Հայկական կարմրակն
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Ձկներ
Ընտանիք Ծածանազգիներ
Տեսակ Հայկական կարմրակն
Լատիներեն անվանում
Rutilus rutilus schelkovnikovi


Հայկական կարմրակն (լատ.՝ Rutilus rutilus schelkovnikovi), ծածանազգիների ընտանիքին պատկանող ձուկ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Հայաստանում Արարատյան դաշտի բնաշխարհիկ տեսակներից է։ Ունի շատ սահմանափակ տարածում։ Հանդիպում է հիմնականում Մեծամոր գետում, նրան հարող ջրանցքներում և Հրազդան գետի ստորին հոսանքում։

Մարմինը կողքերից սեղմված է, երկարություն՝ 12-15 (երբեմն՝ մինչև 25) սմ, զանգվածը՝ մինչև 250 գ և ավելի։ Թեփուկները խոշոր են, կողագծում՝ 39-43 հատ։ Մեջքային լողակում և հետնալողակում կան 12-13-ական ճառագայթներ։ Գլանային ատամները միաշարք են։ Բերանը կիսաստորին է։ Վերին ծնոտը մի փոքր երկար է ստորինից։ Պոչային լողակը մկրատաձև է։ Աչքի ծիածանաթաղանթը դեղնաարծաթավուն է, երբեմն՝ կարմրավուն։

ՏարածվածությունԽմբագրել

Հայաստանում հանդիպում է Մեծամոր գետում և դրա հետ կապված ջրանցքների և լճերի համակարգում[1]։

ԷկոլոգիաԽմբագրել

Ապրում է գետերի և լճերի դանդաղ հոսքով տեղամասերում և ջրային բուսականությամբ մացառուտներում։

Սեռահասուն դառնում է 2 տարեկանում։ Ձվադրումը մասնաբաժնային է՝ մարտ-ապրիլին։ Էվրիֆագ տեսակ է[1]։

ՊահպանությունԽմբագրել

Տեղային տարածվածություն ունեցող, կրճատվող թվաքանակով էնդեմիկ տեսակ է։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Նախկինում ձվադրման շրջանում բազմաքանակ էր և առաջացնում էր մեծ կուտակումներ։ Ներկայումս անհետացել է ավազահանքերի տեղերում առաջացած մանր դրենաժային ջրանցքներից և լճերից։ Մեծամոր գետի հունի երկայնքով (հատկապես ստորին հոսանքում) դարձել է հազվադեպ։

Սպառնացող վտանգներից է ջրերի չկարգավորվող օգտագործման հետևանքով գետերի ջրային ռեժիմի փոփոխումը, ջրի և ապրելավայրերի աղտոտումը, բնական վերարտադրության պայմանների խանգարումը, ինվազիոն ձկնատեսակների մրցակցային ազդեցությունը և որսագողությունը։

Սիրողական ձկնորսության օբյեկտ է։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6