Հայկական ժողովրդական խաղեր

Հայկական ժողովրդական խաղեր

Ճղլախտի,Ջջլախտի(լախտի) խմբագրել

Այն մարտախաղ է հիշեցնում, երբ ռազմիկներն իրենց գործողություններով փորձում են գրավել հակառակորդի ամրոցը։ Լախտ կամ լախտի է կոչվում թելերից հյուսված կամ կաշվե գոտին, որ ունենում են խաղացողները։ Խաղացողների թիվը հստակ չէ։

Խաղում են պատանի, երիտասարդ կամ միջին տարիքի տղամարդիկ` 2-20 հոգով։ Խաղացողները բաժանվում են երկու խմբի՝ հավասար ուժերով։ Նախօրոք գծում են մի կլոր շրջան, որի մեջ մտնում է մի խումբը՝ յուրաքանչյուրն իր լախտով։ Նրանք շարվում են կենտրոնից դեպի շրջագիծը։ Կենտրոնում գտնվողների խնդիրն է՝ թույլ չտալ շրջանից դուրս գտնվողներին փախցնել իրենց լախտերը։ Շրջագծից դուրս գտնվողները շրջապատում են շրջանը և ձգտում տիրանալ լախտերին։ Նրանք շրջանից ներս անցնելու, իսկ ներսում գտնվողները՝ շրջանից դուրս գալու իրավունք չունեն։ Ըստ պայմանի՝ բոլոր հարվածները հասցվում են միայն գոտկատեղից ներքև։ Ներսինները գետնին դրված իրենց լախտերը պաշտպանում են՝ մի ոտքը վրան դնելով, իսկ մյուսով ձգտում են հարվածել հակառակորդին։ Ներսում յուրաքանչյուր լախտի գրավում ստիպում է լախտի տիրոջը դուրս գալ խաղից։ Դրսինների հաղթանակը բոլոր լախտերը փախցնելն ու նրանց տերերին գերի վերցնելն է, իսկ ներսինները հարձակվող խմբի անդամներին խաղից դուրս են հանում նրանց ոտքի թաթը տրորելու միջոցով։ Միաժամանակ ներսինները փորձում են շրջանի ներսը քաշել հարձակվող խմբի անդամներից մեկին, և հաջողության դեպքում խմբերի դերերը փոխվում են։ Իսկ եթե դրսիններին հաջողվում է փախցնել լախտը, ապա լախտով սկսում են հարվածել ներսիններին։ Հարձակվող խմբի բոլոր անդամներին չեզոքացնելուց հետո պաշտպանվող խումբը վերածվում է հարձակվողի, իսկ վերջինս՝ պաշտպանվողի։

Ժամ խմբագրել

Խաղում են Լոռվա մարզում, Դեբեդի կիրճում միայն տղաները։ Խաղացողները բաժանվում են երկու թիմի, յուրաքանչյուրում 5-6 հոգի։

Վիճակահանությամբ որոշում են, թե որ թիմն է կառուցելու ժամը։ Երբ արդեն որոշված է, թիմի խաղացողներից մեկը մնում է ազատ, իսկ մյուսները, իրար ուսերից բռնած, թեքվելով առաջ, գլուխները հպում են միմյանց։ Եկեղեցին պատրաստ է։ (Դսեղում եկեղեցուն անվանում են «ժամ») ։

Ազատ խաղացողը, ջեռքը չկտրելով ժամից, պտտվում է նրա շուրջը և փորձում «կտրել» հակառակորդ թիմի խաղացողներին։

Ժամի պահապանը իրավունք ունի մոտեցող խաղացողին ոտքով հարվածել այն պահին, երբ նա դեռ չի կտրվել գետնից։

Խաղի նպատակը ժամի վրա բարձրանալն է։ Բարձրացողը կարող է ժամի վրա նստել, պառկել, կանգնել և այլն։ Ժամը փլվելու դեպքում խաղը վերսկսվում է նույն ձևով։ Թիմերն իրենց դերերը չեն փոխում[1]։

