Հայկական առաջին դրամներ

Հայկական առաջին դրամներ, ստեղծվել են մ.թ.ա. 3-2-րդ դարերում։

Հայաստանի դրամական տնտեսության զարգացման այս փուլում (մ.թ.ա. 3-2-րդ դարեր) ծագում են հայկական դրամների անդրանիկ օրինակները։ Նրանց թողարկումը կատարվում էր Ծոփքում և Փոքր Հայքում առաջացած հայկական թագավորությանների կողմից[1]։ Այս շրջանի հայկական դրամները ոչ թե ոսկուց կամ արծաթից էին, այլ պղնձից և ունեին զուտ տեղական նշանակություն՝ ներքին շուկայի ոլորտից դուրս չէին անցնում։ Դրանով էլ նշվում է այն իրողությունը, որ Փոքր Հայքի ու Ծոփքի մեջ 3-2-րդ դարերում ապրանքադրամական հարաբերությունների զարգացումը այնպիսի աստիճանի էր հասել, որ մանր առևտուրն անգամ կատարվում էր դրամով, մի հանգամանք, որ կարող է առաջանալ դրամի ֆունկցիոնալ նշանակության լիակատար ծավալման, քաղաքային կյանքի և նրա առևտրի խորացման պայմաններում։

Փոքր Հայքի հայկական դրամներ խմբագրել

Ծոփքի կամ Փոքր Հայքի հայկական դրամներն իրենց կշռային տվյալներով ատտիկյան էին։ Դրանք թողարկվել են, Քարասպես (մ.թ.ա. 3-րդ դար), Արշամ (մ.թ.ա 230 թվականի շուրջ) թագավորների իշխանության տարիներին։

Դրամների նկարագրությունը խմբագրել

Ըստ պակտկերատիպի այդ դրամներն ունենալով տեղական բնորոշ գծեր, արտացոլում են նաև աղերսներ սելեկյան, պարթևական և կապադովկիական դրամների հետ։ Հելենիստական դարաշրջանի յուրահատուկ հայկական այդ դրամների վրա պատկերված են մի կողմից թագավորների դիմանկարները, իսկ մյուս կողմից՝ պաշտամունքային խորհրդանիշներ՝ արծիվ, ձի, ինչպես նաև հաղթության, Աթենաս և Անահիտ դիցուհիների կերպարները։ Վերջիններիս շուրջ հունարեն գրվում էին միապետների անուններն ու երբեմն հայրանունները։ Հեթանոսական պատկերների հետ միասին միապետի անձնանվան հիշատակումը դրամների վրա թերևս արտացոլում էր թագավորի պաշտամունքի գաղափարը։ Վերոհիշյալ հայ թագավորների դրամները թողարկվել են հավանաբար Արշամաշատ, Արկաթիակերտ և այլ հայկական քաղաքներում։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. E. Q. Visconti,Iconographie grecque, tome second, Paris,1811 էջ 241-273,աղ. XLV; J. Eckhel, Doctrina numorum veterum, Pars I,De numis urbium,populiorum,regium,vol. II, editio secunda,Vindobonae,1828, էջ 202-208,247-248։