Հայերը Գորիում, հայկական ազգային փոքրամասնություն, որն ապրում է վրացական Գորի քաղաքում։

Պատմություն խմբագրել

Գորին ձեռագրերում առաջին անգամ հիշատակվում է մեր թվարկության 8-րդ դարում, չնայած որոշ աղբյուրներ քաղաքի հիմնումը կապում են 12-րդ դարում Դավիթ Շինարարի թագավորության հետ։ Ինչպես նշում է հայ ժամանակագիր Սմբատ Սպարապետը[1].

  Դավիթ արքան ռազմական մարդ էր... Նրա շուրջն էին հավաքվել հայկական բոլոր զորքերը։ Նա հայկական քաղաք է կառուցել Վրաստանում, հիմնել շատ եկեղեցիներ ու վանքեր և այդ քաղաքն անվանել Գուրա (Գորի)։ Նա հայուհուց որդի է ունեցել` Դիմիտրե անունով, որը շատ բարձրահասակ էր։  

1858 թվականի հուլիսի 13-ին քաղաքում բացվել է Հայկական արական հոգևոր ուսումնարան, որը գոյատևում էր հայկական երեք եկեղեցիների հաշվին։ 1881 թվականի դրությամբ այնտեղ սովորում էր 47 հայ, դասավանդում էր երկու ուսուցիչ[2]։ Դրանից բացի, քաղաքում կար օրիորդաց նախնական դպրոց, որը նույնպես գոյատևում էր հայկական եկեղեցու հաշվին։ 1881 թվականի տվյալներով՝ այնտեղ սովորում էր 29 աշակերտուհի, դասավանդում էր մեկ ուսուցչուհի[3]։ Դրանից բացի, հայերը սովորում էին Անաստասիյան պրոգիմնազիայում, որտեղ 1881 թվականին հաշվվում էր 34 հայ աշակերտուհի[2]։

Բնակչություն խմբագրել

1879 թվականին քաղաքում ապրում էր 6,000 մարդ. 3,495 հայ, 2,250 վրացի և 254 ռուս։ Միևնույն ժամանակ, ըստ Ա. Ջավախովի դիտարկումների՝ հայերը Գորիում գրեթե չէին խոսում հայերեն, իսկ նամակագրությունը վարում էին վրացերենով[4]։ 1893 թվականին քաղաքում հաշվվում էր 7 243 բնակիչ, որոնցից 3,807 հոգին (52.6 %) վրացիներ էին, իսկ 2,894-ը` հայեր (40,0 %)[5]:

Խորհրդային տարիներին դիտվել է բնակչության հոմոգենիզացիայի գործընթաց, ինչը բերել է բնակչության ազգային կազմի կտրուկ փոփոխության։ Գորիի շրջանում կտրուկ նվազել է հայերի ու օսերի թիվը[6]։

Հոգևոր կյանք խմբագրել

1881 թվականի քաղաքում եղել է 14 եկեղեցի՝ 7 հայկական, 6 ուղղափառ (որոնցից մեկը` ռուսական) և 1 կաթոլիկ[7]։ Հայկական եկեղեցիներից առավել հայտնին եղել է Սբ. Ստեփանոս եկեղեցին, որն ուներ գոթական ոճի բարձր բրգաձև տանիք` ծածկված բազմագույն հախճասալիկներով և մուտքի մոտ աշտարակով։ Վերջինում տեղադրված էին տարբեր մեծության զանգեր։ Եկեղեցին երեքհարկանի էր. երկու վերին հարկերը կարող էին առանձին եկեղեցի համարվել, իսկ առաջին հարկում թաղված էին երեք անհայտ սրբեր[7]։

Քաղաքում հաշվվում էին 12 հոգևոր ծառայողներ, նրանցից 6-ը հայ հոգևորականներ էին, 5-ը՝ ուղղափառ, և 1-ը` կաթոլիկ։ Ուղղափառ հոգևորականների ազդեցությունը հավատացյալների վրա աննշան էր՝ ի տարբերություն հայ հոգևոր հայրերի, ում ազդեցությունը հավատացյալների վրա ավելի մեծ էր, քան ուղղափառ եկեղեցիների դեպքում[7].

Հայտնի բնիկներ խմբագրել

  • Էդվարդ Միրզոյան (1921—2012), խորհրդային, հայ կոմպոզիտոր, մանկավարժ, հասարակական գործիչ։ ԽՍՀՄ վաստակավոր արտիստ (1981)։
  • Վլադիմիր Մոդոսյան (ծնվ.` 1958 թվականի հուլիսի 16-ին), ազատ ոճի խորհրդրդային ըմբիշ, ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն (1986 և 1987) և Եվրոպայի առաջնության մրցանակակիր (1982 և 1987), աշխարհի առաջնության գավաթակիր (1985), աշխարհի չեմպիոն (1986), Բարի կամքի խաղերի հաղթող (1986)։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր գործիչ (1986)։ Ռուսաստանի վաստակավոր մարզիչ (2011)։
  • Վանո Մուրադելի (1908—1970), կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։
  • Դավիթ Պողոսյան (ծնվ.` 1974), ազատ ոճի վրաստանցի ըմբիշ, Վրաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն (1997, 1998), Աշխարհի առաջնության մրցանակակիր (2001)։
  • Սիմոն Տեր-Պետրոսյան (1882—1922), լեգենդար ռուս հեղափոխական, Ստալինի մանկության ընկերը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Смбат Спарапет / Летопись / пер. А. Г. Галстяна — Ер. — стр. 86. Изд-во «Айастан». 1974 г.
  2. 2,0 2,1 А. И. Джавахов / город Гори /Сборник материалов для описания местностей и племен Кавказа. Выпуск 2. 1881 г. страница 107
  3. А. И. Джавахов / город Гори /Сборник материалов для описания местностей и племен Кавказа. Выпуск 2. 1881 г. страница 108
  4. А. И. Джавахов / город Гори /Сборник материалов для описания местностей и племен Кавказа. Выпуск 2. 1881 г. страница 95
  5. Свод статистических данных о населении Закавказского края, извлечённых из посемейных списков. Тифлис, 1893.
  6. Халатов В. Ю /Этнотерриториальные изменения на Южном Кавказе за 1914—2014 годы / материалы V международной конференции по исторической географии. Изд."Ленинградский государственный университет им. А. С. Пушкина (Санкт-Петербург)". 2015 г.- Страницы: 92-96
  7. 7,0 7,1 7,2 А. И. Джавахов / город Гори /Сборник материалов для описания местностей и племен Кавказа. Выпуск 2. 1881 г. страница 70