Ժմը պահողին նստել չի թույլատրվում։ Երբ պահապանին հաջողվում է հարվածել հակառակորդ թիմի որևէ անդամի, խաղը դադարեցվում է, թիմերը փոխում են իրենց դերերը և խաղն սկսվում է սկզբից։

Աղա ջան, մի գող խմբագրել

Խաղում են միայն տղաները։ Խաղացողը «կոճին» է՝ վեգը։

Խաղացողները ըստ վիճակահանության հեթով նետում են կոճին։ Ում նետածը կանգնում է «ալչու», նա աղան է, ումը՝ «թոխան», նա «գզիրն» է, ումը գող՝ նա գողն է։

Կոճին հերթով նետում են այնքան ժամանակ, մինչև որոշվում են բոլոր երեք գորշող անձինք՝ աղան, գզիրն ու գողը։

Այնուհետև գզիրը գողիրն ներկայավցնում է աղային՝ «Աղա ջան, մի գող ասելով»։ Աղան հարցնում է՝ «ի՞նչ գող է»։ Գզիրը կրկին նետում է կոճին և պատասխանում՝ «աղի գող է», «իշի գող է», «ռանչպարի գող է» (այսինքն՝ ինչ-որ բան գողացել է աղայից, գյուղացուց կամ պարզապես էշ է գողացել) կամ «գողերի գող է», նայած՝ ինչ արդյունք է ցույց տվել նետած կոճին։ Ամենավատը համարվում է «գողերի գողը»[2]։

Գողի տեսակը որոշելուց հետո աղան տալիս է համապատասխան պատիժ կամ հանձնարարություն ինչ-որ բան տեղափոխել, որևէ խաղացողի կամ էլ հենց իրեն շալակել ու տանել ինչ-որ տեղ։

Գողն առանց տրտունջի պետք է կատարեր աղայի կարգադրությունը (ինչքան էլ այն դժվար լիներ), որից հետո խաղը շարունակվում էր սկզբից։

Չիլիկ-Չիլկափետ խմբագրել

Խաղը ծավալվում է երկու հակընդդեմ խմբերի միջև։ Խմբերի բաժանվելուց հետո ընդարձակ դաշտի մի կողմում փորում են փոքրիկ փոս, որը կոչվում է բորա։ Բորայից մի քանի մետր հեռու սահմանագիծ՝ ճիժ է գծվում։ Խաղի պարագաներն են չիլիկը և չիլկափետը։ Չիլիկը թզաչափ և 3 սմ տրամագծով ձողիկ է, որի ծայրերը թեքությամբ սրում են, որ գետնից բարձր կանգնի։

Չիլկափետը 80 սմ երկարությամբ ձող է, որի մի ծայրը թեքված է։

Խաղը բաղկացած է երեք փուլից։ Առաջին փուլում խաղն սկսողը չիլկափետը դնում է բորայի վրա, ոտքը դնում վրան և չիլիկը դնելով ոտնաթաթին՝ նետում որքան հնարավոր է հեռու։ Դրանից հետո չիլկափետը կրկին հորիզոնական դիրքով դնում է բորի վրա։ Եթե չիլիկը ճիժը չի անցնում, ապա գցողը «կտրված է» համարվում և իր տեղը զիջում է ընկերոջը։ Եթե չիլիկը ճիժն անցել է, բայց հակառակորդը կարողացել է այն օդում բռնել, ապա խմբերը փոխում են իրենց տեղերը։ Եթե չիլիկը բռնել չի հաջողվում, ապա վար գտնվողներից մեկը նրա ընկած տեղից այն նետում է դեպի բորան այնպես, որ խփի չիլկափետին։ Հաջողվելու դեպքում նետողը «կտրված է» համարվում։ Եթե նետողը չի կտրվում, ապա բորից մինչև չիլիկի ընկած տեղը չիլկափետով չափում է՝ որոշելով, թե քանի փետաչափ է և անցնում է երկրորդ փուլին։

Երկրորդ փուլը կոչվում է կռո։ Խփողը մի ձեռքով բռնում է չիլկափետի բռնակից հորիզոնական դիրքով, նրա վրա տեղավորում չիլիկն այնպես, որ այն չիլկափետի հետ լինի խաչաձև։ Ապա ձեռքի շարժումով չիլիկը նետում է վեր ու չիլկափետով հարվածում։

