ՀՀ ագրոարդյունաբերական համալիր

Երկրի ագրոարդյունաբերական համալիրը (ԱԱՀ) ներառում է հետևյալ խոշոր ոլորտները,

  • Բուն գյուղատնտեսությունը
    • համալիրի միջուկը՝ արտադրության միջոցներով և նյութական պաշարներով (գյուղմեքենաներ, գործիքներ, հանք, ու օրգանական պարարտանյութեր, քիմիկատներ և այլն)
  • Ապահովող ոլորտը,
  • Գյուղատնտեսական հումքի վերամշակման ձեռնարկությունները (սննդի և թեթև արդյունաբերություններ),
  • Գյուղատնտեսական հումքի մթերման, փոխադրման, պահպանման, սպառող, ապրանքների իրացման, գյուղատնտեսական
Պտղի վերամշակման գործարան Հայաստանում
Երշիկեղենի արտադրություն

կադրերի պատրաստման, համակարգում շինարարություն իրականացնող ծառայությունները։

1991 թ.-ից նորանկախ ՀՀ-ում հողօգտագործման բնագավառում իրականացվել են արմատական բարեփոխումներ։ «Սեփականության մասին» (1990), «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» (1991), «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» (1992) ՀՀ օրենքների և «ՀՀ հողային օրենսգրքի» (1991) հիման վրա, կոլեկտիվ և խորհրդային տնտեսությունների լուծարման ճանապարհով, որպես ինքնուրույն կազմակերպչական միավորներ, ստեղծվել են գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններ։ Գյուղատնտեսական հողատեսքերը (բացի արոտավայրերից) սեփականաշնորհվել են, և միջին հաշվով 20%-ը թողնվել է որպես պահուստային ֆոնդ։ Լուծարվել են 860 խորհրդային տնտեսություններ, կոլտնտեսություններ և միջտնտեսական ձեռնարկություններ, սեփականաշնորհվել են հողը և գյուղատնտեսական արտադրության մյուս միջոցները, զանգվածաբար մասնավորեցվել են սպասարկող ենթակառուցվածքները, գյուղմթերք իրացնող և մշակող կազմակերպությունները։ Այդ կերպ գյուղում մասամբ լուծվել է բնակչության զբաղվածության խնդիրը, և գյուղացին ներգրավվել է շուկայական հարաբերությունների ոլորտ, հնարավոր է եղել խուսափել արտադրության կտրուկ անկումից, սահմանամերձ բնակավայրերի բնակչության զանգվածային արտահոսքից, բարձրացնել հողային, աշխատանքային, նյութ, և ֆինանսական պաշարների օգտագործման արդյունավետությունը։ 2011 թ.-ի տվյալներով՝ հողի մասնավոր սեփականության հիմքի վրա ձևավորվել են ավելի քան 339 հազար ընտանեկան գյուղացիական, 353 ֆերմերային և 98 կոոպերատիվ տնտեսություններ, 102 առևտրային գյուղատնտեսական կազմակերպություններ։ 2005-2011 թթ.-ին գյուղատնտեսության ոլորտին միջին հաշվով բաժին է ընկել երկրի ՀՆԱ-ի ավելի քան 16 և զբաղվածների 45 %-ը։ Ներկայումս գործող 340 հազար գյուղացիական տնտեսություններ և առևտրային կազմակերպություններ տնօրինում են վարելահողերի և բազմամյա տնկարկների 78,3 %-ը, խոտհարքների՝ 48,4 %-ը և թողարկում են գյուղատնտեսական համախառն արտադրանքի ավելի քան 98 %-ը։ ՀՀ-ում հողի սեփականաշնորհումից հետո գյուղատնտեսական արտադրության միջոցներով և նյութ, պաշարներով ապահովող ոլորտ, որպես այդպիսին, գոյություն չունի, այն փոխարինվել է սովորական առևտրային համակարգով։ Գյուղատնտեսական հումքի վերամշակման ոլորտը սկսեց վերականգնվել միայն 1998 թ.- ից մասնավոր հատվածում լրացուցիչ ներդրումների և միջագգային կազմակերպությունների աջակցության շնորհիվ։ Պտուղ-բանջարեղեն վերամշակող Արարատի, Արտաշատի, Արմավիրի պահածոների և գինու գործարաններին շվեյցարական «Անդե Գրուպ» ընկերությունը 1999 թ.- ին տրամադրել է տարբեր սարքավորումներ։ Լինսի հիմնադրամը և ԱՄՆ-ի գյուղդեպարտամենտի մարկետինգի աջակցության ծրագիրը զգալիորեն նպաստել են ոլորտի զարգացմանը։ Ագրովերամշակող ճյուղում ներդրումներ են կատարել նաև ֆրանսիական «Պեռնո Ռիկար» (30 միլիոն դոլար՝ կոնյակագործության մեջ), «Կաստել» (18 միլիոն դոլար՝ գարեջրի և հանքային ջրերի արտադրության մեջ) ընկերությունները։ 10 միլիոն դոլար ներդրումներ են կատարվել հայ-հունական «Մասիս Տոբակ», հայ-կանադական «Գրանդ Տոբակո», հայ-ռուսական «Գրանդ Քենդի» և «Կոկա Կոլա» ընկերություններում։ Խոշոր նեդրումների հաշվին նոր տեխնոլոգիաներով են հագեցվել «Եվրոթերմ» ՓԲԸ-ն, «Թամարա ֆրութ» ՍՊԸ-ն, Երևանի գինու, օղու, կոնյակի կոմբինատը, «Գրեյթ Վելի», «Վեդի Ալկո», «Արտաշատ Վինկոն», «Ջերմուկ Գրուպ», «Բջնի», Երևանի «Զովք» և այլ ընկերությունների ձեռնարկությունները։ ՀՀ-ում գործում են (2011) 30 պահածոների, 40 գինեգործական, մոտ 250 կաթի, 70 մսամթերքի և 4 ծխախոտի վերամշակման ընկերություններ։ Մինչև անկախության հռչակումը ԱԱՀ-ն Հայաստանի տնտեսության կարևոր օղակներից էր, զգալի դեր ուներ գյուղատնտեսական արտադրանքի թողարկման, պահպանման, վերամշակման, փաթեթավորման, ԽՍՀՄ տարբեր շրջաններ շուկայահանման և այլ գործառույթներում։ 1986 թ.-ի վերջին ՀԽՍՀ ԱԱՀ-ն ընդգրկել է 39 շրջանային ագրոարդմիավորումներ, 277 կոլեկտիվ և 523 խորհրդայինտնտեսություններ, 67 միջտնտեսական գյուղատնտեսական ձեռնարկություններ (բացի շինարարականից), 135 սննդի, մսի և կաթի արդյունաբերության, 1-ական գյուղատնտեսական հումքի նախնական վերամշակման, թեթև արդյունաբերության, տրակտորների և գյուղմեքենաների նորոգման, 136 գյուղշինական (ներառյալ նաև միջտնտեսությունները) ձեռնարկություններ ու կազմակերպություններ։ ԱԱՀ-ին բաժին է ընկել համախառն արդյունքի 21 %-ը, նյութական, արդյունաբերության մեջ զբաղվածների՝ 27, հիմնական ֆոնդերի՝ 26 %-ը։ ՀՀ-ի ներկայիս տնտեսության մեջ նույնպես ԱԱՀ-ն կարևոր հատված է. 2011 թ.-ին համակարգում ստեղծվել է հանրապետության ՀՆԱ-ի մոտ 22 %-ը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։