Համաժամանակյա թարգմանություն

Համաժամանակյա թարգմանություն (անգլ.՝ Language interpretation), բանավոր թարգմանության ամենաբարդ ձևերից մեկը, որի ժամանակ թարգմանիչը, ի տարբերություն հաջորդական թարգմանության, խոսքը թարգմանում է ունկնդրման հետ միաժամանակ[1]։ Համաժամանակյա թարգմանիչ է կոչվում համաժամանակյա թարգմանության մեջ մասնագիտացած անձը։ Սովորաբար համաժամանակյա թարգմանությունը կատարվում է հատուկ սարքավորումների օգտագործմամբ։ Համաժամանակյա թարգմանության հնարավորությունները բացատրվում են նրանով, որ ժամանակակից լեզուներում բառերի մոտավորապես 50%-ը ոչ մի ինֆորմացիա չի պարունակում, դրա հետ մեկտեղ, ինֆորմացիայի որոշակի մասը ունկնդիրների կողմից չի ընկալվում։

Համաժամանակյա թարգմանության սարքավորումներ

խմբագրել
 
Թարգմանչի կահավորված աշխատանքային տիրույթը Եվրամիության Դատարանում

Հատուկ սարքավորումների ամբողջությունը համաժամանակյա թարգմանության համակարգ է, որը հիմնականում ստացիոնար կամ հավաքովի խցիկ է։ Դրանում տեղադրվում են համաժամանակյա թարգմանության համար անհրաժեշտ սարքավորումները։ Այն ներառում է երկու զույգ ականջակալներ և բարձրախոս` թարգմանիչների համար, ինչպես նաև ականջակալների կամ ընդունիչների խումբ` թարգմանության կարիք ունեցող մասնակիցների թվաքանակով։ Թարգմանելու ժամանակ թարգմանիչը գտնվում է մեկուսացված խցիկում` ձայնամեկուսիչ ականջակալներով, որպեսզի սեփական ձայնը չխոչընդոտի հռետորին լսելուն։ Ուժգնացման սարքի միջոցով թարգմանությունը հաղորդվում է ունկնդիրներին։ Համաժամանակյա թարգմանության տեխնիկայի օգտագործմամբ կազմակերպվում են մեծաթիվ մարդկանց համար նախատեսված միջոցառումներ՝ կոնգրեսներ, սեմինարներ և կոնֆերանսներ։

Համաժամանակյա թարգմանության տեսակներ

խմբագրել

Հիմնականում կիրառվում են համաժամանակյա թարգմանության 3 տեսակներ[2]

  • «Բանավոր» համաժամանակյա թարգմանություն, երբ համաժամանակյա թարգմանիչը ականջակալների միջոցով հռետորի խոսքը լսում և թարգմանում է ինֆորմացիայի ընդունման չափով․ սա ամենատարածված և ամենաբարդ տեսակն է։
  • Համաժամանակյա թարգմանություն «թղթից»՝ երբեմն նախնական պատրաստությամբ, երբ համաժամանակյա թարգմանիչը նախապես ստանում է հռետորի գրավոր տեքստը և թարգմանությունն իրականացնում տրված նյութին համապատասխան՝ խոսքի ընթացքում կատարելով անհրաժեշտ փոփոխություններ։
  • Նախապես թարգմանված տեքստի համաժամանակյա ընթերցում, որի դեպքում համաժամանկյա թարգմանիչը, հռետորի խոսքին հետևելով, կարդում է նախապես պատրաստված տեքստը և անհրաժեշտության դեպքում փոփոխություններ է կատարում, եթե հռետորը ելույթի ընթացքում շեղվում է սկզբնական տեքստից։

Գնահատական

խմբագրել

Հաջորդական թարգմանության համեմատությամբ համաժամանակյա թարգմանությունն ունի որոշ առավելություններ․

  • Հռետորի խոսքը հնչում է առանց դադարների, ինչը նրան թույլ է տալիս պահպանել լսարանի ուշադրությունը, զգալ ունկնդիրների տրամադրությունը և արձագանքը։
  • Միջոցառման ժամանակը կրճատվում է մոտավորապես երկու անգամ։
  • Մասնակիցների հարմարավետությունը․ օտար լեզվի տիրապետումը այսօր եզակի երևույթ չէ, այդ իսկ պատճառով շատերը նախընտրում են զեկույցները լսել օտար լեզվով, և նրանց նյարդայնացնում է, երբ ընդհատումներով թարգմանության ժամանակ ելույթ ունեցողը կանգ է առնում և բոլոր մասնակիցները լսում են թարգմանությունը։
  • Հնարավոր է թարգմանությունը միաժամանակ իրականացնել մի քանի լեզվով։

Միևնույն ժամանակ համաժամանակյա թարգմանությունը ունի նաև բացասական կողմեր.