Մինչ նետողը չիլկափետը բորի մեջ ուղղահայաց դրած սպասում է, ներքևում գտնվողները 10-20 քայլ նրանից հեռու կանգնած աշխատում են թռչող չիլիկը բռնել։ Եթե հաջողվում է, ապա խմբերը փոխում են դերերը, իսկ եթե չիլիկն ընկնում է գետնին, ապա ներքևում գտնվողներից մեկը նույն տեղից չիլիկը պետք է նետի դեպի բորանը։ Եթե չիլիկը դիպչում է չիլկափետին, կամ մի փետաչափից պակաս հեռավորության վրա է գտնվում, ապա խփողը համարվում է «կտրված» և խաղը շարունակում է նրա ընկերներից մեկը։ Երբ բոլորը «կտրվում են», խաղացող խմբերը փոխում են տեղերը։

Քանի փետ հաշվել էր, այդքան անգամ կռո խփելուց հետո խփողն անցնում է երրորդ՝ շորվայի փուլին։ Այս անգամ չիլիկը փոխարինվում է կտիով, իսկ չիլկափետը՝ կտափետով։ Կտին չիլիկի երկարության է, բայց ծայրերը հատված չեն, իսկ կտափետը չիլկափետի երկարության, բայց ուղիղ փայտ է։ Շորվա խփողը մի ձեռքով կտին նետում է օդ, մյուսով բռնած՝ կտափետով խփում է ու կտին լկում։ Այս կերպ կտին կարող է թռչել ավելի շատ, քան նախորդ փուլերում։ Եթե հակառակորդը կտին իր փայտով հետ է տալիս և գիծը կամ բորեն անցնում է, ապա նետողը համարվում է «կտրված»։ Նրա ընկերը խաղը շարունակում է այդ փուլից։

Խաղը կարող է շարունակվել անվերջ և դադարեցվել միայն փոխադարձ համաձայնույթամբ։

Բրհոփի խմբագրել

Մի քանի հոգի նստում են շրջանաձև՝ յուրաքանչյուրի ձեռքում մի ծայրը սրած փայտիկ (բիր)։ Մեկը բիրը տալիս է կողքինին, նա էլ նետում է, որքան կարող է հեռու։ Բիրի տերը վազում է նրա հետևից։ Այդ ընթացքում մյուսները իրենց ձեռքի բրերով՝ մինչև նրա վերադարձը, պետք է հասցնեն մոտ կես մետրանոց (մինչև ծնկները) փոս փորել։ Եթե բիրի տերը վերադառնում է և տեսնում, որ այդ ընթացքում փոսը փորել վերջացրել են, ապա պարտավոր է կանգնել նրա մեջ, որից հետո նրան թաղում են մինչև ծնկները։ Թաղվածը պետք է փոսից ինքնուրույն դուրս գա։ Հակառակ դեպքում մի փայտ են անցկացնում նրա ոտքերի արանքով ու բարձրացնելով՝ հանում փոսից։

Բիզ խմբագրել

Խաղում են Դեբեդի կիրճում, Լոռվա սարերում, հանդերում փափուկ հողի կամ կանաչ խոտածածկի վրա[3]։ Խաղում են տղա երեխաները՝ երկու, երեք և ավելի հոգով։ Խաղի գործիքներն են գրպանի դանակը և մոտ հինգ սանտիմետր երկարությամբ մի ծայրը սրած փայտե ձողը՝ բիզը։ Խաղի նպատակը դանակը տարբեր ձևերով գետնի մեջ խրելն է։ Խաղը բաղկացած է 7-11 վարժությունից։ Վարժությունը համարվում է կատարված, եթե դանակը խրվում է գետնի մեջ։

Ձեռի մեջ. դանակը՝ սուր ծայրը դեպի առաջ, դնում են ափի մեջ, ապա վեր նետում այնպես, որ դեպի խաղացողը օդի մեջ պտտվելով խրվի գետնի մեջ։

Ձեռի էրես. նույն գործողությունը կատարում են դանակն ափի հակառակ երեսին դրած՝ ձեռքի երեսից։

