- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայրենիք (այլ կիրառումներ)
«Հայրենիք», օրաթերթ։ Լույս է տեսել 1891-1896 թվականներին, Կ. Պոլսում։ Խմբագրապետ՝ Արփիար Արփիարյան, խմբագիրներ՝ Լևոն Բաշալյան, Երվանդ Օտյան, Հ. Շահնազար։ Շեշտված դեմոկրատական ուղղության համար հալածվել է սուլթանական կառավարության կողմից, առճակատվել հայ մեծահարուստների և հոգևորականության հետ։ Թղթակցական լայն ցանցի առկայությունը խմբագրությանը հնարավորություն է ընձեռել ուշադրության կենտրոնում պահել և արտացոլել Թուրքիայում բնակվող հայ հատվածի հասարակական և մշակութային կյանքի իրադարձությունները, համիդյան բռնապետության պայմաններում պաշտպանել նրանց շահերը։ Թերթը նկատելի դեր է կատարել հայ ժողովրդի արևելյան և արևմտյան հատվածների փոխադարձ ծանոթացման, արևելահայերի տնտեսական և հոգևոր կյանքի արտացոլման գործում, սերտ կապ պահպանել «Մշակի» և նրա խմբագիր Գ. Արծրունու հետ, տպագրել արևելահայ գրողների գործեր, Թիֆլիսից ստացված բազմաթիվ թղթակցություններ։ «Հայրենիքը» ունեցել է հարուստ գրական ավանդություններ։ Նրա շուրջն են համախմբվել արևմտահայ գրականության ականավոր ներկայացուցիչները (Գ. Զոհրապ, Տ. Կամսարական, Մ. Կյուրճյան, Ա. Չոպանյան և ուրիշներ)։ Այստեղ են տպագրվել Զոհրապի «Քոքինակի», «Ճեյրան» նովելները, «Նարդիկ» անավարտ վեպը (1891 թվական), «Ծանոթ դեմքեր» դիմանկարների շարքից մի քանիսը, Տ. Կամսարականի «Հայ գրականության ձգտումը» հոդվածաշարը, Լ. Շանթի «Մնաս բարովի իրիկունը» վեպը և այլ գործեր։ Թերթում են գրական մկրտություն ստացել Թլկատինցին, Ա. Հարությունյանը և ուրիշներ։ «Հայրենիք» լայն տեղ է հատկացրել նաև ռուս ռեալիստական գրականությանը (Լ. Տոլստոյ, Գոնչարով, Պուշկին, Լերմոնտով և ուրիշներ), «Մծիրին» առաջին անգամ տպագրվել է այստեղ՝ Լևոն Շանթի թարգմանությամբ (1891)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 212)։
|