Հայհուրումներ կամ հայ հոռոմներ (հուն․՝ Βυζαντινοἰ Αρμένιοι ) հունական ուղղափառ եկեղեցու հայախոս անդամներ։ Հայհուրումները օգտագործում են հայերեն գիր, բայց լեզուն հունարեն է, նրանց ստույգ էթնիկ պատկանելությունը բանավեճի առիթ է[1]։

Երկու կարծիք խմբագրել

Խնդրով զբաղված հայ և հույն ուսումնասիրողների մեջ այս առնչությամբ երկու կարծիք կա. ըստ ոմանց՝ հայ հոռոմներն ուղղափառ հայեր են, իսկ ըստ այլոց՝ հայախոս հույներ։

Ուղղափառ հայեր խմբագրել

Հայ առաքելական եկեղեցու հետևորդների հունական ուղղափառ քրիստոնեությանը ձուլվելը 9-11-րդ դարերում սովորական պրակտիկա է եղել Անատոլիայի հայ բնակչության շրջանում։ Երբ հայ-հունական խառը զինվորական ընտանիքները կառավարում էին Բյուզանդական կայսրությունը, այդ պաշտոնում նշանակում էր կայսրության Արևելյան ուղղափառ եկեղեցու պատրիարքը։ Բյուզանդական մեծագույն գիտնականներից, զորավարներից, հոգևորականներից և կայսրերից շատերը հայեր էին, որոնք ֆորմալ անհրաժեշտությունից ելնելով որդեգրել են հունական ուղղափառ հավատքը, քանի որ կայսրերը և պատրիարքները պետք է լինեին հույն ուղղափառ դավանանքից[2][3]։

Հայ հոռոմների ազգային ինքնության մասին առաջին անդրադարձը 1752 թվականին կատարել է 11-12-րդ դարերի մատենագիր Պողոս Տարոնեցին, Կոստանդնուպոլսում 1101 թվականին գրած «Թուղթ ընդդեմ Թեոփիստեայ հոռոմ փիլիսոփային» հայտնի երկում։ Երկի հրատարակիչները, հիմնվելով ծայթերի մասին դրանում առկա վկայությունների վրա, եզրակացնում են, որ

  Հայհոռոմքն ոչ թէ ի բնէ հոռոմք, այլ ի հայոց դարձած հոռոմք են[4]  

Խնդրի լուծման գիտական առաջին փորձը պատկանում է Մխիթարյան հայրերից Ղուկաս վրդ. Ինճիճյանին, ըստ որի հայ հոռոմների դավանանքը հունական է, բայց լեզուն, սովորույթները հայկական և նրանք հունական ծիսակատարությունները կատարում են հայերեն։ Հեղինակը նշում է, որ հայերի հունանալու դեպքերը շատ են, իսկ հույները սովորաբար ապրում են կուռ համայնքներով և իրենց սովորույթները չեն փոխում[5]։

Հայ հոռոմների հայկական ծագումը ընդունվում է նաև հունական միջավայրում։ Կոստանդնուպոլսի Կոստանդ Ա. տիեզերական պատրիարքի համաձայն՝ հայ հոռոմներն օրթոդոքս հայության ներկայացուցիչներն են, որոնք իրենց գոյությունը պահպանել են Է. դ. Կարինյան միաբանությունից սկսյալ, երբ

  Բազմահազար հայեր, որոնք բնակվում էին Հռոմեական կայսրության սահմաններում, ընդունեցին ուղղափառ եկեղեցու ծեսերը, սովորույթները, տոներն ու պահքերը... Արդ, այս ուղղափառները հայտնի են «հայհոռոմ» անունով, հոգևոր առումով ղեկավարվում են Թեոդոսուպոլսի մետրոպոլիտի կողմից, որն Անտիոքի պատրիարքի Աթոռին է ենթակա  

Ըստ Կոստանդ Ա. պատրիարքի հայ հոռոմների գյուղաքաղաքն Էգին է կոչվել։ Եվ, որ ուղղափառ հայերի մնացորդները մինչև 19-րդ դարի 30-ական թվականները բնակվել են Արևելքում՝ Սեբաստիայի վիլայեթի (Սիվասի) մերձակայքում, և ավելի քան տասներկու գյուղ են կազմել[6]։

1948 թվականին լույս է տեսել Գ. Անաստասիադիսի նվիրված հայ հոռոմներին հոդված։ Այն աչքի չի ընկել իր գիտականությամբ և հիմնված է եղել Պասխալիդիսի, Հովակիմ մետրոպոլիտի և ուրիշ հայ հոռոմների տրամադրած տեղեկությունների վրա։ Եվ անգամ այդ դեպքում հոդվածագիրը եզրակացրել է, որ «ավելի տրամաբանական է և գիտական ընդունել առաջին վարկածը, այն է՝ հայ-հոռոմների հայկական ծագումը»[1]։

Հայախոս հույներ խմբագրել

Հայ հոռոմների՝ «հայախոս հույներ» լինելու մասին տեսության առաջին բարձրաձայնողներից է եղել հույն մանկավարժ և բանահավաք Պ. Տրիանդաֆիլլիդիսը։ Երզնկայի Հողուս գյուղի մասին խոսելով՝ նա ասել է, որ

  դրա բնակիչների մայրենին հայերենն է, և ոմանք նրանց հայեր են համարում, սակայն մենք կարծում ենք, որ նրանք հույներ են՝ շրջակա հայ տարրի կողմից կլանված։ Նույն խմբին են պատկանում Էկինում ու շրջակայքում բնակվող հայախոս ուղղափառները, որը (հայոց լեզուն) իրենց տաճարներում էլ են կիրառում։ Բայց նրանց մեջ այսօր մեծ հոգ է տարվում, որպեսզի հայերենը հունարենով փոխարինվի՝ մի կողմից տաճարներում խափանելով հայերենի գործածությունը, իսկ մյուս կողմից շատ տեղերում դպրոցներ հիմնելով։  