Խըռթիչ. դանակի պոչից երկու մատով բռնելով՝ սուր ծայրով 30-40 սանտիմետր բարձրությունից ցած են նետում գետնին։

Օղլակ. բթամատով և ցուցամատով օղակ են կազմում՝ դանակը սուր ծայրով առաջ, դնում վրան և դեպի ներս շրջադարձ նետումով խրում գետնի մեջ։

Դըռսապտիտ. երկու մատով բռնում են դանակի սուր ծայրից և նետում վեր այնպես, որ դեպի դուրս պտտվելով՝ խրվի գետնի մեջ։

Միչապըտիտ. նման է նախորդ գործողությանը, միայն այն տարբերությամբ, որ դանակը պտտվում է խաղացողի ուղղությամբ։

Բռունցք. դանակն ուղղահայաց դիրքով, սուր ծայրով դնում են բռունցքի երեսին և պահում՝ այն պոչի մասից ցուցամատով սեղմելով։ Այս դիրքից դանակը նետում են այնպես, որ դեպի դուրս պտտվելով՝ խրվի հողի մեջ։

Ատամ. դանակի սուր ծայրը ատամներով բռնում և նետում այնպես, որ խրվի հողի մեջ։

Գլուխ. դանակը նետում են՝ շեղբը մատներով գլխին հպած դիրքից։

Բոլոր մասնակիցները խաղում են նույն դանակով։

Եթե խաղացողը չի կարողանում կատարել վարժությունը, համարվում է կտրված։ Նա դանակը հանձնում է հաջորդին և սպասում իր հերթին։

Խաղի մեջ մտնելու հատուկ Հերթականություն չի սահմանվում, քանի որ բոլոր մասնակիցները պարտադիր պետք է խաղան, իսկ կտրվելու դեպքում շարունակում են իրենց խաղը այն վարժությունից, որից կտրվել են։

Հաղթող է ճանաչվում այն խաղացողը, ով առաջինն է անսխալ կատարում բոլոր գործողությունները։ Պարտվողը «բիզ» է ուտում։ Այն է՝ հաղթողը բիզը, դանակի պոչով երեք անգամ խփելով, խրում է գետնի մեջ, իսկ պարտվողը, պոչից բռնելով, պետք է բիզը հանի ատամներով։ Յուրաքանչյուր պարտվող ուտում է այնքան «բիզ», ինչքան վարժություն չի կարողացել կատարել։

