Հայկական կոմիտեների նպատակներն ու հեղափոխական գործունեությունը

Հայկական կոմիտեների նպատակներն ու հեղափոխական գործունեությունը, (Սահմանադրության հռչակումից առաջ և հետո)» ("Ermeni komitete rinin amai ve harekatihtilSliyesi (ilan-mesrutiyetten evvel ve sonra")), «փաստաթղթերի» ժողովածու։ Հրատարակել է Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարությունը 1916 թվականին, Կոստանդնուպոլսում։ Հայերի ցեղասպանության ժամանակ նման հրատարակության ի հայտ գալը նպատակ ուներ արդարացնել կառավարող շրջանների հայաջինջ քաղաքականությունը, հայերի դեմ հանել կայսրության մուսուլման բնակչությանը։ Ժողովածուն լի է կողմնակալ մեկնաբանություններով և թուրքական պետությունը ոչնչացնելու նպատակով հայ քաղաքական կազմակերպությունների նախապատրաստած զինված ապստամբության մասին շինծու փաստերով, պարունակում է բազմաթիվ «փաստեր» ու «վկայություններ» «իսլամադավան խաղաղ բնակչության» նկատմամբ հայկական զինված ջոկատների կատարած բռնությունների մասին։

Գրքի վերջում տրված են լուսանկարներ, որոնցում պատկերված են հայ կամավոր, ջոկատները, նրանց զենքի պահեստները, «հայերից խոշտանգված» կանանց, երեխաների և ծերերի մարմինները։ Համաշխարհային հասարակայնությանը «պատմական ճշմարտությանը» ծանոթացնելու նպատակով այդ գիրքը թարգմանվել է ֆրանսերեն և 1917 թվականին լույս ընծայվել Կոստանդնուպոլսում։ Ժողովածուն հայերի ցեղասպանության պատմության նենգափոխման առաջին փորձերից է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։