Հայ հոռոմների՝ հայախոս հույներ լինելու մասին կարծիքները տարածվել են 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին։ 1891 և 1915-1916 թթ. հրապարակվել են հայհուրում դեղագործ Գեորգիոս Պասխալիդիսի երկու հոդվածները, որտեղ նա փորձել է մտացածին փաստեր բերել և ապացուցել, որ հայ հոռոմները բնիկ հույներ են՝ Բյուրաց նահանջի և Ալեքսանդր Մակեդոնացու զինվորների սերունդները, որոնք, մնալով Հայաստանում, ամուսնացել են հայուհիների հետ և այսպես հայախոս դարձել։ Հետագայում, դավանաբանական հուզումների շրջանում նրանք ի տարբերություն հայերի՝ ընդունել են Քաղկեդոնի տիեզերաժողովի որոշումները։ Հետո այդ հայախոս հույները գաղթել են Բյութանիա և հայերենը տարածել բնիկ հույների մեջ։ Ավելի ուշ Գեորգիոս Պասխալիդիսը ընդունել է, որ հայհուռումները հայեր են[7]։

Այս տեսակետի ջատագովներն են եղել նաև երկու օրթագյուղցի հայ հոռոմներ՝ բանահավաք երաժշտագետ, Գեորգիոս Պախտիկոսը և Հովակիմ մետրոպոլիտ Ապոստոլիդիսը[1]։ Հույն հետազոտող Գ. Սկալիերիսը Բյութանիայի «հայհուռումների» կամ «հայհոռոմների» մասին գրել է, որ վերջիններս ծագել են այն հույներից, որոնք օսմանյան նվաճման ժամանակ ու դրանից հետո հանդես են գալիս իբրև հայեր, որպեսզի հետապնդման չենթարկվեն, քանզի թուրքերը, ցանկանալով խեղդել հույներին, Բյութանիայում ու հունական այլ երկրամասարերում Պարսկաստանի ու Քրդստանի հալածանքներից փախչող հայերին են բնակեցրել[8]։

Բնակության տարածքներ խմբագրել

19-րդ դարի դրությամբ հայ հոռոմները հիմնականում բնակվել են Ակնի Վանք, Ձորակ, Շրզու և Մուշեղկա գյուղերում, Երզնկայի Հողուս, ինչպես նաև Չմշկածագի Մամսա, Սեթրկա և Խնդրկիկ գյուղերում։ Բացի այդ, Ակնի վերոնշյալ գյուղերից ու Հողուսից գաղթած հայ հոռոմները 16-17-րդ դարերում բնակություն են հաստատել Բյութանիայի (Իզմիթի) նահանգում՝ հիմնելով Օրթագյուղ ու Խուդի գյուղերը, ինչպես նաև Ֆնդգլի գյուղախումբը։ Հայ հոռոմները բավական թիվ են կազմել նաև Կոստանդնուպոլսում[9][10][11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Գևորգ Ղազարյան, Հայ հոռոմների ազգային խնդրի շուրջ, Մատենադարան, Երևան, 2019, էջ՝ 180-204
  2. Eksigil, Arda. «The Hayhurum: A Forgotten Community of Armeno-Greeks in Ottoman Anatolia. In the Margins of Ottoman History: Revisiting the Ottoman Past. University of Oxford, 2015». Վերցված է 2022 թ․ հուլիսի 12-ին.
  3. «Nişanyan Yeradları».
  4. Պողոս Տարոնեցի, Թուղթ երանելւոյն Պօղոսի Տարօնացոյ յաղթօղ ախոյեան վարդապետի ընդդէմ Թէոփիստէայ հոռոմ փիլիսոփային, Կ. Պօլիս, 1752, էջ 3
  5. Ղուկաս վրդ. Ինճիճեան (1806). Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի՝ Ասիոյ, Եւրոպիոյ, Ափրիկիոյ եւ Ամերիկոյ, Հատոր Ա, մաս Ա. Վենետիկ-Ս. Ղազար: Սուրբ Ղազարի հրատարակչություն. էջեր 303–305.
  6. Κωνσταντίου Α΄ τοῦ ἀπό Σιναίου ἀοιδίμου Πατριάρχου Κωνσταντινουπόλεως τοῦ Βυζαντίου, Βιογραφία καὶ συγγραφαί..., Κωνσταντινούπολις, 1866, ¿ç 87-88.
  7. Հ. Բարթիկյան, Հայ-հոռոմները (քաղկեդոնիկ հայերը) հունական պարբերականներում.- ՊԲՀ, 2008, № 3, էջ 237-260
  8. Γ. Κ. Σκαλιέρης, Λαοί καὶ φυλαί τῆς Μικράς Ἀσίας, Ἀθήναι, τυπ. «Τύπος», 1922, ¿ç 340
  9. Յ. Կ. Ճանիկեան, Հնութիւնք Ակնայ, Թիֆլիս, 1895, էջ 55-60.
  10. R. H. Kévorkian, P. B. Paboudjian, Les Arméniens dans ľEmpire Ottoman à la vielle du Génocide, Les Editions ďArt et ďHistoire «Arhis», Paris, 1992, էջ 138-140, 379380, 386, 456.
  11. Գ. Ղազարյան, Ակնի հայ հոռոմները.- «Վարձք», № 12, 2016, էջ 19-26.