Խաղացողների համաձայնությամբ «բիզ ուտելը» կարող է փոխարինվել «կտտոցով»[4]։

Կոճի խմբագրել

Կոճին հնագույն ծաղերից է։Խաղում էին միայն տղաները։ Որպես խաղաքար՝ օգտագործվում է ոչխարի հետին ծնկահոդի ոսկորը՝ ճանը։Որպես խաղաքարեր օգտագործում էին մանր եղջերավոր անասունների հետին ծնկահողի միրացման ոսկորները ՝ճանկերը, որոնք հանում էին մորթած անասունի ոտքից։Սատկածի կոճին օգտագործողի նմանատիպ անասունները կարող էին կոտորվել։Խաղին մասնակցում էին 2-6 հոգի։Խաղացողների փողհամաձայնությամբ, որպես խաղաքարեր, կարող էին օգտկագործել նաև ընկույզներ։Պինդ ու հարթ հողածածկի վրա (կալատեղ, ճանապարհի հատված,բակ) գծում էին 1,5-2մ տրամագծով շրջանագիծ, որին անվանում էին ճիճ։Շրջանի կենտրոնում տրամագծի ուղղությամբ շարում էին խաղաքարերը՝յուրաքանչյուր խաղացողի հաշվով 2-6 հատ՝կախված խաղացողների քանակից։Խաղացողների համաձայնությամբ նշամնակվում է ճբաժ, որը կատարում էր դատավորի դեր։Նրա որոշումը վերջնական էր։Խաղի նպատակը․ խաղացողը իր ձեռքի ճանով, որը կոչվում է աչ, հարվածելու միջոցով փորձում է շարած ճաները դուրս բերել շրջանից։Դուրս բերած ճաները հարմարվում են տարած և դառնում են տանողի սեփականություն Աչի հարվածի ուժը մեծացնելու նպատակով այն ծանրացնում են ՝մեծ փոսիկը լցնելով կապարով կամ զմուռսով։Վիճակահանությամբ որոշվում է մասնակիցների խաղի մեջ մտնելու հերթականությունը։Այնուհետև ճըժի հակառակ կողմերում՝3-4 մ հերավորության վրա նշվում են երկու բաշերը, որտեղից պետք էր սկսվեր խաղը։ Ճանի կողմերն ունեն իրենց անվանումները. փոսավոր կողմը՝ «գող», սրան հակառակ՝ ուռուցիկ կողմը՝ «ռանչպար», հարթ կողմը՝ թոխան, իսկ կեռմանաձև ակոսավոր կողմը՝ «էշ», «գլավին», աղա (ալչու)։ Խաղացողները հերթով գցում են ճանը, մինչև որոշվեն թագավորը, գլավինը և գողը։ Ում կաճին թագավոր է կանգնում, առաջին գցողը նա է։ Հերթով գցում են ասելով. «Կոճի ջան կոճի, ես` ի՞նչ...»:Ալչուն հաջողության, իսկ թոխանը անհաջողության նշան է։ Ում գցածը ալչու կանգնեց, նա գլավինն է, ումը թոխան` խոխան՝ ծառան, ումը փոսիկ՝ գողը։ Եթե ասում են կոճին ալչու է կանգնել, ուրեմն գործերը հաջող են գնում։ Բոլոր մասնակիցները փորձում են բաշից խփել շարանին։

Առաջին տարբերակ։Եթե խփելու արդյունքում շարած ճաներց մեկը կամ մի քանիսը դուրս են թռչում շրջանից, ապա խաղացողը այն վերցնում է և իր աչի

Դեբեդի կիրճի խաղերից մեկն է։ Խաղում են դեռահաս տղաներն ու աղջիկները 5 փոքր ու կլոր քարերով։ Մասնակցում են 2-5 հոգի։ Խաղը բաղկացած է յոթ գործողությունից։ Խաղի համար վերցնում են 1-2 սանտիմետր տրամագծով 5 կլոր քարեր, ապա վիճակահանությամբ որոշում են խաղի մեջ մտնելու հերթականությունը։ Նախքան խաղն սկսելը խաղացողը բացի վեցերորդ քարից մնացած բոլոր քարերը փռում է գետնին։ Այնուհետև՝

1.Վերցնելով քարերից մեկը՝ նետում է վեր։ Վերցնում է մեկական քար և որսում ընկնողը։

2.Նույն գործողությունը կատարում է, բայց քարերը վերցնում է զույգ-զույգ։ Այս դեպքում քարերը պետք է այնպես փռել, որ վեր նետվող քարն ընտրելուց հետո մյուսները հնարավորին չափ զույգ-զույգ դասավորված լինեն իրար մոտ։

3.Նույն գործողությունը կատարում է երրորդը։ Քարերը վերցնում է երեքը միասին, մեկը՝ առանձին։

4.Վեր նետելով մեկը՝ մյուս չորսը դնում է գետնին։

5.Վեր նետելով մեկը՝ վերցնում է գետնին դրված չորսը։

6.Բոլոր հինգ քարերը վեր նետելով՝ որսում է ձեռքի երեսով, ապա ձեռքի երեսով նետելով՝ որսում ձեռքի ափով։

7.Այս փուլը կոչվում է «շուն» և կազմված է չորս մասից։ Խաղացողը քարերը փռում է գետնին, ապա մի ձեռքի ցուցամատով ու բթամատով կամուրջ է կազմում գետնին.

