Հայաստանի պատվավոր կոչում

Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումները սահմանվում են գիտության, կրթության, արվեստի, մշակույթի, առողջապահության, տնտեսության, ճարտարապետության, իրավագիտության, լրագրության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառների զարգացման գործում ունեցած ակնառու հաջողությունների և բացառիկ վաստակի համար (սահմանումը կիրառելի է 2014 թվականի օգոստոսի 9-ից)[1]։ Մինչ այդ պատվավոր կոչումները համարվում էին գիտության, կրթության, մշակույթի, գրականության, լրագրության, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, տնտեսության բնագավառների ականավոր գործիչներին, կոլեկտիվներին շնորհվող կոչումներ։

Իրավական կարգավորում խմբագրել

2002-2014 թթ. խմբագրել

Կոչումները հիմնադրվել են 2002 թվականին ընդունված «Գիտության, կրթության, ժուռնալիստիկայի, մշակույթի, արվեստի, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։ Վերասահմանվել են 2004 թվականի հունիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2004 թվականի հուլիսի 10-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2004 թվականի օգոստոսի 2-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով, որով և կարգավորվում էին Հայաստանի Հանրապետության գիտության, կրթության, մշակույթի, գրականության, լրագրության, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, տնտեսության բնագավառների ականավոր գործիչներին, կոլեկտիվներին պատվավոր կոչումներ շնորհելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանվում պատվավոր կոչումներ շնորհելու կարգն ու պայմանները (օրենքն ուժը կորցրել է 2014 թվականի օգոստոսի 9-ին)։

Ներկայումս խմբագրել

Պատվավոր կոչումները կրկին վերասահմանվել են 2014 թվականի հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014 թվականի հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2014 թվականի օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով[1]։

Ըստ այդմ, պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով և Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով։

Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թ. սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները կարգավորելու մասին» թիվ ՆՀ-396-Ն հրամանագրով, որով սահմանվել են Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց ցանկը, Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդությանը ներկայացվող պահանջները և միջնորդություն ներկայացնելու կարգը և Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների կրծքանշանների նկարագրությունները և նմուշները, դրանց վկայականների և շնորհագրերի նմուշները։

Պատվավոր կոչումների շնորհման ընթացակարգ խմբագրել

Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ կոչումը շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր։

Պատվավոր կոչումներ ստացողներ խմբագրել

Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումները շնորհվում են Հայաստանի Հանրապետության գիտության, կրթության, տնտեսության, արվեստի, մշակույթի, ճարտարապետության, իրավագիտության, առողջապահության, լրագրության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառների ականավոր գործիչներին և կոլեկտիվներին։

Պատվավոր կոչումների շնորհման միջնորդություն խմբագրել

2002-2014 թթ. խմբագրել

2002-2014 թվականների Պատվավոր կոչումների ներկայացնելն իրականացնում էր Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ հաշվի առնելով նաև լիազորված պետական մարմինների, ստեղծագործական միությունների առաջարկությունները՝ Հայաստանի Հանրապետության Նախագահին ուղղված գրավոր միջնորդագրերի միջոցով, բացի այդ, անձնական նախաձեռնությամբ պատվավոր կոչումներ կարող է շնորհել Հայաստանի Հանրապետության Նախագահը։

Ներկայումս խմբագրել

2014 թվականի օգոստոսի 9-ից Հայաստանի Հանրապետության Նախագահը շնորհում է պատվավոր կոչումներ անձնական նախաձեռնությամբ, նաև պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա։ Այլ կերպ ասած, միջնորդություն ներկայացնել կարող է ոչ թե Կառավարությունը, այլ պաշտոնատար անձինք։

Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդությանը ներկայացվող պահանջները և միջնորդությունը ներկայացնելու կարգը, պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ ՀՀ Նախագահի 2014 թ. սեպտեմբերի 16-ի ՆՀ-396 հրամանագրի համաձայն, Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարները, Երևանի քաղաքապետը՝ տվյալ մարմինների և Երևանի քաղաքապետարանի գործունեության ոլորտին առնչության դեպքում։ Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդությունները ներկայացնում են համապատասխան միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց միջոցով[2]։

Միջնորդության ներկայացման ընթացակարգը խմբագրել

Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդությունները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ դրա իրավասությունն ունեցող պաշտոնատար անձանց կողմից։ Դրա իրավասությունը չունեցող պաշտոնատար կամ այլ անձանց կողմից՝ պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու առաջարկություն ներկայացվելու դեպքում Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը կարող է կարծիք ստանալու նպատակով առաջարկությունը 5-օրյա ժամկետում ուղարկել համապատասխան պետական մարմնին կամ մարմիններին։

