Հայ դրամագիտական ընկերակցություն

Հայ դրամագիտական ընկերակցություն (անգլ.՝ Armenian Numismatic Society), հիմնվել է 1971 թվականին, Լոս Անջելեսում (ԱՄՆ

Հիմնադիրներ՝ Ե. Ներսեսյան, Ջ. Մարտիրոսյան, Վ. Գևենյան։ Սկզբում կոչվել է Հայկական դրամի ակումբ, 1972 թվականից՝ Դրամագիտական և գեղարվեստական ընկերակցություն, 1974 թվականից՝ Հայ դրամագիտական ընկերակցություն։ Ունի շուրջ 200 անդամ ինչպես մասնագետ դրամագետներ, այնպես էլ դրամահավաքներ, թանգարանների աշխատողներ (ԱՄՆ-ից, Հայաստանից, Կանադայից, Ֆրանսիայից, Անգլիայից, Իրանից և այլն)։ Նպատակն է նպաստել հայկական դրամագիտության զարգացմանը, խթանել հետաքրքրությունը հայկական դրամի և դրամագիտական այլ նյութերի նկատմամբ։ 1975 թվականից լույս է տեսնում ընկերության օրգան «Հայ դրամագիտական հանդես»-ը։ 1979 թվականին Հայ դրամագիտական ընկերակցությունը հիմնել է «Հատուկ հրատարակություն» մատենաշարը. արդեն հրատարակվել է հայկական դրամագիտությանը նվիրված 7 գիրք (19911993 թվականին, ի հիշատակ դրամագետներ Մ. Աբգարյանի, Ա. Տոնապետյանի, Ն. Ժամկոչյանի և Խ. Մուշեղյանի, հիմնվել է «Հայ դրամագիտական հիշատակային պարգևներ» հիմնադրամը։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։