ա.վեր նետելով մի քար՝ մյուսները մատի հպումով անց է կացնում կամրջի տակով։

բ.քարերն անց է կացնում զույգ-զույգ։

գ.քարերն անց է կացնում երեքը միասին, մեկն առանձին։

դ.քարերն անց է կացնում չորսը միասին։

Խաղացողը համարվում է «կտրված» և իր տեղը զիջում է հաջորդ մասնակցին, եթե մինչև նետած քարի իջնելը չի հասցնում կատարել գործողությունը (գետնից վերցնելիս դիպչում է ցրված քարերից մեկին կամ չի կարողանում բռնել նետածը)[5]։

Կտրվողը հաջորդ հերթում խաղը սկսում է առաջին գործողությունից, անկախ նրանից, թե երբ է կտրվել։

Հաղթում է նա, ով առաջինն է կատարում բոլոր գործողությունները։

Լախտի (քյամար) խմբագրել

Այս խաղը խաղում են Դեբեդի կիրճում, Լոռվա մարզում։ Տղաների խաղ է։ Խաղացողները բաժանվում են երկու թիմի, յուրաքանչյուր թիմում՜՝ 5-6 հոգի։

Հարթ տեղանքում գծում են 3-4 մետր տրամագծով շրջանագիծ։ Վիճակահանությամբ որոշում են հարձակվող և պաշտպանվող թիմին։ Պաշտպանվող թիմը խաղում է շրջանի ներսում։ Հոտիները փռում են հավասար հեռավորության վրա՝ շրջանագծից դեպի կենտրոն։ Թիմի յուրաքանչյուր անդամ պահում է մեկ գոտի։

Դրսի խաղացողները փորձում են շրջանից դուրս քաշել գոտիները և դրանցով «դաղել» ներսիններին։ Պաշտպանվողները, մի ոտքը շրջանում պահելով, փորձում են մյուս ոտքով խփել հակառակորդին։ Սովորաբար պայմանավորվում են խփել ոտքերին։ Երբ հաջողվում է բոլոր գոտիները դուրս քաշել շրջանից, հարձակվողները շրջապատույմ են պաշտպանվողներին և սկսում են դաղել։ Սրանք խմբվում են շրջանի կենտրոնում և, արհամարհելով հարվածները, փորձում են ոտքով խփել հարձակվողներից որևէ մեկին[6]։

Զվարճալին այն պահն է, երբ հարձակվողներին հաջողվում է որևէ մեկին դուրս քաշել, հեռացնել շրջանագծից, որտեղ նրանք անարգել հարվածելու կիրավունք ունեն։ Արգելվում է խփել գոտու մետաղական մասով։

Նույն կերպ պաշտպանվողները փորձում են հակառակորդին քաշել շրջանին մոտ։ Խաղն ընդհատվում է այն պահին, երբ պաշտպանվող թիմի որևէ խաղացողի հաջողվում է ոտքով խփել հակառակորդին։ Թիմերը անմիջապես փոխում են իրենց դերերը, և խաղը շարունակվում է սկզբից։ Նախկինում կաշվե գոտիների փոխարեն օգտագործում էին այծի մազից հյուսած կարճ պարաններ։

Յոթ քարանի խմբագրել

Խաղում են հիմնականում փոքրերը՝ տղաներն ու աղջիկները։ Խաղի համար անհրաժեշտ է գնդակ, յոթ տափակ քար և ազատ տարածություն։

Խաղում են երկու թիմով՝ իրար դեմ։ նախ՝ գծում են շրջան, որի մեջ յոթ քարերը շարում են իրար վրա։ Ապա՝ վիճակահանությամբ ընտրված առաջին թիմի խաղացողները որոշ հեռավորությունից հերթով գնդակով խփում են քարե բուրգին։ Երբ բուրգը քանդվում է, խաղացողը փռում է քարերը և վազում գնդակի հետևից։ Գնդակը հայտնվում է երկրորդ թիմի ձեռքում։ Առաջին թիմի խնդիրն է քարերը դասավորել նախնական դիրքով։ Երկրորդ թիմի խաղացողները պետք է խանգարեն նրանց՝ կրակելով, այսինքն՝ գնդակով խփելով առաջին թիմի խաղացողներին։ Եթե խաղացողը բռնում է գնդակն օդում, կարող է այն հեռու նետել և դուրս չգալ խաղից։ Կարող է լինել նաև ինքնազոհություն՝ խաղացողը, ում կպչում է գնդակը, կարող է այնպես անել, որ գնդակն անդրադառնալով իրենից հեռու թռչի, իսկ ինքը՝ դուրս գա խաղից։