Տոնի կամ այլ հատուկ օրվա հետ կապված միջնորդությունները ներկայացվում են տվյալ օրվանից առնվազն 1 ամիս առաջ։

Միջնորդության մեջ նշված անձը կամ կոլեկտիվը չի տեղեկացվում միջնորդության մասին։

Միջնորդությունը ներկայացվում է գրավոր և ներառում է՝

  1. պատվավոր կոչում շնորհելու հիմնավորումը,
  2. պատվավոր կոչում շնորհելու ներկայացված անձի անունը, ազգանունը և հայրանունը,
  3. պատվավոր կոչում շնորհելու ներկայացված անձի զբաղեցրած պաշտոնը, գործունեության բնույթը,
  4. պատվավոր կոչումը։

Միջնորդությանը կցվում են՝

  1. պատվավոր կոչում շնորհելու ներկայացված անձի անհատական թերթիկը,
  2. պատվավոր կոչում շնորհելու ներկայացված անձի բնութագիրը, որտեղ նշվում են այդ անձի կողմից մատուցված ծառայությունները,
  3. պարգևատրման ներկայացված անձի կենսագրությունը,
  4. պարգևատրման ներկայացված անձի անձնագրի, քաղաքացիությունը հաստատող փաստաթղթի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը։

Անկախ միջնորդությունում նշված պատվավոր կոչումից՝ պատվավոր կոչում շնորհելու հարցը որոշում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։

«Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվ» պատվավոր կոչում շնորհելու միջնորդությունը ներառում է՝

  1. պարգևատրման հիմնավորումը,
  2. պարգևատրվող կոլեկտիվի անվանումը կամ զորամասի անվանումը կամ թիվը,
  3. պարգևի տեսակը։

«Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվ» պատվավոր կոչում շնորհելու միջնորդությանը կից ներկայացվում են՝

  1. պարգևատրվող կոլեկտիվի կամ զորամասի թերթիկը,
  2. պարգևատրման ներկայացված կոլեկտիվի կամ զորամասի գործունեությունը և պատմությունը, որտեղ պետք է նշվեն Հայաստանի Հանրապետությանը և հասարակությանը մատուցված ծառայությունները[3]։

Պատվավոր կոչումների հանձնման կարգ խմբագրել

Պատվավոր կոչումները հանձնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ նրա լիազորած անձը։ 2002-2014 թվականների պատվավոր կոչումների շնորհումն իրականացնում էր Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ հանդիսավոր արարողության և հրապարակայնության պայմաններում հանձնելով շնորհագիրն ու կրծքանշանը։

Պատվավոր կոչումներ շնորհված անձանց հանձնվում են շնորհագիր, կրծքանշան ու վկայական։ Պատվավոր կոչումների շնորհագրի և կրծքանշանների նկարագրությունները և նմուշները հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։

2002-2014 թվականների պատվավոր կոչումների արժանացած անձանց շնորհվում էին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պատվավոր կոչումը հավաստող համապատասխան ձևի շնորհագիր և կրծքանշան։ Պատվավոր կոչումները շնորհվում էին ցմահ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէր։

Պատվավոր կոչումների բացառիկություն խմբագրել

Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները, պաշտոնատար և ֆիզիկական անձինք, ստեղծագործական միությունները, գիտական ընկերությունները, հասարակական և այլ կազմակերպությունների հիմնած կրծքանշանների նմուշները չպետք է շփոթության աստիճանի նման լինեն Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչման կրծքանշաններին։

Նշված մարմինների և կազմակերպությունների հիմնած կրծքանշանների անվանումների մեջ պետք է նշվի համապատասխան մարմնի կամ կազմակերպության անվանումը։

Պատվավոր կոչում ունեցող անձանց իրավունքները և պարտականություններ խմբագրել

Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների արժանացած անձինք ունեն կրծքանշանները մշտապես կրելու իրավունք և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում օգտվում են արտոնություններից։ «Ժողովրդական» պատվավոր կոչման համար տրվում է ամենամսյա պատվովճար, որի կարգը և չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Պատվավոր կոչումների արժանացած անձինք անձինք պարտավոր են խնամքով պահպանել Հայաստանի Հանրապետության կրծքանշանները։

Պատվավոր կոչումների արժանացած անձինք Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումից կարող են զրկվել միայն դատական կարգով։

Պատվավոր կոչումների արժանացած անձի մահվան դեպքում կրծքանշանները և դրանց վկայականները կարող են որպես հիշատակ պահվել նրա ժառանգների մոտ կամ վերջիններիս համաձայնությամբ հանձնվել թանգարաններին։

Կրծքանշանները թանգարաններին են հանձնվում Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի գիտությամբ։ Թանգարանները պատշաճ պայմաններ են ստեղծում Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ կրծքանշանների պահպանման համար։