  • Համաժամանակյա թարգմանության արժեքը համեմատաբար թանկ է, ինչը պայմանավորված է համաժամանակյա թարգմանիչների որակավորման նկատմամբ ավելի մեծ պահանջներով, ինչպես նաև հատուկ սարքավորումների վարձակալման անհրաժեշտությամբ[3]։
  • Հարկավոր է միջոցառմանը ներգրավել թեմային հավասարապես տիրապետող առնվազն երկու-երեք թարգմանչի։
  • Համաժամանակյա թարգմանության համար հատկանշական է ինֆորմացիայի ավելի շատ կորուստը և տեղեկատվության ընկալման ավելի ցածր մակարդակը։

Համաժամանակյա թարգմանչի որակավորում

խմբագրել

Բացի մայրենի և օտար լեզուներին ազատ տիրապետելուց և գրագետ խոսքից, համաժամանակյա թարգմանչից պահանջվում են նաև այլ հատուկ հմտություններ։ Նախ և առաջ անհրեշտ է լեզվական և խոսակցական արտահայտչամիջոցների ավտոմատացում, ինչն օգնում է ապահովել արձագանքման արագությունը։ Բացի այդ, քանի որ համաժամանակյա թարգմանությունը պահանջում է կենտրոնացման բարձր մակարդակ, միջոցառման ժամանակ համաժամանակյա թարգմանությամբ երկար աշխատանքը պահանջում է մտավոր և ֆիզիկական դիմադրողականության բարձր աստիճան։ Մեծ միջոցառումների ժամանակ թարգմանիչները աշխատում են հերթափոխով, մի թարգմանչի հերթափոխը պահանջում է 15-30 րոպե անդադար աշխատանք։

Ուսուցում

խմբագրել

Դժվար լինելու պատճառով համաժանակյա թարգմանությանը տիրապետելը պահանջում է երկարատև և հիմնավորված կրթություն։ Համաժամանակյա թարգմանություն ուսուցանում են համալսարանների բանասիրական ֆակուլտետներում, լեզվաբանական բուհերում։ Կան նաև համաժամանակյա թարգմանիչներ նախապատրաստող հատուկ ուսումնական հաստատություններ։ Թարգմանիչների միջազգային կոնֆերանսի միությունը (ֆր.՝ Association internationale des interprètes de conférence - AIIC) վարում է համաժամանակյա թարգմանիչներ նախապատրաստող այն ուսումնական հաստատությունների ցուցակագրումը, որոնք բավարարում են միության պահանջներին[4]. օրինակ՝ անգլերենից ռուսերեն թարգմանության պատրաստող հաստատությունների ցանկում նշված են Աստրախանի պետական համալսարանը, Ժնևի համալսարանը, Բատայի հալսարանը, Շանհայի օտար լեզուների համալսարանը, Միջմշակութային կառավարման և կապերի Ֆրանսիայի Մեծ դպրոցների համալսարանը, Փարիզի 3-րդ համալսարանը, Մայնցկի համալսարանը, Հայդելբերգի համալսարանը, Մյունխենի օտար լեզուների և թարգմանիչների համալսարանը, Իսրայելի Բար-Իլանի անվան համալսարանը, Միդլբեր-քոլեջի միջազգային համալսարանը, Մերիլենդի համալսարանի բարձր կուրսերը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Бреус Е. В., Дементьев А. А., Сладковская Е. Н. Синхронный перевод: пути овладения профессией // Тетради переводчика: Научно-теоретический сборник. — Вып. 22. — М.: Высшая школа, 1987. — С. 108.
  2. Ширяев А. Ф. (1979), с. 3.
  3. ITI 2001 Rates and Salaries Survey Արխիվացված 2009-03-20 Wayback Machine с. 21
  4. «Advanced School Finder». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.

Գրականություն

խմբագրել
  • Виссон, Л. Синхронный перевод с русского на английский. Приемы. Навыки. Пособия. — М., 2001.
  • Гофман Е. А. К истории синхронного перевода. // Тетради переводчика. — М., 1963. — С. 20-26.
  • Зимняя И. А., Чернов Г. В. К вопросу о роли вероятностного прогнозирования в процессе синхронного перевода // Вопросы теории и методики преподавания перевода. — М., 1973.
  • Миньяр-Белоручев Р. К. Как стать переводчиком? — М.: Готика, 1999. — 176 стр. ISBN 5-7834-0035-1
  • Чернов Г. В. Основы синхронного перевода. — М., 1987.
  • Чернов Г. В. Теория и практика синхронного перевода. — М.: Межд. отношения, 1978.
  • Ширяев А. Ф. Синхронный перевод. — М., 1979.
  • Ширяев А. Ф. Синхронный перевод: деятельность синхронного переводчика и методика преподавания синхронного перевода. — М.: Воениздат, 1979. — 183 стр.
  • H. С. Simultaneous Interpretation: Qualitative and Linguistic Data. // Language and Speech, 1975, vol 18, part 3.