Քարերը լրիվ դասավորելուց հետո առաջին թիմից մեկը պետք է ձեռքը դնի քարին և հաշվի մինչև 40-ը։ Եթե հաշվարկը կիսատ է մնում, այսինքն՝ նրան գնդակով խփելով հանում են խաղից, ապա մյուս թիմակիցը շարունակում է հաշվել։ Եթե նրանց հաջողվում է հաշիվն ավարտին հասցնել, ապա առաջին թիմը ճանաչվում է հաղթող, իսկ եթե երկրորդ թիմին հաջողվում է հեռացնել հակառակորդի բոլոր խաղացողներին, ապա խաղի արդյունքում նա է հաղթող ճանաչվում։

Աղջիկ փախցնոցի խմբագրել

Հանպատրաստից խաղ է` առանց սահմանափակումների։ Խաղում են մասսայական միջոցառումների ժամանակ, հանգստի պահերին[7]։

Տղա-աղջիկ շարվում են զույգերով` ձեռք ձեռքի տված, դեմքով դեպի նույն կողմը։ Բռնած ձեռքերը վեր պարզելով` զույգերըստեղծում են անցուղի-միջանցք։ Տղաներից մեկը պետք է մնա ազատ։ Նա շարքի հետևի կողմից մտնում է միջանցք, բռնում իր ցանկացած աղջկա ձեռքից ու դուրս բերում միջանցքից։ Նոր զույգը կանգնում է շարքի առաջ, իսկ փախցրած աղջկա զուգընկերը դուրս է գալիս հետևից և շարունակում խաղը։ Շարքը աստիճանաբար շարժվում է դեպի առաջ։ Եթե զույգ կազմողները աղջիկներ են, ապա մեկին փախցնելու դեպքում ազատ մնացած աղջիկը շարունակում է խաղը` փախցնելով կա՛մ տղայի, կա՛մ աղջկա։

Խաղը հետաքրքիր և աշխույժ է ընթանում հատկապես այն դեպքում, երբ խաղացողների մեջ լինում են իրար համակրողներ։

Կլաս խմբագրել

Խաղում են հիմնականում աղջիկները։ Խաղին մասնակցում է մինչև ութ հոգի։ Գետնի վրա գծում են 1մ լայնությամբ, 2-2,5 մ երկարությամբ ուղղանկյուն։ Այն հիմքին զուգահեռ գծերով բաժանում են հինգ մասի։ Այնուհետև նրանց ուղղահայաց գծով բոլոր վանդակները, բացի վերջին հինգերորդից, կիսում են և համարակալում[8]։

Որպես խաղաքար օգտագործում են 8-10սմ տրամագծով, կլոր սալ քար կամ տեղական աղյուսակի կտոր։ Խաղաքարը կոչվում է սալմա։

Խաղացողը սալման նետում է առաջին վանդակի մեջ, այնուհետև մեկ ոտքի վրա ցատկելով տընգլի տալով` մոտենում է քարին և նույն ոտքով այն հրում (քըստում) հաջորդ վանդակ։ Առանց ոտքը գետնին դնելու, անցնում է բոլոր ինը վանդակներով։ Հինգերորդ վանդակում թույլատրվում է մի պահ ոտքը դնել գետնին և հանգստանալ, սակայն ոտքը փոխել չի թույլատրվում։ Եթե սալման կանգնում է որևէ գծի վրա, կամ խաղացողը ցատկելու ժամանակ տրորում է գծերից որևէ մեկը, նա համարվում է կտրված և դուրս է գալիս խաղից։ Խաղի մեջ է մտնում հաջորդ մասնակիցը։

Կտրված խաղացողը հաջորդ հերթում խաղն սկսում է այն վանդակից, որտեղ նա կտրվել էր։

Իններորդ վանդակին կից գծվում է լրացուցիչ 10-րդ վանդակը, որը պայմանականորեն կոչվում է կրակ: Վերջում 9-րդ վանդակից խաղացողը սալման այնպես պետք է քըստի, որ այն դուրս գա կրակի սահմաններից։ Հակառակ դեպքում նա համարվում է կտրված, իսկ ամբողջ արդյունքը այրվում է, այսինքն` ի տարբերություն մյուս կտրվողների` հաջորդ հերթում այս խաղացողը խաղը պետք է սկսի սկզբից։