Եթե պատվավոր կոչումների արժանացած անձը չունի ժառանգներ, ապա նրա մահվանից հետո շքանշանները, մեդալները և դրանց վկայականները վերադարձվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ։

Կրծքանշանները և դրանց վկայականները կորցնելու դեպքում պետական պարգևներով պարգևատրված անձինք պահպանում են իրենց իրավունքները։

Հայաստանի Հանրապետության կրծքանշաների և դրանց կրկնօրինակների կորստի դեպքում կրկնօրինակներ չեն տրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք կորել կամ ոչնչացել են մարտական պայմաններում, արտակարգ իրավիճակների հետևանքով կամ այլ հանգամանքներում, երբ կրծքանշանները պահպանելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հնարավորություն չի եղել։ Այդ դեպքում կոչում շնորհված անձը դրանց կրկնօրինակներ ստանալու համար գրավոր դիմում է ներկայացվում շնորհման միջնորդություն ներկայացրած մարմին, իսկ եթե շնորհումը կատարվել է առանց միջնորդության՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ։ Միջնորդություն ներկայացրած մարմինը կրծքանշանի կորստի մասին դիմումն ուսումնասիրելուց հետո՝ 5-օրյա ժամկետում, համապատասխան փաստաթղթերը տեղեկանքի հետ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ։ Կորած կրծքանշանների և դրանց վկայականների կրկնօրինակները պատվավոր կոչումներ շնորհված անձանց հանձնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը։

Պատվավոր կոչումների արժանացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք Հայաստանի Հանրապետությունից մեկնելիս իրավունք ունեն դուրս տանելու Հայաստանի Հանրապետության կրծքանշանները՝ դրանց վկայականների առկայության դեպքում[1]։

Արգելքներ խմբագրել

Արգելվում է Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչման կրծքանշան դրա իրավունքը չունեցող անձի կողմից կրելը, գնելը, վաճառելը, պատրաստելը, փոխանակելը կամ այլ կերպ իրացնելը։

Արգելվում է այնպիսի կրծքանշաններ կրելը, գնելը, վաճառելը, պատրաստելը, փոխանակելը կամ այլ կերպ իրացնելը, որոնք շփոթության աստիճանի նման են Հայաստանի Հանրապետության շքանշաններին, մեդալներին։

Նշված ապօրինի գործողություններն առաջացնում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վարչական պատասխանատվություն։

Պատվավոր կոչումների ցանկ խմբագրել

Գիտության, կրթության, մշակույթի, գրականության, լրագրության, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, տնտեսության բնագավառների զարգացման գործում ունեցած ակնառու հաջողությունների և բացառիկ վաստակի համար սահմանվում են Հայաստանի Հանրապետության հետևյալ պատվավոր կոչումները (այսուհետ՝ պատվավոր կոչումներ).

2008-2014 թվականներին գոյություն ունեցած պատվավոր կոչում խմբագրել

«Ժողովրդական» պատվավոր կոչման հետ կապված առանձնահատկություններ խմբագրել

2002-2014 թվականների առանձին պատվավոր կոչումների համար սահմանված էր երկու աստիճան՝ վաստակավոր և ժողովրդական։ «Ժողովրդական» պատվավոր կոչում, որպես կանոն, կարող է շնորհվել «վաստակավոր» պատվավոր կոչումը շնորհելուց ոչ պակաս, քան հինգ տարի հետո։ Անձին շնորհվում էր մեկ պատվավոր կոչում։

2014 թվականի օգոստոսի 9-ից աստիճանավորումը և ժամանակային սահմանափակումը չեն գործում։

Պատվավոր կոչումների արժանացած անձանց իրավական կարգավիճակ խմբագրել

2002-2014 թվականների այն անձինք, կոլեկտիվները, որոնց մինչև «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքի ընդունումը շնորհվել են պատվավոր կոչումներ, պահպանում են իրենց իրավաբանական ուժը և հավասարեցվում են դրանից հետո շնորհված պատվավոր կոչումներին։

2002 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՀ Նախագահի հրամանագրով սահմանվել է, որ հաշվի առնելով ԽՍՀՄ և ՀԽՍՀ պատվավոր կոչումների արժանացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ հայրենիքին մատուցած ծառայությունները, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պատվավոր կոչումների արժանացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները համարվում են նաև Հայաստանի Հանրապետության համապատասխան պատվավոր կոչումներ կրողներ։

2014 թվականի օգոստոսի 9-ից անձանց և կոլեկտիվներին՝ մինչև այդ շնորհված պատվավոր կոչումները պահպանում են իրենց ուժը և հավասարեցվում են դրանից հետո շնորհված պատվավոր կոչումներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  

Ծանոթագրություններ խմբագրել