | Հայաստանը Ռուսաստանին միացման 150-ամյակի հուշահամալիր |
Հասցե | Կոտայքի մարզ, Աբովյան, Բարեկամության հրապարակ 5 |
Հիմնադրվել է | 1982 |
Պատմություն
խմբագրելԹանգարանի բացման արարողությանը մասնակցել են խորհրդային պետական և կուսակցական նշանավոր դեմքեր, հայ և ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում իրենց ավանդը ներդրած նշանավոր գործիչներ՝ գրողներ, արվեստագետներ, տիեզերագնացներ։
Թանգարանի գործունեության հիմնական նպատակը եղել է ամրապնդել և ի ցույց դնել հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը, երկու ժողովուրդների միջև պատմական հարաբերությունները և մշակութային կապերը ներկայացնող թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների պահպանումը, հայտնաբերումն ու հավաքումը, ուսումնասիրումը և հանրահռչակումը։
Իր գործունեության նպատակներին համապատասխան թանգարանն իրականացնում է կազմակերպությանն ամրացված թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների ֆիզիկական պահպանվածությունն ու անվտանգությունն ապահովող միջոցառումներ՝ այդ թվում թանգարանային առարկաների կոնսերվացումն ու վերականգնումը, իրականացնում է նաև թանգարանային առարկաների համալրում՝ նվիրաբերումների, կտակի, հանձնման, գնման եղանակներով։ Իրագործում է կազմակերպությանն ամրացված (մշտական կամ ժամանակավոր պահպանության) ինչպես նաև համալրման նպատակով ձեռք բերված թանգարանային առարկաների հաշվառում։
Ֆոնդեր
խմբագրելՀայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի ֆոնդերում պահվում են երկու ժողովուրդների բարեկամությունն արտացոլող շուրջ 800 պատմական, ազգագրական, գրավոր աղբյուրների, լուսանկարների, դրամագիտական, քարտեզների, շքանշանների և մեդալների, տնտեսական և կենցաղային իրերի և առարկաների հավաքածուներ, գեղանկարիչների, քանդակագործների և ժողովրդական ստեղծագործողների աշխատանքներ, (արձան, գոբելեն, փայտագործություն) և այլն։ Պարբերաբար աշխատանքներ են իրականացվում ֆոնդային հավաքածուները նոր ցուցանմուշներով համալրելու ուղղությամբ։ Թանգարանային 798 առարկաներից թվայնացված են 758-ը։
Ցուցասրահներ
խմբագրելԹանգարանի հիմնական ցուցասրահում ներկայացված են 36 համալիրներ,որոնցից յուրաքանչյուրը իրենից ներկայացնում է առանձին գաղափար։ Համալիրները դասավորված են հիմնական ցուցադրության հիմքը հանդիսացող Գրիգոր Խալդարյանի` «Գիրք որ կոչի շաւիղ լեզուագիտության» հայ-ռուսերեն առաջին բառարանի հերթականությամբ։
Համալիրներում ներկայացված են հայ և ռուս ժողովուրդների բարեկամությանը վերաբերող ցուցանմուշներ՝ գիտության, մշակույթի, կրթության, տնտեսական և ռազմական ոլորտի նշանավոր մարդկանց դիմանկարներ, նամակներ, քանդակներ, գրքեր, անձնական իրեր և հավաքածուներ։ Ցուցասրահում առկա են նաև տեսա և ձայնաերիզներ,որոնց միջոցով կարելի է ծանոթանալ առանձին համալիրների ավելի բովանդակալից ներկայացմանը։ Թանգարանում գործում է նաև ժամանակավոր ցուցասրահը, որտեղ ներկայացված են հայ և ռուս նկարիչների ստեղծագործությունները։ Գործում է նաև դահլիճը,որն օգտագործվում է տարատեսակ կրթական ծրագրերի և այլմիջոցառումների համար։
Միջոցառումներ
խմբագրելԹանգարանը կազմակերպում է մշտական և ժամանակավոր ցուցադրություններ, ինչպես նաև ցուցահանդեսներ, կազմակերպությանն ամրացված կամ իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող թանգարանային առարկաներով և թանգարանային հավաքածուներով, ապահովում է դրանց մատչելիությունը։
Թանգարանը իրականացնում է նաև գիտալուսավորչական և գիտահետազոտական աշխատանք։ Կազմակերպում է դասախոսություններ, հանդիպումներ, համաժողովներ, պատրաստում և հրատարակում է գիտական աշխատություններ, մենագրություններ, հոդվածներ, ժողովածուներ, ուղեցույցներ, կատալոգներ ինչպես նաև կազմակերպության գործունեության վերաբերյալ տեղեկատվական և գովազդային նյութեր։ կազմում է իր հիմնական գործունեության ընթացիկ և սոցիալ տնտեսական զարգացման հեռանկարային ծրագրերը, համագործակցում է այլ թանգարանների հետ՝ թանգարանային գործի տեսական և գիտագործնական խնդիրների վերաբերյալ համատեղ ծրագրերի մշակման և իրականացման նպատակով։
Բացի մշտական ցուցադրությունից հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում (ժամանակավոր ցուցադրության սրահում) պարբերաբար կազմակերպվում են ցուցահանդեսներ, ժամանակավոր ցուցադրություններ և թեմատիկ միջոցառումներ։ Ցուցադրվում են թանգարանի ֆոնդերում պահվող թանգարանային ցուցանմուշների, ինչպես նաև անհատ և ստեղծագործող անձանց հավաքածուներ։ Կազմակերպվում են թեմատիկ և թաթերականացված միջոցառումներ՝ նվիրված տարբեր տոներին և հիշատակի օրերին։ Հանրապետական միջոցառումների շրջանակներում անց են կացվում «Թանգարանային գիշեր» և «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումները։
Հասցե
խմբագրելԹանգարանը գտնվում է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Բարեկամության հրապարակի 5 հասցեում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան» հոդվածին։ |