Հաղթող է ճանաչվում այն խաղացողը, որն առաջինն է անցնում բոլոր վանդակներից։

Հմուտ խաղացողները նախապես պայմանավորվում են խաղալ երկու փուլով։ Առաջին փուլում ցատկում և քըստում են մեկ ոտքով, երկրորդում` երկու ոտքով։ Այս դեպքում խաղի կանոնները մնում են անփոփոխ։

Պահմտոցի (տըպանկու, տապանուկի) խմբագրել

Հանպատրաստիս խաղ է։ Խաղացողների թիվը չի սահմանափակվում[8]։

Խաղի ամենահարմար ժամանակը երեկոյան մթնշաղն է կամ լուսնկա երեկոները, երբ որոշ հեռավորության վրա մարդկանց դեմքերը հնարավոր չէ իրարից տարբերոլ։

Խաղացողներից մեկը ձեռքերով փակում է աչքերը, մյուսները թաքնվում են (տապ են անըմ) շրջակայքում` նկուղում, մարագում, դեզի հետևում, սայլերի կամ մեքենաների մեջ և այլն։

Աչքերը փակողը բարձրաձայն հաշվում է, ասենք` մինչև 20-ը։ Նա նախապես հայտնում է, թե քանի րոպե հետո պետք է բացի աչքեր։ Այդ ընթացքում բոլորը պետք է հասցնեն թաքնվել։ Որից հետո բացում է աչքերը և սկսում փնտրել խաղընկերներին։

Խաղահրապարակի տեսանելի մասում կամկենտրոնում փորում են փոքրիկ փոս` բորա կամ դնում են որևէ խոշոր քար։ Բոլորը հավաքվում են բորի շուրջը։ Որևէ մեկին նկատելու դեպքում փնտրողը վազքով մոտենում է բորին և հայտարարում, ասենք` թո՛ւ Համոն։ Համոն համարվում է կտրված և դուրս է գալիս խաղից։ Եթե աչքերը փակողը բավական հեռացել է կենտրոնից, թաքնված խաղացողները կարող են մոտենալ բորին և ասել` թո՛ւ ես:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Քոչարյան, Սերգեյ (2009). Ժամ. Երևան, Ասողիկ, 2009: Երևան, Ասողիկ. էջեր 187–188. ISBN 978-9939-50-110-9.{{cite book}}: CS1 սպաս․ location (link)
  2. Քոչարյան, Սերգեյ (2009). Աղա ջան, մի գող. Երևան, Ասողիկ, 2009: Սերգեյ Քոչարյան. էջ 191. ISBN 978-9939-50-110-9.{{cite book}}: CS1 սպաս․ location (link)
  3. Քոչարյան, Սերգեյ (2009). Դսեղ. Երևան, Ասողիկ 2009: Սերգեյ Քոչարյան. էջեր 185–186. ISBN 978-9939-50-110-9.{{cite book}}: CS1 սպաս․ location (link)
  4. Քոչարյան, Սերգեյ (2006). Բիզ. Սերգեյ Քոչարյան. էջեր 185–184. ISBN 978-9939-50-110-9.
  5. Քոչարյան, Սերգեյ (2009). Քարկտիկ (Մոլլաբիր). Երևան, Ասողիկ, 2009. էջեր 184–185. ISBN 978-9939-50-110-9.{{cite book}}: CS1 սպաս․ location (link) CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. Քոչարյան, Սերգեյ (2009). Լախտի (քյամար). Երևան, Ասողիկ, 2009: Երևան. էջ 188. ISBN 978-9939-50-110-9.{{cite book}}: CS1 սպաս․ location (link)
  7. Քոչարյան, Սերգեյ (2009). Դսեղ. Երևան: Աստղիկ. էջ 182. ISBN 978-9939-50-110-9.
  8. 8,0 8,1 Քոչարյան, Սերգեյ (2009). Դսեղ. Երևան: Աստղիկ. էջ 183. ISBN 978-9939-50-110-9.