Հայ առևտրական ընկերություն

Հայ առևտրական ընկերություն, Նոր Ջուղայի հայ առևտրական ընկերություն, Իրանի հայ վաճառականների առևտրական կազմակերպություն։

Պատմություն խմբագրել

Ստեղծվել է XVII դարի կեսին, Նոր Ջուղայում, առևտրական գործունեությունն ընդլայնելու և Իրան թափանցած եվրոպական առևտրական ընկերությունների մրցակցությանը հակազդելու նպատակով։ Վայելել է Իրանի կառավարության հովանավորությունը, ստացել մի շարք արտոնություններ (Իրանում անմաքս առևտրի իրավունք և այլն)։ Բազմաթիվ երկրներում ունեցած մշտական ներկայացուցիչների միջոցով կնքել է առևտրային պայմանագրեր, կազմակերպել ընկերության բաժանմունքներ։ Հայ վաճառականները կատարել են նաև դիվանագիտական հանձնարարություններ (Լիվոռնոյում հաստատված Միրիմանյան առևտրական ընտանիքի ավագը միաժամանակ եղել է շահի ներկայացուցիչը Տոսկանայի դքսությունում)։

1667-ին և 1673-ին Ռուսաստանի հետ կնքած առևտրային պայմանագրերով Հայ առևտրական ընկերությունը Կասպից ծով-Վոլգա ճանապարհով Ռուսաստանի և Արևմտյան Եվրոպայի երկրների հետ առևտուր անելու իրավունք է ստացել․ նախատեսված առանձնաշնորհումները վերաբերել են բոլոր հայ վաճառականներին։

XVII դ․ վերջին - XVIII դ․ սկզբին Իրանում հայ վաճառականության համար ստեղծված աննպաստ պայմանների հետևանքով՝ սկսվել է նրանց արտագաղթը Ասիայի և Եվրոպայի առևտրական կենտրոններ։ Չնայած դրան, Հայ առևտրական ընկերությունը 1718-ի ռուս-իրանական առևտրային պայմանագրում հիշատակվում է որպես այդ երկրների միջև առևտուրն իրականացնող կարևոր հիմնարկություն։

Ընկերությանն ուժեղ հարված է հասցրել աֆղանների 1722-ի արշավանքը Իրան (ավերվել է Նոր Ջուղան, բնակչությունը վճարել է 70 հազար թուման փրկագին)։

XVIII դ․ կեսին նորջուղայեցիների արտագաղթն ուժեղացել է, և Հայ առևտրական ընկերությունը իր գործունեությունը փոխադրել է այլ երկրներ՝ մի շարք բաժանմունքներ ստեղծելով նաև Ռուսաստանում (Աստրախանում, Մոսկվայում և այլն)։

Գրականություն խմբագրել

  • Տեր-Հովհանյանց Հ․, Պատմութիւն Նոր Ջուղայու որ յԱսպահան, հ․ 1, Նոր Ջուղա, 1881
  • Խաչիկյան Շ․Լ․, Նոր Ջուղայի հայ վաճառականությունը և նրա առևտրատնտեսական կապերը Ռուսաստանի հետ, Ե․, 1988
  • Армяно-русские отношения в XVII веке (сборник докладов), т․ 1, Е․, 1953
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 169